Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի ընտրողներն իրենց ձայնն են տալիս` որոշելու, թե արդյոք ով է ստանձնելու նախագահ Ջորջ Բուշի դերը. Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մքքեյնը, թե Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման:
Ընտրություններն արդեն մեկնարկել են ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներում և մայրաքաղաք Վաշինգտոնում: Ամբողջ երկրի տարածքով մեծ հերթեր են գոյացել: Պաշտոնյաներն ընտրողների աննախադեպ մասնակցություն են ակնկալում: Բազմաթիվ մարդիկ մեծ եռանդով մասնակցում են պատմական նշանակություն ունեցող այս ընտրություններին:
Եթե սենատոր Օբաման հաղթի, նա կդառնա ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահը: Սենատոր Մքքեյնի և նահանգապետ Սարա Փեյլինի ընտրության դեպքում, առաջին անգամ կարձանագրվի պաշտոնավարության առաջին ժամկետում ամենատարեց նախագահի և առաջին կին փոխնախագահի ընտրությունը:
Նախընտրական փուլում վերջին հարցախույզների համաձայն` սենատոր Օբաման մոտավորապես ութ տոկոս առավելություն ունի սենատոր Մքքեյնի նկատմամբ, սակայն սենատոր Մքքեյնը համոզված է, որ ներկա միտումները թույլ են տալիս ակնկալել, որ Հանրապետականները կհաղթեն ընտրության արդյունքների որոշման համար մեծ նշանակություն ունեցող նահանգներում:Նա քարոզարշավ է անց կացնում Կոլորադո և Նյու Մեքսիկո նահանգներում` հուսալով, որ իր վերջին ճիգերի շնորհիվ կարող է հաղթել իր հակառակորդին:
Մինչդեռ սենատոր Օբաման, քվեարկելով իր բնակավայր Իլինոյս նահանգում, իր քարոզարշավը շարունակել է պատմականորեն Հանրապետական կուսակցության օգտին քվեարկող Ինդիանա նահանգում:
Տնտեսությունը դարձել է այս պատմական ընտրարշավի վերջին տարիների հիմնական խնդիրը: Մքքեյնը հանձն է առել կրճատել ավելորդ ծախսերը և պայքարել Վաշինգտոնում առկա կոռուպցիայի դեմ, իսկ Օբաման հանձն է առել կրճատել միջին խավի համար նախատեսված հարկային վճարումները:Երկու թեկնածուներն էլ խոսք են տվել բարեփոխել Վաշինգտոնը` շեշտելով, որ չեն կիսում ներկա նախագահ Ջորջ Բուշի քաղաքականության միտումները:
Բացի նախագահական ընտրություններից` ամերիկացիներն այսօր ընտրում են Ներկայացուցիչների պալատի 435 անդամների, ովքեր կծառայեն երկու տարի, ինչպես նաև 100 սենատորների մեկ երրորդին (35), ովքեր կծառայեն 6 տարի ժամկետով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նահանգ ունի որոշակի թվով ընտրական ձայներ, որոնց թիվը կախված է այդ նահանգի բնակչության թվից: Հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ 538 հնարավոր ընտրական ձայներից 270-ը: