Ամերիկայի Միացյալ Նահագներից մի պաշտոնյա իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածությունը կարող է սերտաճել պատերազմական գործողությունների: ԱՄՆ-ի արտգործնախարարության եվրոպական գործերով քարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը հինգշաբթի օրը Կոնգրեսում փորձել է երկու պետություններին կոչ անել զսպողականություն ցուցաբերել:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի լսումների ժամանակ պարոն Ֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածությունը կարող է սրվել: Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր կարծիքով երկու երկրների համար էլ պատերազմը անցանկալի է:
“Մեզ անհանգստացնում է այն, որ այդչափ լարվածության, այդքան զինված անձանց ներկայության և նախկինում տեղի ունեցած մի շարք սադրանքների պայմաններում, կարող է հանկարծակի առավել մեծ խնդիր բռնկվել. կարող են լինել զոհեր, կրակոցներ և հսկողությունից դուրս պատահարներ: Մեզ դա շատ է անհանգստացնում,” ասել է Ֆրիդը:
Խնդրահարույց են Վրաստանի երկու անջատ տարածքները` Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք իրենց անկախությունն են հռչակել 1990-ականներին, ինչի արդյունքում բախումներ սկսվեցին և տարածաշրջանում տեղակայվեցին Ռուսաստանի խաղաղապահ զորքերը:
Վրաստանը ռուսական զորքերին մեղադրել է անջատողական ուժերին սատարելու մեջ և հանձն է առել երկու տարածքներում էլ վերականգնել կենտրոնական պետական հսկողությունը:
Լարվածությունը սրվել է անցյալ ամիս, երբ Վրաստանը Ռուսաստանին մեղադրեց Վրաստանի օդային տարածքում անօդաչու հետախուզական ինքնաթիռ վայր կրակելու մեջ: Մոսկվան ժխտել է իր ներգրավվածությունը:
Ռուսաստանը վերջերս առավել սերտ կապեր է հաստատել երկու տարածքների հետ և Աբխազիայում ավելացրել է խաղաղապահ զորքերի թիվը:
Հինգշաբթի օրը ռուսական մամուլում տեղ էին գտել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մեջբերումներն առ այն, որ Աբխազիայում ռուս-վրացական ռազմական հակամարտության բռնկման դեռևս մեծ վտանգ կա: Մոսկվան սպառնում է ավելացնել զորքերի թիվը Աբխազիայում, եթե Վրաստանը շարունակի ամրացնել իր ռազմական դիրքերը սահմանամերձ շրջաններում:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունից պարոն Ֆրայդը դիմել է երկու կողմերին` և հատկապես Ռուսաստանին, զսպվածություն ցուցաբերելու հայցով: “Մեզ դուր չի գալիս Ռուսաստանի կողմից դիրքորոշումների արտահայտման կոշտացումը: Երբեմն Վրաստանի դիրքորոշումների արտահայտումները նույնպես կոշտ են: Չնայած մենք կոչ ենք արել Վրաստանին զսպվածություն ցուցաբերել, մենք պետք է հաշվի առնենք, որ տարբերություն գոյություն ունի շատ փոքր և խոցելի պետության և շատ մեծ երկրի միջև: Չնայած մենք վրացիներին խորհուրդ ենք տալիս զսպվածություն ցուցաբերել, նրանք են խոցելի կողմը, և նրանց տարածքն է վտանգված,” ասել է նա:
Ներկայացուցիչների պալատը ներկայացրել է ոչ պարտադիր ուժ ունեցող մի բանաձև, որում նշվում է, որ Ռուսաստանի կառավարության կողմից սադրիչ և վտանգավոր արտահայտությունները և գործողությունները վտանգում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Պարոն Ֆրիդը ողջունել է բանաձևում Վրաստանի նկատմամբ հստակ աջակցության արտահայտումը: Նա ասել է, որ դա կարող է վրացիներին վստահություն ներշնչել` ցույց տալով, որ նրանք մենակ չեն այս առումով, և կարող է նրանց հնարավորություն ընձեռել կառուցողական և դիվանագիտական աշխատանք կատարել Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները խախաղ լուծելու ուղղությամբ: