Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ


Երեքշաբթի օրը Ուոլ Սթրիթ Ջըրնըլ թերթում հրապարակված` “Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ” վերնագրված հոդվածում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գրել է, որ ժողովրդավարության ձգտող նորանկախ պետությունների բազմաթիվ խնդիրներ լուծում չեն գտել Խորհրդային Միության փլուզումից հետո` մասնավորապես նշելով Հայաստանի օրինակը: “Անկախությունից հետո Հայաստանի խաղաղ զարգացման ներուժը մինչև վերջ չի իրացվել:”

Հիշատակելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Թուրքիան ի նշան Ադրբեջանի աջակցության փակել է Հայաստանի հետ սահմանը` նախագահ Սարգսյանը գրել է, որ “ցավալի արդյունքը եղավ այն, որ շուրջ տասնհինգ տարի է` Հայաստանի և Թուրքիայի միջև աշխարհագրական և քաղաքական առումներով կարևորագույն սահմանը խոչընդոտում է դիվանագիտական և տնտեսական համագործակցությունը:

Նշելով շրջափակված սահմանի բացասական հետևանքները Հայաստանի և տարածաշրջանի բոլոր պետությունների համար` նախագահ Սարգսյանը մատնանշել է, որ այնպիսի ռազմավարական կարևորության ծրագրեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը, շրջանցում են Հայաստանը: “Տարածաշրջանի բոլոր երկրները, ինչպես նաև Եվրպական պետությունների լայն համայնքը բարձր գին են վճարում առևտրի, առաջընթացի և միջազգային համագործակցության այս անբնական արգելքի համար:”

“Եկել է նոր ջանքեր գործադրելու ժամանակը` դուրս գալու համար մի փակուղուց, որը որևէ մեկին չի օգնում, սակայն վնասում է շատերին: Որպես Հայաստանի նախագահ` ես օգտվում եմ նոր սկիզբ` Թուրքիայի կառավարության և ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ առաջարկելու հնարավորությունից` հարաբերությունները բարելավելու և մեր ընդհանուր սահմանը բացելու նպատակով:”

Նախագահ Սարգսյանը նաև նշել է, որ Աբդուլա Գյուլը իրեն Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորած առաջին նախագահներից մեկն էր: Իր հոդվածում նա նաև հիշատակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն առ այն, որ այս նոր փուլում դեռները բաց են երկխոսության համար:

“Թուրքիայի և Հայաստանի միջև նորմալ հարաբերությունների հաստատումն իրական այլընտրանք չունի: Հուսով եմ, որ մեր երկու երկրների կառավարությունները կկարողանան անցնել այս նոր բաց դռան շեմից: Նորմալ քաղաքական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի հանձնաժողով ստեղծել, որը համակողմանիորեն կուսումնասիրի Հայաստանին և Թուրքիային վերաբերող բոլոր հարցերը: Միայն կարգավորված հարաբերություններով մենք կարող ենք արդյունավետ եկրխոսություն վարել` անդրադառնալով նույնիսկ ամենավիճահարույց պատմական խնդիրներին,” մանրամասնել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է բազմաթիվ հայերի և թուրքերի` փակ սահմանները հաղթահարելու անձնական փորձին, ովքեր օգտվելով զբոսաշրջության համար նախատեսված թռիչքների միջոցով կամ Վրաստանի տարածքով երկար ճանապարհ ընտրելով որոշ առումով հնարավոր են դարձնում երկու երկրների միջև առևտուրը: “Եվ ինչպես Չինաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդներն էին կիսում սեղանի թենիսի հանդեպ իրենց խանդավառությունը, մինչև կառավարությունները լիովին կկարգավորեին երկու երկրների հարաբերությունները, այդպես էլ ֆուտբոլի հանդեպ սերը միավորում է Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդներին:”

Հայաստանում սեպտեմբերի վեցին կայանալիք Հայաստանի և Թուրքիայի հակաքականների միջև խաղը դիտելու կապակցությամբ Նախագահ Գյուլին Հայաստան հրավիրելով` նախագահ Սարգսյանը գրել է. “Այսպիսով մենք կազդարարենք մեր հարաբերությունների նոր և խորհրդանշական սկիզբ: Ինչպիսին էլ լինեն մեր տարբերությունները, կան էական մշակութային, մարդասիրական և սպորտի բնագավառում կապեր, որոնք մեր ժողովուրդները կիսում են` նույնիսկ փակ սահմանների պայմաններում: Այդ իսկ պատճառով ես անկեղծորեն հավատում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի շարքային քաղաքացիները կողջունեն այս քայլը և այն օրը, երբ կբացվեն սահմանները:”

Նախագահ Սարգսյանը նաև մատնանշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ճանապարհին երկու կողմից էլ հնարավոր են քաղաքական խոչընդոտներ: “Այնուամենայնիվ մենք պետք է քաջություն և հեռատեսություն ունենաք և այժմ սկսենք քայլեր ձեռնարկել,” գրում է նա: “Հայաստանը և Թուրքիան կարիքը չունեն և չպետք է մշտական հակառակորդներ լինեն: Հայաստանի և Թուքիայի համար առավել բարգավաճ, երկկողմանի շահավետ ապագան, ինչպես նաև Եվրոպայի, կասպյան տարածաշրջանի և ողջ աշխարհի համար պատմական արևելք-արևմուտք միջանցքի բացումը նպատակներ են, որ մենք կարող ենք և պետք է իրագործենք:”

XS
SM
MD
LG