Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հերքում է Վենեսուելայի օդային տարածքը խախտելու մասին լուրերը


ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը հերքել է մարտական ինքնաթիռով Վենեսուելայի օդային տարածքը խախտելու մասին այդ երկրի նախագահ Ուգո Չավեսի մեղադրանքները:

Նախագահ Չավեսն ասել է, թե հրամայել է, որ F-16 մակնիշի երկու ռազմաօդանավ իր երկրի տարածքում հետեւեն ամերիկյան P-3 ինքնաթիռին: Վենեսուելայի առաջնորդն ասել է նաև, որ ամերիկյան ինքնաթիռը երկու անգամ մտել է իր երկրի օդային տարածք Նիդերլանդներին պատկանող Անթիլյան կղզիների կողմից:

Սակայն ԱՄՆ-ի Հարավային հրամանատարության խոսնակ, օդային ուժերի սերժանտ Շանդա Դե Անդայի խոսքերով, ամերիկյան որեւէ օդանավ չի մտել Վենեսուելայի օդային տարածք: Ըստ նրա, ԱՄՆ-ի ռազմաօդանավերն այլ երկրի օդային տարածքով չեն թռչում առանց "նախնական համաձայնության և համակարգման":

Անցած ամիս նախագահ Չավեսը մեղադրել էր Նիդերլանդներին, թե վերջինս ԱՄՆ-ին թույլ է տվել իրեն պատկանող Կարիբյան կղզիներն օգտագործել Վենեսուելայի վրա գրոհելու համար: ԱՄՆ-ը այդ մեղադրանքն անվանում է "անհիմն":

Վենեսուելայի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է նաև դեկտեմբերին Կոլումբիայից Վենեսուելայի օդային տարածք լրտեսական ինքնաթիռ ուղարկելու մեջ: Նա խոստացել է ապագայում կրակ արձակել այդպիսի ցանկացած ինքնաթիռի վրա:

Վենեսուելայի և Կոլումբիայի հարաբերությունները սառել են 2009 թվականից, երբ Կոլումբիան համաձայնվեց իր զինակայանները տրամադրել ԱՄՆ-ի զինուժին: ԱՄՆ-ը և Կոլումբիան պնդում են, որ համաձայնությունը միայն հակաթմրանյութային գործողություններ իրականածնելու նպատակ է հետապնդում:

ԱՄՆ-ի Հարավային հրամանատարությունը պատասխանատու է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, ինչպես նաեւ Կարիբյան ծոցում ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովող գործողությունների համար:

XS
SM
MD
LG