Մատչելի հղումներ

Ասիական և եվրոպական շուկաների աճից հետո ԱՄՆ-ի արժեթղթերի արժեքը նույնպես բարձրացել է


Չնայած գնորդների վստահության անկմանը` ԱՄՆ-ի բորսայի ցուցանիշներում մեծ աճ է արձանագրվել: Որոշ ներդրողներ կարծում են, որ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը կնվազեցնի տոկոսադրույքները, ինչը նույնպես կնպաստի արժեթղթերի գների աճին: Ասիայի և Եվրոպայի բորսաներում նույնպես աճ է արձանագրվել:

Համաշխարհային շուկաներում երկուշաբթի օրն արձանագրված անկումից հետո ներդրողները մեծ գնումներ են կատարել` բարձրացնելով արժեթղթերի արժեքը: Դոու Ջոնսի արժեթղթերի արժեքը մոտ 11 տոկոսով բարձրացել է:

Առավել վաղ եվրոպական բորսաների մեծ մասում նույնպես աճ է արձանագրվել: Լոնդոնի Ֆայնենշլ թայմս 100-ի ցուցանիշը աճել է 1.25 տոկոսով, իսկ Ֆրանկֆուրտի DAX-ը` 7-ից ավելի տոկոսով:

Ֆրանկֆուրտի Քլոուզ Բրադերս Սեյդլեր Էյ-Ջի-ի արժեթղթերի վաճառքի գծով տնօրեն Օլիվեր Ռոթն կարծիքով, բորսաների աճը հետևել է Ասիայում արձանագրված աճին.

"Ճապոնիայում և Ասիայում արձանագրված բարձր ցուցանիշների շնորհիվ ակնկալիքները փոքր-ինչ ավելի լավատեսական են”:

Երեքշաբթի օրը Տոկիոյի Նիկկեյ ցուցանիշն աճել է գրեթե 6.5 տոկոսով, մինչդեռ երկուշաբթի օրը արձանագրվել է վերջին 16 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշը: Արժեթղթերի աճը պայմանավորված է Ճապոնիայի կառավարության այն հայտարարությամբ, որ խստացնում է սպեկուլատիվ նպատակներով արժեթղթերի առևտրի վերահսկումը:

Ճապոնիայի ֆինանսների նախարար Շոիչի Նակագավան հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել. "Մենք այսօրվանից սկսած անհապաղ հետաքննություն են սկսելու կարճաժամկետ նպատակներով արժեթղթերի առևտրի բնագավառում”:

Կարճաժամկետ առևտուրը ենթադրում է, որ ներդրողները փոխառված արժեթղթեր են վաճառում` հետագայում դրանք առավել ցածր գնով հետ գնելու ակնկալիքով:

Հոնկոնգի Հենգ Սենգ ցուցանիշը երկուշաբթի օրվա 12 տոկոս անկումից հետո 14 տոկոս աճ է արձանագրել երեքշաբթի օրը:

Նյու Յորքում Մոգավերո, Լի և ընկերներ միջնորդական գործակալության նախագահ Դորին Մոգավերոյի կարծիքով, ներդրողները դեռևս սպասում են, որպեսզի ճիշտ գնահատեն բորսա վերադառնալու անվտանգ պահը. "Բոլորը մեծ շահույթ են ակնկալում, սակայն չեմ կարծում, որ մոտակա ժամանակահատվածում կարելի է մեծ շահույթ ստանալ: Կանխատեսումները բավականին բացասական են: Բոլորն ակնկալում են, որ Ծննդյան տոների առթիվը առևտուրը բավականին ցածր է լինելու, ինչը հույս չի ներշնչում”:

Հնարավոր է` որոշ ներդրողներ արժեթղթեր են գնում` ակնկալելով, որ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը կնվազեցնի տոկոսադրույքները, ինչը կնպաստի բաժնեմասերի գնի աճին: Երեքշաբթի օրը Կենտրոնական բանկի ավագ պաշտոնյաները երկօրյա հանդիպում են կազմակերպել: Տնտեսության վերականգնման նպատակով տոկոդրույքների նվազեցման մասին հայտարարությունն ակնկալվում է չորեքշաբթի օրը:

XS
SM
MD
LG