ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ուրբաթ օրը արված հայտարարության համաձայն` օգոստոս ամսին Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակումը սխալ է եղել, ինչն այնուամենայնիվ չի արդարացրել Ռուսաստանի լայնամասշտաբ գործողությունները: Հայտարությունն արվել է Նյու Յորք Թայմս օրաթերթում տպագրված նյութից հետո, որը քննադատել է Վրաստանի կառավարության ունեցած դերը ճգնաժամում:
Պետդեպարտամենտի հայտարարությունը մինչ օրս արված ամենահստակ մեկնաբանությունն է եղել այս թեմայի շուրջ. այն է` Վրաստանի ղեկավարությունը սխալ է գործել` օգոստոս ամսին հարձակվելով ինքնահռչակ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի վրա:
Միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ հնարավոր է երբևէ չբացահայտվի այս պատերազմում ընդհանուր մեղավորության կրողը, և որ այժմ պետք է ուշադրությունը բևեռվի այն ջանքերին, որոնք Վրաստանին և հատկապես Ռուսաստանին կստիպեն հարգել զինադադարի պայմանները և տարածաշրջանում կայունության վերականգնմանը:
Այս հայտարարությունն արվել է Նյու Յորք Թայմս օրաթերթում տպագրված նյութից հետո, որտեղ մեջբերվում է անկախ ռազմական դիտորդների խոսքն առ այն, որ օգոստոսի 7-ի վաղ առավոտյան վրացական ուժերը սկսել են առանց խտրականության ռմբակոծել Ցխինվալին` վտանգելով քաղաքացիական բնակչության, ԵԱՀԿ դիտորդների և ռուսական խաղաղապահ ուժերի կյանքը:
Հոդվածում նշված է, որ դիտորդների ցուցմունքները կասկածի տակ են դնում Վրաստանի պնդումներն առ այն, որ հարձակումն ուղղված է եղել կոնկրետ ռազմական թիրախների վրա և կրել է պաշտպանական բնույթ` ի պատասխան Հարավային Օսիայում իրականացվող սադրումների և ռուսական զորքերի կուտակման:
Ցխինվալիի հարձակմանը հաջորդեց Ռուսական զորքերի լայնածավալ ներխուժումը, որը հետ մղեց վրացական զորքին և հսկողության տակ առավ Վրաստանի տարածքի հսկա տարածքներ` շարժվելով Հարավային Օսիայի և Աբխազիայի վիճահարույց տարածքներից դուրս:
Լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ռոբերտ Վուդն ասել է, որ Վրաստանի վրա հարձակումը սխալ է եղել, որը սակայն չի արդարացնում Ռուսաստանի պատասխանը:
Նա նաև նշել է, որ նույնիսկ մինչև ռազմական գործողությունների մեկնարկը ԱՄՆ-ը կոչ է արել Վրաստանին և Ռուսաստանին չսադրել և սադրանքների չենթարկվել: Այժմ, նրա խոսքերով, ԱՄՆ-ը փորձում է ոչ թե մեղավորներ ճանաչել, այլ տարածքում կայունություն վերահաստատել:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ավագ պաշտոնյաներից մեկն ասել է, որ նախագահ Բուշի վարչակարգը միտված չէ հաստատել հակամարտության մեղավոր կողմը` ասելով, որ նման մոտեցումը կարող է վատթարացնել իրավիճակը:
Երկու շաբաթ առաջ Բրյուսելում տեղի ունեցած Վրաստանի օգտին գումարներ հատկացնելու նպատակով դոնորների հանդիպմանը ԱՄՆ-ը հաձն է առել 1 միլիարդ դոլար հատկացնել երկրի տնտեսության վերականգնմանն աջակցելու նպատակով: Ընդհանուր առմամբ մասնակիցները հանձն են առել տրամադրել 4 միալիարդ դոլարին համարժեք վարկեր և դրամաշնորհներ: