Մատչելի հղումներ

Արդյոք Օբաման և Քլինթոնը միասնական հանդես կգան նոյեմբերի ընտրություններին


Վերջին շրջանում անցկացված հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ հետզհետե ավելի մեծ թվով դեմոկրատներ ցանկանում են, որպեսզի Բարաք Օբաման, նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածությունն ստանձելու դեպքում, որպես փոխնագախագահի թեկնածու ընտրի Հիլարի Քլինթոնին: Սակայն շատ քաղաքագետներ ասում են, որ նման զարգացումը հավանակ չէ:

Արդյոք Բարաք Օբաման իսկապես կընտրի Հիլարի Քլինթոնին որպես փոխնախագահ: Քաղաքագետներն ասում են` որքան էլ դա անհավանական թվա, դեպքերի նման զարգացում հնարավոր է:

Վաշինգտոնի Ըմերիքան Էնթերփրայզ Ինսթիթյութից Նորման Օրնսթայնն ասում է. “Հնարավոր է, որ այս և գալիք ամսվա զարգացումները հանգեցնեն նրան, որ ստիպված լինես գործել այնպես, ինչպես չէիր ցանկանա, ինչը հավանաբար կբխի սենատոր Քլինթոնի շահերից, քանի որ իրատեսորեն կարելի է ասել, որ նա չի լինելու նախագահի դեմոկրատական թեկնածուն:”

Աջակիցներն ասում են, որ ներկայիս երկու թեկնածուների միասնական հանդես գալը նախագահական ընտրություններում ամենաճիշտ լուծումը կլինի Դեմոկրատական կուսակցությունը միավորելու և սենատորներ Օբամայի և Քլինթոնի նախագահական թեկնածության նախնական ընտրարշավի արդյունքում առաջացած պառակտումները շտկելու համար:

Հիլարի Քլինթոնի հետ թիմակցելը սենատոր Օբամային նաև կօգնի ընդհանուր ընտրությունների ժամանակ ստանալ որոշ կարևոր խմբերի քվեները, որոնք նախնական ընտրություններում չեն աջակցնել նրան:

Քաղաքական վերլուծաբան Մայքլ Բարոունն ասում է, որ ընտրարշավի ժամանակ խորը տարաձայնություններ են բացահայտվել Դեմոկրատական կուսակցության ներսում: “Կարծես քաղաքացիական պատերազմ լիներ, որը շարունակվեց ընդհուպ մինչը Փենսիլվանիա նահանգի ընտրությունները` տարեցները երիտասարդների դեմ, ցածր խավի բարձր խավի դեմ:”

Օբամային մեծապես աջակցում են երիտասարդները, լավ կրթվածները և աֆրո-ամերիկացիները: Իսկ Հիլարի Քլինթոնը նրան կօգնի ձեռք բերել կանանց, տարեց ամերիկացիների և հատկապես սպիտակամորթ աշխատավորների աջակցությունը:

Այդուամենայնիվ, քաղաքական վերլուծաբանները նշում են, որ դեռևս հստակ չէ` արդյոք Հիլարի Քլինթոնը կարող է ապահովել այդ խբմերի աջակցությունը դեմոկրատական թեկնածուի օգտին: ԱՄՆ-ի Կոնգրեսի գործունեությունը լուսաբանող Ռոլ Քոլ թերթի գործադիր խմբագիր Մորթոն Քոնդրեյքն ասում է. “Օբամային անհարաժեշտ է որոշ խմբերի աջակցությունը, ինչպես օրինակ` այսպես կոչված ռեյգանական դեմոկրատների, որոնք գուցե պատրաստ են վերադառնալ դեմոկրատական կուսակցություն, սակայն չեն ցանկանում քվեարկել նրա օգտին: Սակայն այժմ հարց է ծագում` արդյոք սենատոր Քլինթոնի որպես փոխնախագահ առաջադրումը կարող է օգնել նրան այդ հարցում: Գուցե նա պետք է գտնի այլ թեկնածու, որը կօգնի նրան այդ հարցում, ինպես օրինակ` նախկին ԱՄՆ սենատոր Սեմ Նանը կամ Փենսիլվանիայի նահանգապետ Էդ Ռենդելը, ովքեր հարում են Քլինթոնի հայացքներին, բայց Քլինթոնը չեն:”

