Մատչելի հղումներ

Թմրանյութերի վերաբերյալ ԱՄՆ-ի զեկույցի համաձայն` թմրանյութերի անօրինական առևտուրը ծաղկում է Մեքսիկայում և Աֆղանստանում


Թմրանյութերի միջազգային առևտրի դեմ ուղղված համաշխարհային քայլերին վերաբերող ԱՄՆ-ի տարեկան զեկույցն առանձնացրել է քսան երկրներ` որպես անօրինական թմրամիջոցների արտադրման և տարանցման խոշոր կետեր:

Զեկույցը մեծ ուշադրություն է դարձրել Մեքսիկայում առկա իրավիճակին, որտեղ լայնատարած կոռուպցիան մեծապես խոչընդոտում է կառավարության ջանքերը թմրամիջոցների թրաֆիքինգի դեմ պայքարում:

Մեքսիկան ԱՄՆ-ը ներմուծվող թմրամիջոցների տարանցման խոշորագույն կետերից է:

Հազարավոր մարդիկ են սպանվել թմրամիջոցների թրաֆիքինգով զբաղվողների և Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի կառավարությունը ներկայացնող իշխանությունների միջև ծավալված պայքարում:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի` միջազգային թմրանյութերի և իրավապահ մարմինների գծով պատասխանատու Դեյվիթ Ջոնսոնի խոսքերով. «Մենք ականատես ենք լինում, թե ինչպես նախագահ Կալդերոնի խիզախ կառավարությունը պայքարում է թմրանյութերի առևտրով զբաղվողների դեմ` սահմանափակելով նրանց գործունեությունը: Ցավոք սրտի, այս պայքարի արյդունքում բռնության բազմաթիվ դեպքեր են լինում»:

Զեկույցում նաև նշվում է, որ Կոլումբիայի կառավարությունը շարունակում է պայքարել թմրանյութերի առևտրի դեմ: Չնայած այդ ջանքերին, սակայն` ԱՄՆ-ը մուտք գործող կոկայինի 90 տոկոսի սկզբնաղբյուրը Կոլումբիան է:

Բացի այդ, զեկույցը մեղադրում է Բոլիվիայի և Վենեսուելայի իշխանություններին այդ տարածաշրջանում թմրանյութերի թրաֆիքինգի դեմ ԱՄՆ-ի ծավալած գործողությունները խոչընդոտելու մեջ:

Զեկույցի համաձայն`2002թ. ի վեր Վենեսուելայում թմրանյութերի առևտուրը հինգ անգամ աճել է: Վենեսուելան համարվում է ԱՄՆ և Երվոպա ներմուծվող թմրանյութերի տեղափոխման խոշորագույն միջանցք:

«Վենեսուելայում մեր հիմնական մարտահրավերը երկրի տարաքծի` հատկապես Կոլումբիայի հարևանությամբ արևմտյան ափի օգտագործումն է: Ահա այստեղից է շատ մեծ քանակությամբ կոկային Կարիբյան ծովով տեղափոխվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ », նշել է Դեյվիթ Ջոնսոնը:

Զեկույցում նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Աֆղանստանում մակերի մշակման փոքր-ինչ անկում է նկատվել, երկիրը դեռևս մնում է ափիոնի համար օգտագործվող մակերի ամենախոշոր արտադրողը: Թմրանյութերի առևտուրը, ըստ զեկույցի, մեծապես խոչընդոտում է Աֆղանստանի անվտանգությունը և տնտեսական զարգացումը:

«Անհրաժեշտ է, որ Աֆղանստանն ինքնուրույն լուրջ քայլեր ձեռնարկի կոռուպցիայի հիմնական աղբյուրներից մեկի` ափիոնի մշակման դեմ պայքարելու նպատակով», ասել է Դեյվիթ Ջոնսոնը:

Մյանմայը նույնպես առանձնացվել է որպես թմրանյութերի դեմ պայքարում հաջողության չհասած երկիր: Այն Ասիայում մեթանֆետամինի հաբերի տարածման հիմնական աղբյուրն է:

XS
SM
MD
LG