Նոյեմբեր ամսին ԱՄՆ-ի տնտեսությունը 533,000 աշխատատեղի կորուստ է կրել: Դա կանխատեսվածից շատ ավելին է: Վերջին 34 տարիների ընթացքում այս ամենավատը ցուցանիշն ապացույց է առ այն, որ տնտեսական անկումը խորանում է:
Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի երբեմնի փթթող տնտեսությունը շուրջ երկու միլիոն աշխատատեղի կորուստ է կրել: Նոյեմբեր ամսվա համար արձանագրված թիվը շատ ավելին էր, քան սպասվում էր: Այդ իսկ պատճառով ուրբաթ օրը արժեթղթերի բորսայում կտրուկ անկում է արձանագրվել: Ինչպես Նյու Յորքի Տոկիոյի Միցուբիշի բանկի տնտեսագետ Էլեն Զենթները հայտնել է Բլումբերգ հեռուստատեսությանը, առաջիկայում էլ ավելի աշխատատեղերի կորուստներ են սպասվում: Նա ասել է, որ գործազրկության աննախադեպ կորուստներ կլինեն, եթե Դետրոյդի ավտոարդյունաբերական երեք խոշոր ընկերություններից մեկը սննկանա: “Ավտոարդյունաբերությանը սպասարկող շատ ծառայություններ ստիպված կլինեն աշխատողներին աշխատանքից ազատել: Քիմմաքրման կետերը, որոնք սպասարկում են ավտոարդյունաբերությանը սպասարկող ծառայությունների աշխատակիցներին, ստիպված կլինեն աշխատողներից ազատվել: Եվ այսպես շարունակ: Խոսքը մասսայական գործազրկության մասին է, այդ իսկ պատճառով էլ կառավարությունը ամենայն լրջությամբ ուսումնասիրում է, թե ինչ աջակցություն կարելի է ցուցաբերել”, պարզաբանել է նա:
Մոտ երեք միլիոն աշխատատեղ է կապված ԱՄՆ-ի ավտոարդյունաբերությանը:
Երկու օր շարունակ երեք խոշորագույն ավտոարդյունաբերական ընկերությունների և դրանց արհմիությունների ղեկավարները վկայություններ են տվել Կոնգրեսի կոմիտեների առջև` հայցելով շուրջ 34 միլիարդ դոլարին համարժեք փոխառություններ, մինչև ապրիլ իրենց գոյատևումը երաշխավորելու նկատառումով: Սակայն որոշ կոնգրեսականներ այդքան էլ լավատեսորեն չեն տրամադրված և կարծում են, որ Կոնգրեսը արագ որոշում չի կայացնի այս խնդրի շուրջ:
Ուրբաթ երեկոյան` արժեթղթերի բորսայի փակումից անմիջապես առաջ անհասկանալի պատճառներով որոշակի աճ է արձանագրվել, սակայն համաշխարհային ֆինանսական շուկաները դեռևս էապես սառեցված վիճակում են գտնվում, քանի որ մարդիկ դադարել են կորպորատիվ արժեթղթեր գնել, ինչը խոչընդոտում է ընկերությունների ապագա աճը: