Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ սերտորեն համագործակցում է Չինաստանի իշխանությունների հետ կանխելու կաթով տարածվող վարակը, որն ըստ երևույթին արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից:
ԱՀԿ-ի Չինաստանի գծով պատասխանատու տնօրեն Շիգերու Օմին լրագրողներին հայտնել է, որ Չինաստանը ճիշտ ուղու վրա է` հետ կանչելով վարակի վտանգը կրող ապրանքատեսակները և խստացնելով սննդամթերքի անվտանգության վերահսկման մեխանիզմները:
Սակայն միևնույն ժամանակ նա նշել է, որ Չինաստանի կառավարությունը պետք է բարելավի լաբորատոր ուսումնասիրությունների վայրերը և հարմարությունները, ինչպես նաև հաշվետվությունների մեխանիզմները, քանի որ վարակի տարածման նախաշեմին պետական գործակալությունները չէին կարողացել պատշաճ կերպով հաղորդակցվել իրար հետ:
Ըստ տեղեկությունների` քիմիական մելամինով աղտոտված կաթի պատճառով Չինաստանում մահացել են չորս նորածին և 62-ը հիվանդացել են:
Մալազիան և Սինգապուրն արգելել են Չինաստանից կաթի ներկրումը: Բիրմայի իշխանությունները հանձն են առել ոչնչացնել երկրում առկա չինական կաթնամթերքը:
Հոնկոնգի առողջապահության պաշտոնյաները շաբաթ օրը հաստատել են, որ երեք տարեկան մի աղջկա մոտ երիկամի քար է առաջացել շուրջ տասնհինգ շաբաթ Չինական Յիլի ապրանքանիշի աղտոտված կաթնամթերք օգտագործելուց հետո:
Ասոշիեյթիդ Փրես գործակալության տվյալներով` Հոնկոնգի առողջապահության պաշտոնյաները փոքր քանակով մելամին են հայտնաբերել Չինաստանում պատրաստված Նեստլե ապրանքանիշի կաթի մեջ:
Քիմիական նյութի առկայությունը սկզբում միայն երեխայի կերում էր հայտնաբերվել, սակայն այժմ այն հայտնաբերվել է շուրջ 22 խանութներում վաճառվող տարբեր կաթնամթերի մեջ: Այդ քիմիական նյութի շնորհիվ կաթնամթերքը պրոտեիններով առավել հարուստ է թվում: Նույն նյութը նաև հայտնաբերվել է ընտանի կենդանիների կերերի մեջ, որոնց պատճառով անցյալ տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բազմաթիվ կենդանիներ էին հիվանդացել:
Աղտոտված կաթի առնչությամբ տասնութ մարդ է ձերբակալվել: Նրանցից վեցը մեղադրվում են քիմիական նյութը վաճառելու, իսկ 12-ը` կաթը աղտոտելու մեջ: