Մատչելի հղումներ

Մինչ ԱՄՆ-ում ապրանքների և անշարժ գույքի գների անկում է սկսել արձանագրվել, մեքենայաշինական ընկերությունները պետական աջակցություն են հայցում


ԱՄՆ-ի տնտեսությանը վերաբերող նորությունները տակավին հուսադրող չեն: ԱՄՆ-ի կառավարության համաձայն` հոկտեմբեր ամսին մանրածախ առևտրի գների աննախադեպ անկում է արձանագրվել: Անցյալ ամսին աննախադեպ անկում է արձանագրվել նաև տների կառուցման բնագավառում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի մեքենայաշինական ընկերությունները կրկին փորձել են Կոնգրեսին համոզել 25 միլիարդ դոլարիին համարժեք փոխառություններ տրամադրել` արտակարգ իրավիճակից դուրս գալու նպատակով: Արժեթղթերի բորսայում 2003թ. հետո առաջին անգամ Դոու Ջոունս Ինդասթրիալի միջին ցուցանիշը եղել է ութ հազարից ցածր:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի տնտեսության դժվար իրավիճակին վերաբերող կառավարության հայտարարություններից հետո Ուոլ Սթրիթի բորսայում հերթական կտրուկ անկումն արձանագրվեց:

ԱՄՆ-ի աշպատանքի դեպարտամենտի տվյալներով` հոկտեմբեր ամսին մանրածախ ապրանքների գների շուրջ մեկ տոկոս անկում է արձանագրվել: Դա վերջին 61 տարիների ընթացքում ամենակտրուկ անկումն է մեկ ամսվա կտրվածքով:

Առևտրի դեպարտամենտի հրապարակած վերջին զեկույցից երևում է, որ նաև տների կառուցման աննախադեպ անկում է արձանագրվել: Հոկտեմբեր ամսին նոր կառուցվող տների ծավալի շուրջ չորս ամբողջ հինգ տոկոս անկում է եղել, ինչը 1959թ. ի վեր արձանագրված ամենացածր ցուցանիշն է:

Մինչդեռ ԱՄՆ-ի մեքենայաշինական երեք խոշորագույն ընկերությունների ղեկավարները կրկին 25 միլիարդ դոլարին համարժեք պետական աջակցության հայց են ներկայացրել:

Ջեներալ Մոթորս ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Ուագոները ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների կոմիտեին չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ վերջին շրջանում ավտոմեքենաների վաճառքի կտրուկ անկումը կարող է վտանգել իր ընկերության գոյատևումը. "Մեր ձախողումը պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամով, որը կտրուկ սահմանափակել է փոխառությունների մատչելիությունը, ինչի արդյունքում ավտոմեքենաների վաճառքը հասել է Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ամենացածր մակարդակին”:

Գործադիր տնօրենների վկայությամբ` երեք ընկերություններից նույնիսկ մեկի լուծարման պարագայում հետևանքներն աղետալի կլինեն, և միլիոնավոր ամերիկացիներ կգործազրկվեն:

Նախագահ Բուշի վարչակարգը և բազմաթիվ Հանրապետական կոնգրեսականներ դեմ են 700 միլիարդ դոլար արժողությամբ ֆինանսական ճգնաժամի լուծմանն ուղղված փաթեթի մի մասն օգտագործել մեքենայաշինական արդյունաբերությանն աջակցելու նպատակով:

Հանրապետական Սփենսեր Բաքուսի կարծիքով, պետական աջակցությունը չի կարող լուծել մեքենայաշինական ընկերությունների հիմնարար խնդիրները. "Մեքենայաշինական արդյունաբերությանն աջակցություն հատկացնելը ժամանակավոր լուծում է: Գոյատևելու համար այդ ընկերությունները պետք է բարեփոխումների արդյունքում առավել արդյունավետ և մրցունակ դառնան”:

Ներկայացուցիչների պալատի կոմիտեի նախագահ Դեմոկրատ Բարնի Ֆրենքը քննադատել է այդ կողմնակալ մոտեցումը` ասելով, որ 700 միլիարդ դոլորանոց փաթեթը նախատեսված է բանկային աշխատողներին աջակցելու համար` շրջանցելով գործարանային աշխատուժը:

Ի թիվս այլ կոնգրեսականների` Բարնի Ֆրենքը պայքարում է, որպեսզի անհապաղ աջակցություն ցուցաբերվի մեքենայաշինական արդյունաբերությանը` ԱՄՆ-ի տնտեսության լրացուցիչ կորուստներից խուսափելու նպատակով:

Նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հունվար ամսին իր պաշտոնամուտից հետո մեքենայաշինական արդյունաբերության խնդիրներին առաջնահերթ ուշադրություն է դարձնելու:

XS
SM
MD
LG