Օբամայի գլխավորությամբ Օբամա-Քլինթոն միասնական թիմի գաղափարն աջակցողներին հակադրվում են այլ քաղաքական փորձագետներ: Վերլուծաբան Նորման Օրնսթայնն ասում է, որ Բարաք Օբաման ցանկանում է սեփական անձը ներկայացնել որպես փոփոխության գրավական, հստակ տարանջատել իր քաղաքական մոտեցումները անցյալի` ներառյալ 90-ների քլինթոնյան տարիների քաղաքականությունից: Այդ իսկ պատճառով, Օրնսթայն թերահավատորեն է վերաբերվում այն հանգամանքին, որ Օբաման Հիլարի Քլինթոնին կընտրի որպես փոխնախագահ:

“Դրա հավանականությունը շատ փոքր է: Իհարկե սենատոր Օբաման չի ցանկանա դա անել: Ենթադրում եմ` նա չի կիսում որոշ դեմոկրատների` այդ թվում նաև սենատոր Քլինթոնի աջակիցների այն կարծիքը, որ նման ընտրությունը դրական արդյունքներ կունենա: Նա կնախընտրի պետական անվտանգության բնագավառում առավելություններ ունեցող թեկնածուի:”

Նաև պետք է հաշվի առնել Հիլարի Քլինթոնի սատարող և նրան հակադրվող ձայների բևեռացման հանգամանքը: Հանրային կարծիքի հարցումներից արդեն վաղուց պարզ է դարձել, որ նրան սատարողների թվին համապատասխան կան նույն թվով մարդիկ, ովքեր հակադրվում են նրա թեկնածությանը: Բրուքինգս հաստատությունից քաղաքագետ Ստիվեն Հեսը ասում է. “Սենատոր Քլինթոնի խնդիրն այն է, որ կան շատ մարդիկ, ովքեր նրան այդքան էլ չեն համակրում: Եվ դրանք այն մարդիկ են, որոնք տեսնելով Հիլարի Քլինթոնի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնի համար Օբամայի դեմ չեն քվեարկի, սակայն նույն ջանասիրությամբ չեն պայքարի նրան ընտրելու համար: Գուցե նրանցից ոմանք նույնիսկ չմասնակցեն ընտրություններին:”

Հիլարի Քլինթոնի փոխնախագահի պաշտոնում առաջադրումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել առ այն, թե ինչպիսի դեր նա կխաղա Օբամայի վարչակարգում: Նաև հարց է ծագում նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նրա սնատձնած դերի մասին: Փոլիթիքս ամսագրի գլխավոր խմբագիր Ուիլիամ Բիմանն ասում է. “Տարօրինակ կլինի Հիլարի Քլինթոնին տեսնել այդ պաշտոնում` հաշվի առնելով նրա իշխող անհատականությունը: Նա կփորձի շատ ավելին դարձնել այդ պաշտոնը, քան այն նախկինում սովորաբար եղել է: Միևնույն ժամանակ առաջ է գալիս նախկին նախագահ Բիլ Քլինթոնի խնդիրը, որը խորհրդատուի դեր կստանձնի և իր ձայնը լսելի կդարձնի ստվերային փոխնախագահի կարգավիճակում:”

Փորձագետների մեծ մասը վկայում է, որ փոխնագահները պատմականորեն մեծ ազդեցություն չեն ունեցել նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Սակայն եղել են դեպքեր, երբ քաղաքական հակառակորդների թիմակցումը դրական արդյունքներ է տվել, ինչպես օրինակ` հանրապետական Ռոնալդ Ռեյգանի և Զորջ Բուշի թիմակցումը և 1960թ. դեմոկրատ Զոն Քենեդու հաղթանակը հանրապետական Ռիչարդ Նիքսոնի նկատմամբ:

Սթիվեն Հեսն ասում է. “Լինդոն Զոնսոն-Զոն Քենեդի թիմակցումը կարծես միակ դեպքն է ամերիկյան պատմության մեջ, երբ փոխնագախագի ընրտրությունն օգնեց հաղթանակ երաշխավորել նախագահական ընտրություններում: Զոն Քենեդին առաջին կաթոլիկ նախագահն էր և երիտասարդ: Եվ հարավից թիմակից ընտրելով` նրան հաջողվեց էական հաղթանակներ արձանագրել հարավային նահանգներում և փոքր առավելությամբ հաղթել Ռիչարդ Նիքսոնին:”

Եթե Բարաք Օբաման ընտրվի որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածում, ակնկալվում է, որ փոխնախագահի թեկնածու նա կընտրի մինչև օգոստոս ամսվա վերջը, երբ տեղի կունենա կուսակցության համաժողովը:
XS
SM
MD
LG