Գործազրկության նպաստի համար գրանցվող հարկադիր գործազուրկների թիվն անցած շաբաթ սպասվածից քիչ էր: Ըստ Աշխատանքային տեսչության զեկույցի` նախորդ շաբաթ գործազրկության դիմաց փոխհատուցում ստանալու համար 466 հազար գործազուրկների թիվն ամենացածրն է եղել ավելի քան մեկ տարվա ընթացքում: Միաժամանակ երկու ամիս է` անձնական եկամուտների փոքր աճ է գրանցվել, և հոկտեմբերին սպառողական ծախսերը մեծացել են: Սա Ամերիկայի տնտեսության առողջացման նշան կարող է լինել:
Գործազրկության 12.5 տոկոս մակադակ ունեցող Կալիֆորնիայում ստեղծվել են քսանվեց հազար նոր աշխատատեղեր:
«Աշխատանքային գործակալությունների ստեղծած ժամանակավոր աշխատատեղերը կրճատում են գործազրկությունը: Սա տնտեսության վերականգնման նշան է»,- կարծում է զբաղվածության խթանման կենտրոնի աշխատակիցը:
Սակայն Լոս Անջելոսում Երախտագիտության տոնին անվճար սնունդ ստացողների երկար հերթն այլ բան է վկայում: Այստեղ գիշերողների համոզմամբ` վաղ է խոսել դժվար ժամանակների վերջի մասին:
Մտավախություններ կան, որ գործազրկության դիմումների կրճատումը և սպառողական ծախսերի աճը կարող է ժամանակավոր լինել: Ըստ տնտեսագետ Գաս Ֆոշեյի` ամերիկյան աշխատաշուկան դեռ խոցելի է:
«Մարդկանց համար դժվարին կացություն է, և կես տարի ևս շոշափելի բարելավումներ չեն ակնկալվում»,- համոզված է նա:
2010թ. տնտեսագետներն ակնկալում են գործազրկության 10.5% մակարդակ և տնտեսության դանդաղ վերականգնում: Մտավախություն կա, որ անորոշության պատճառով տոնական գնումների սպառողական ծախսերը կկրճատվեն: Ամեն դեպքում կանխատեսվում է, որ դրանք մի փոքր ավել կլինեն նախորդ տարվա համեմատ:
«Լավ նորությունն այն է, որ անկումն ավարտվել է, և տնտեսությունն ընդլայնվում է: Բոլոր ցուցանիշները դա են վկայում»,-ասում է Գաս Ֆոշեյը:
Լավատեսությունն ամրապնդում է նախորդ ամսում բնակարանային գնումների վեց տոկոս աճը: Ըստ տնտեսագետների` տասնամյակների ամենածանր ֆինանսական ճգնաժամի պատճառը ամերիկյան անշարժ գույքի շուկայի անկումն էր: