Այս տարի ավարտվում է ԱՄՆ տիեզերանավի ծրագիրը և ներկայումս քննարկվում է, թե ինչն է փոխարինելու դրան: Տիեզերանավի ծրագրի ավարտը կհանգեցնի Ֆլորիդայում զանգվածային գործազրկության:
Ֆլորիդայի Թութսվիլ քաղաքում հազարավոր աշխատողներ բողոքում են Քենեդիի անվան Տիեզերքի հետազոտության կենտրոնին կից գործարանի փակվելու դեմ, ինչի հետևանքով կկրճատվի գրեթե ինը հազար աշխատատեղ:
1969թ. լուսնի վրա մարդ իջնելուց հետո Ֆլորիդան դարձավ տիեզերքի բացահայտման ամերիկյան կենտրոնը: Քեյփ Քանավերըլում Քենեդիի անվան Տիեզերքի կենտրոնի շրջակայքը նույնիսկ անվանում են Տիեզերքի ափ:
Ըստ ԱՄՆ կառավարության` 2008թ. ՆԱՍԱ-ն Ֆլորիդայի տնտեսությանը աջակցել է գրեթե 4 միլիարդ դոլարով և քառասուն հազարից ավել աշխատատեղով:
Թութսվիլում “Դիքսի Քրոսռոուդս” ռեստորանի հաճախորդները տիեզերակայանի աշխատողներն են: Ռեստորանի սեփականատերը ևս անհանգստացած է ծրագրի ավարտով:
“Մարդիկ սովորաբար դրսում չեն ճաշում, եթե չունեն բավական գումար: Քեյփում սպասվող կրճատումները մեզ համար լուրջ խնդիր է”,- անհանգստացած է ռեստորանի համասեփականատերը:
Ըստ կանխատեսումների` մեկ տարվա ընթացքում Ֆլորիդայում կփակվի տիեզերակայանի հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող 23 հազար աշխատատեղ:
“Տիեզերքի ծրագրով ստեղծված ամեն մի աշխատատեղի հետ այլ աշխատանքներ են կապված: Եթե կորցնում եմ աշխատանքս, չեմ գնում մեքենա, չեմ դիմում բժշկի: Տնտեսության մեջ սա շղթայական ռեակցիայով բերելու է աշխատատեղերի կրճատման”,-բացատրում է Տիեզերքի միացյալ համագործակցության աշխատակից Մարկ Նեփին:
Աշխատակիցները հույս ունեին աշխատել նոր հրթիռի և պարկուճի մշակման ծրագրում, որը 2020թ. տիեզերագնացներին կտեղափոխեր լուսին: Սակայն Օբամայի վարչակազմը ցանկանում է դադարեցնել “Համաստեղություն” ծրագիրը, քանի որ ըստ անկախ փորձագետների վերլուծության` ՆԱՍԱ-ն բավարար միջոցներ չունի այն ավարտին հասցնելու համար:
Սպիտակ տունը նախապատվություն է տալիս մասնավոր կազմակերպություններին, որոնք ուղեծիր կփոխադրեն տիեզերագնացներին:
Օդագնացության և տիեզերքի ոլորտի զարգացման պատասխանատու “Տիեզերք Ֆլորիդա” գործակալությունը ցանկանում է ոլորտում ներգրավել տիեզերքի տեխնոլոգիաները կիրառող նոր ճյուղեր: Գործակալության նախագահի կանխատեսմամբ` աշխատողները հնարավորություն կունենան ծրագրի ավարտից հետո աշխատանք գտնել:
“Այս կարգի որակյալ աշխատողների խիստ կարիք կա այլ ճյուղերում, որոնք ցանկանում ենք կիրառել նոր սերնդի տիեզերքի ծրագրերում, ինչը կօգնի նաև տարբերակել և բազմազանել Ֆլորիդայի տնտեսությունը”,- համոզված է նա:
Ըստ ՆԱՍԱ-յի որոշ աշխատակիցների`իրենց հմտություններն այլ ոլորտներում օգտագործելու մտահղացումն ուշացած է:
Ապրիլին ակնկալվում է նախագահ Օբամայի այցը Ֆլորիդա, որտեղ տեղի է ունենալու կառավարության համաժողովը` կապված տիեզերքի հետ ծրագրերի շուրջ: