Ընկերությունը, որն աշխարհին է ներկայացրել Միքեյ Մաուսին, Մոխրոտիկին և Ճերմակաձյունիկին, հերոսների իր շարքը կհարստացնի հազարավոր նոր կերպարներով:
4 միլիարդ արժողությամբ գործարքով Մարվել Էնթըրթեյնմընթի հայտնի հերոսներ Երկաթյա մարդը, ցանց նետող Սարդ մարդը շուտով կդառնան Դիսնեյի աշխարհի մի մասը:
“Մենք նախատեսում ենք Դիսնեյի համաշխարհային ցանցի և մարքեթինգի միջոցով ընդլայնել Մարվել ապրանքանիշը ներկայացնող ավելի քան հինգ հազար կերպարների ճանաչումը: Ապագան աշխույժ կլինի երկու ընկերությունների համար էլ: Այդպես մենք էապես կհզորացնենք երկու ընկերություններն էլ”,- համոզված է Դիսնեյի գործադիր տնօրեն Ռոբերտ Իգերը:
Մարվելի ամենահայտնի կերպարների հեղինակ ութսունվեցամյա Սթեն Լին ոգևորված է, քանի որ այս անակնկալ գործարքը հումորային մանրապատումների համար նոր հնարավորություններ է ստեղծում:
“Մենք սկսեցինք գրքի համեստ կերպարներից, ապա անցանք մուլտֆիլմերի, խաղալիքների և խաղերի, փոքրիկ գլխարկների ու պայուսակների` այդպես շարունակ մինչև ֆիլմեր: Մենք շատ հաջողակ ենք”,-պատմում է նա:
Գործարքը դեռ ենթակա է հակամենաշնոհային վերլուծության, և պետք է հաստատվի Մարվելի բաժնետերերի կողմից:
Հստակ չէ Մարվելի երկարամետրաժ ֆիլմերի հետ կապված գործարքների և Դիսնեյի մրցակից` Յունիվերսալ Սթուդիոյի ու Ֆլորդիայում դրա Գերհերոսների կղզի այգու հետ համաձայնությունների ապագան:
Ռիք Ֆոգըլսոնգը, ով շատ է գրել Դիսնեյի կայսրության մասին, ասում է, որ մեծ աղմուկ կլինի, եթե Դիսնեյը Յունիվերսալի ձեռքից վերցնի Մարվելին:
Արդյունաբերության փորձագետների կարծիքով` այս գործարքով Դիսնեյը կամրապնդի իր դիրքերը հումորային մանրապատումների ընթերցողների, հատկապես` տղամարդկանց շրջանում:
Դիսնեյն ընդունում է, որ կենտրոնանալով կանանց սիրելի կերպարների վրա, ասենք` Հաննա Մոնթանայի, իրենք կորցրել են լսարանի այդ հատվածը:
Դիսնեյը հուսով է, որ գործարքը նոր ուժ կհաղորդի իր հայտնի կերպարներին:
Սա 2006թ. ավելի քան 7 միլիարդ դոլարով Փիքսարի Անիմեյշընի գնումից հետո Դիսնեյի ամենամեծ ձեռք բերումն է: