Մատչելի հղումներ

Չնայած Վրաստանի հակամարտությանը` ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են համագործակցությունը Իրանի և Հյուսիսային Կորեայի շուրջ


ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ երկու պետությունները կշարունակեն համագործակցել Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի կասեցման շրջանակներում համագործակցությունը` չնայած Ռուսաստանի կողմից Վրաստանի ներխուժման շուրջ խորը հակասություններին: Վրաստանի անցյալ ամսվա հակամարտությունից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջին առերես հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Նյու Յորքում:

Կողմերից և ոչ մեկը փոխզիջումների չի գնում Ռուսաստանի կողմից Վրաստանի ներխուժման և Վրաստանի երկու ինքնահռչակ պետությունների ճանաչման շուրջ, որը ԱՄՆ-ը որակել է որպես խստագույն սխալ:

Սակայն ԱՄՆ-ի պաշտոնյաները Ռայս-Լավրովի Նյու Յորքի հանդիպումը նկարագրում են որպես քաղաքավարի և գործնական և նշում են, որ համաձայնել են շարունակել միասնական ջանքերը Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը կասեցնելու շուրջ:

Առավել վաղ այս շաբաթ պաշտոնական Մոսկվան ձեռնամուխ էր եղել կասեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ հիմնական անդամ պետությունների և Գերմանիայի հանդիպումը Իրանի վերաբերյալ, ինչը շատերը մեկնաբանել էին որպես Վրաստանի հակամարտությունով պայմանավորված ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացում:

Այդուհանդերձ, Կոնդոլիզա Ռայսի և նրա ռուս գործընկերոջ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը եվրոպական երկրների գծով պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդն ասել է, որ Իրանի շուրջ քննարկումը կառուցողական է եղել, և որ երկու կողմերը կշարունակեն պաշտոնական Թեհրանին առաջարկել խթանների մի ամբողջություն ուրանի հարստացման ծրագրի կանխման պայմանով կամ վերջինիս ձախողման դեպքում` պատժամիջոցներ: “Նրանք քննարկել են առաջիկա քայլերը և երկկողմանի մոտեցումը, ինչպես նաև Իրանին հստակ ազդանշան ուղղելու կարևորությունը առ այն, որ Իրանի միջուկային ծրագրի կասեցման միջազգային հանրության ջանքերը շարունակվելու են: Կարծում եմ, առկա պայմանները դա կարևոր ազդանշան է,” ասել է նա:

Ֆրիդը նաև ասել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ներգրավված այլ պետություններ շարունակում են Իրանի շուրջ քննարկումները` մոտակա ապագայում նախարարների մակարդակով նոր պատժամիջոցների վերաբերյալ նոր ՄԱԿ-ի բանաձևի շուրջ հանդիպում կազմակերպելու նպատակով:

Նա ասել է, որ Ռուսաստանը նույնպես պատրաստակամ է նմանատիպ ազդանշան ուղարկել Հյուսիսայան Կորեայի միջուկային ծրագրի շուրջ:

Լավրովը նման գնահատական է տվել հանդիպման վերաբերյալ: Նա նշել է, որ չնայած Վրաստանի հակամարտության հարցում հակասությունների` երկու կողմերը համախոհ են Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցում պրագմատիկ քայլեր ձեռնարկելու և համագործակցելու անհրաժեշտության շուրջ: “Մենք ցանկանում ենք խաղաղ կերպով հանգուցալուծել երկու իրավիճակները: Մենք ցանկանում ենք, որպեսզի Կորեական թերակղզին հրաժարվի միջուկային կարողություններից, և որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներով լինի: Այդ նպատակներն անփոփոխ են: Պարզապես անպատասխանատու քայլ կլիներ, եթե Կովկասում որոշ անհամաձայնությունների պատրվակով մեր պետությունները հրաժարվեին շատ ավելի կարևոր հարցերի լուծումից”:

Միևնույն ժամանակ Լավրովը դատապարտել է արևմտյան երկրների և հատկապես ԱՄՆ-ի, իր որակմամբ, չափազանց զգացմունքային վերաբերմունքը Ռուսաստանի` Հարավային Օսիայում Վրաստանի ագրեսիան կանխելու նպատակով ձեռնարկած միջոցների առնչությամբ:

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ներխուժումը բացառապես ինքնապաշտպանման նպատակով է եղել, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ:

Սակայն պետքարտուղարի օգնական Ֆրիդը Ռուսաստանի ներծուժումը և հետագայում Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը որակել է որպես Ռուսաստանի կողմից Վրաստանի սահմանների բռնի փոփոխելու փորձ և պաշտոնական Մոսկվայի կոպիտ սխալ:

XS
SM
MD
LG