Հանրապետական կուսակցության միասնականության ամենավերջին դրսևորումը նախագահ Օբամայի` 3.5 տրիլիոն դոլար արժողությամբ բյուջեին դեմ քվեարկելն էր:
Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցության առաջնորդ Ջոն Բոհների կարծիքով` այս բյուջեի անմիջական ազդեցությունը կլինի տնտեսության վատթարացումը և աշխատատեղերի կրճատումը: Իսկ երկարաժամկետ տեսանկյունից այն առավել լուրջ հետևանքներ կառաջացնի գալիք սերունդներ համար:
Ոչ մի հանրապետական չի քվեարկել Օբամայի բյուջեի օգտին, որն այնուհանդերձ, դեմոկրատների ճնշող մեծամասնության շնորհիվ, հեշտությամբ արժանացել է Կոնգրեսի երկու պալատների հավանությանը:
Չնայած հանրապետականներին հաջողվեց միավորվել և միասնաբար դեմ արտահայտվել նախագահի բյուջեին, կուսակցությունը դեռևս փորձում է հարմարվել հավատարիմ ընդդիմության նոր դերին:
Ջորջթաուն համալսարանից կառավարության գծով պրոֆեսոր Սթիվըն Ուեյնի խոսքերով. "Բավականին դժվարին և մասնատված ճանապարհ է սպասվում. հնարավոր է` հստակ արտահատյված քաղաքականությամբ առաջնորդ երևան չգա ընդհուպ մինչև հաջորդ նախագահական ընտրական փուլի մեկնարկը: Այսպիսով, հանրապետականներն այժմ անորոշ վիճակում են, ինչն ամենևին էլ բարենպաստ չէ”:
Պահպանողական հայացքների տեր ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոուն վերջերս հայտնվել էր շատերի ուշադրության կենտրոնում: Նա ապստամբելու կոչ էր արել Հանրապետական կուսակցությանը:
"Ինչու՞ է շատերին զարմացնում իմ անկեղծությունը և այն հանգամանքը, որ ես ցանկանում եմ, որ Բարաք Օբաման ձախողվի` հաշվի առնելով, որ նրա առաքելությունն է այնպես վերակառուցել և փոփոխել այս երկիրը, որ կապիտալիզմը և անձնական ազատությունն այլևս չհանդիսանան ԱՄՆ-ի հիմնաքարերը”, ասել է նա:
Այլ հանրապետականներ կարծում են, որ կուսակցությունը պետք է անի ավելին, քան մեծ ժողովրդայնություն վայելող նախագահին դեմ արտահայտվելը:
Նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի երբենի ղեկավար Քեն Դուբերշտայնի խոսքերով. "Կարևոր է, որ Հանրապետական կուսակցությունը պարզապես չասի ‘ոչ’, այլ` ընկալվի որպես գործընկեր և համագործակցության ձեռք մեկնի այնպես, ինչպես դա անում է նախագահ Օբաման` համաձայնության եզրեր գտնելու ակնկալիքով”:
Սակայն որոշ քաղաքագետներ` ինչպես, օրինակ, Ջորջ Մեյսըն համալսարանից պրոֆեսոր Ջեֆրի Մեյըրը, չեն կարծում, որ Հանրապետական կուսակցությանը մոտագա ապագայում կհաջողվի առաջատար դեր ստանձնել:
"Եթե հանրապետականներին հաջողվի մինչ այս ամառվա վերջ առաջնորդ գտնել և հստակ դիրքորոշում որդեգրել, նախագահ Օբաման դժվարությունների առջև կկանգնի: Սակայն չեմ կարծում, որ նման զարգացումներ կլինեն, քանի որ կուսակցության առաջնորդներից և ոչ մեկն այժմ ի վիճակի չէ վերականգնել կուսակցության կարգավիճակը”, նշել է պրոֆեսոր Մեյըրը:
Քեն Դուբերշտայնը կարծիքով` հանրապետականները պետք է դիմացկունություն ցուցաբերեն: "Քաղաքական կուսակցությունները միշտ էլ վերակենդանանալու հնարավորություն ունեն: Հանրապետական կուսակցությունը գուցե ապակողմնորոշված վիճակում է, բայց այն կվերականգնվի”, ասել է նա:
Կուսակցության հեղինակության վերականգնման համար դեռևս երկար ժամանակ կպահանջվի: Նյու Յորք Թայմս և Սի-Բի-Էս Նյուզ ընկերությունների համատեղ վերջին հարցախույզի համաձայն` հարցման մասնակիցներից միայն 31 տոկոսը բայրացակամ կարծիք ունի Հանրապետականների հանդեպ, ինչը վերջին 25 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է:
Նույն հարցախույզի համաձայն` նախագահ Օբաման վայելում է հարցվածների 66 տոկոսի բայրացական վերաբերմունքը: