Մատչելի հղումներ

Տեսանյութերը պահում են հիշողությունները և անբուժելի հիվանդների հաղորդագրությունները


Ամբողջ աշխարհում հոսպիս կենտրոններն անբուժելի հիվանդներին օգնում են պայքարել ֆիզիկական և հոգեկան ցավի դեմ: Որոշ հիվանդներ հեռանալով ընտանիքներից և հարազատներից վախենում են, որ հատվածներ են կորցնում ընտանեկան պատմությունից: Ֆլորիդայի հոսպիսներից մեկում ընտանեկան պատմությունները կենդանի պահելու համար դրանք տեսագրում են:

Դաուն Վուդուորդը տեսագրում է հիվանդների հիշողությունները` մեղմելու անբուժելի հիվանդների և նրանց ընտանիքների ցավը:

Ֆլորիդայի Սփրինգ Հիլում հոսպիսի տնօրեն Դաուն Վուդուորդը մի շարք կամավորների հետ տեսագրում է Աննա Մարի Դորկասի պես հիվանդների պատմությունները:

"Կարծում էի, որ խելացի եմ: Կանգնել էի նավակի վերևում և հայտնվեցի ջրում: Ինձ թվում է` այդ պահին կողքովս շնաձուկ անցավ",-պատմում է Աննա Մարի Դորկասը:

Դորկասը սրտի բնածին արատ ունի և հատուկ խնամք է ստանում տանը: Մահվանից առաջ իր հիշողություններն է տեսագրում:

"Ես սիրում եմ իմ բոլոր թոռներին, նրանք շատ են և լավը: Ունեմ նաև 14 ծոռ, և հնարավոր է` շատանան":

Դորկասի դուստր Մարլին Վասքեզը ցանկանում է, որ հաջորդ սերունդները հիշեն իր մորը:

"Այս բոլոր պատմությունները կկորչեն, եթե դրանք չտեսագրեն, իսկ մայրս այդ ամենը հիշում է բոլոր մանրամասնություններով",-ասում է Մարլինը:


Տեսագրելու գաղափարը Դաուն Վուդուորդինն էր:

Նրա թիմն այս մասնավոր հաստատությունում խնամում է կյանքի վերջին օրերն ապրող հիվանդներին: Շատ դեպքերում հիվանդները հոսպիսի աշխատակիցներին պատմում են իրենց սիրավեպերը:

"Այս պատմությունները նրանց ընտանիքները երբեք չեն լսել: Եվ մեր տեսագրումների շնորհիվ նրանք առաջին անգամ կլսեն դրանք: Այդպես արդարացի չէր",-ասում է Վուդուորդը:

"Շատ հաճելի է, երբ ընտանքիները հնարավորություն են ունենում լսել իրենց սիրելիների պատմությունները, իսկ սիրելիներն ուրախ են, որ իրենց պատմությունները չեն կորչի",- ասում է հոսպիսում կամավորներից մեկը,- այս տեսանյութերն ընտանեկան պատմություններին ավելի խորը իմաստ են տալիս:

Ժառանգության տեսանյութերը եզակի հնարավորություն են ընտանիքների համար: Վուդուորդի խոսքերով` իր զարմիկը կուզենար նման հնարավորություն լիներ` 36-ամյա մոր մահից առաջ:

"Նա մի առիթով ինձ ասաց, որ ամենից շատ կարոտում է մոր ձայնը և փորձում է հիշել, թե ինչպես էր այն հնչում",-պատմում է Վուդուորդը:

Շատ ընտանիքների համար պատմությունը ներկայանում է նկարներով և հիշողության իրերով: Վուդուորդի կարծիքով` ժառանգության տեսանյութերը շատ մեծ արժեք են ներկայացնում:

XS
SM
MD
LG