Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի համաձայն` Ղրղզստանի օդային բազայի փակումը չի վնասի Աֆղանստանում գործողությունների իրականացմանը


ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարության համաձայն` Ղրղզստանի Մանաս օդային բազայից ԱՄՆ-ի զորքերի հեռացումը բացասաբար չի անդրադառնա Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների ընթացքի վրա:

Ղրղզստանի խորհրդարանը կողմ է քվեարկել դադարեցնելու ԱՄՆ-ի կողմից բազայի օգտագործումը, սակայն ամերիկյան կողմն ասում է, որ այդ որոշումը վերջնական չէ: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքերով, եթե Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևն այդ օրենքն ստորագրի, ԱՄՆ-ը պատրաստ է հարգել այն և այլընտրանքային լուծումներ գտնել:

Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ի ուժերն այդ բազան օգտագործել են Աֆղանստանի հակամարտության շրջանակներում ԱՄՆ-ի ռազմական թռիչքների համար: Բազայի օգտագործումը հատկապես կարևորվել է այն հանգամանքից հետո, երբ 2005թ. Ուզբեկստանի կառավարությունը որոշում կայացրեց դադարեցնել ԱՄՆ-ի կողմից նմանատիպ մի բազայի օգտագործման պայմանագիրը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Գորդոն Դուգիդն ասել է, որ, չնայած խորհրդարանի քվեարկությանը, Ղրղզստանի իշխանությունների հետ շարունակվում են բազայի օգտագործման ապագայի շուրջ բանակցությունները:

Նա նշել է, որ եթե կառավարությունը որոշի վավերացնել այդ օրենքը, ԱՄՆ-ը կհարգի նախատեսված պայմանները: Դուգիդը հավելել է, որ, ի հեճուկս շրջող լուրերի, բազայի օգտագործման դադարեցումը չի խոչընդոտի ԱՄՆ-ի գործողություններն Աֆղանստանում:

"Մենք ի վիճակի կլինենք շարունակել մեր գործողություններն ամբողջ ծավալով Աֆղանստանում: Պաշտպանության նախարարությունը կարող է զորամիավորներ, զինամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ տեղափոխել աշխարհի ցանկացած վայր”:

Դուգիդը պարզաբանել է, որ որոշման կայացման դեպքում ԱՄՆ-ի զորքերը պետք է 180 օրվա ընթացքում լքեն տարածքը: Նա նաև նշել է, որ, բազայի օգտագործման դադարեցման դեպքում, Պաշտպանության նախարարությունը այլընտրանքային ծրագիր կիրականացնի, որն արդեն մշակվել է: Նման ծրագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվում:

Պետդեպարտամենտի ավագ աշխատակիցներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը Ղրղզստանի կառավարությանն առաջարկել է ավելացնել բազայի օգտագործման համար վճարվող գումարը: Առաջարկը դեռևս պաշտոնապես չի մերժվել, այնուհանդերձ, պաշտոնյան հոռետեսորեն է տրամադրված բանակցությունների հետագա ընթացքի առնչությամբ:

Ղրղզստանի նախագահն այս ամիս` Ռուսաստանից 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարջեք աջակցություն ստանալու հետո, հայտարարել է, որ կփակի բազան: Ամերիկյան կողմը, նշում է, որ բազայի օգտագործման համար վճարվելիք գնի բարձրացումը չի կարող համեմատվել Ռուսաստանի տրամադրած ֆինանսական աջակցության ծավալի հետ:

Հինգշաբթի օրը Կրակովում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսն իր դժգոհությունն է արտահայտել այս խնդրի շուրջ Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման առնչությամբ: Նա ասել է, որ Ռուսաստանը երկակի խաղ է տանում: Այն մի կողմից ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամությամբ է հանդես գալիս, մյուս կողմից` ԱՄՆ-ի դեմ քայլեր է ձեռնարկում այս պատերազմի համար կարևոր նշանակություն ունեցող բազայի հարցում:

XS
SM
MD
LG