Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում վերջերս բացահայտված ինվեստիցիոն խարդախությունը մարդկային կյանք է խլել


Այս շաբաթ Նյու Յորքում ինքնասպան է եղել խոշոր ֆինանսական խարդախության հեղինակ Բերնարդ Մեդոֆին ներդրումներ վստահած ֆրանսիացի մի բանկիր: Շուրջ 50 միլիարդ դոլար ենթադրող այս խարդախությունը միլիոնավոր մարդկանց խնայողությունները կորզած բուրգային բանսարկությունների շարքից է: Այն գործում է հետևյալ կերպ. հին ներդրողների տոկոսադրույքները վճարվում են նոր ներդրողների գումարներից: Սակայն, երբ ներդրողների մեծ մասը ցանկանում է հետ ստանալ ներդրված գումարները, ինչպես դա եղավ Նյու Յորքի այս դեպքում, նման համակարգը փլուզվում է:

Առկա տեղեկությունների համաձայն` Եվրոպայի որոշ ամենահարուստ անձանց ակտիվների կարգավորման համար պատասխանատու Թիերի դե լա Վիլհյուչեթը մեկ միլիարդ դոլարից ավել ներդրում էր կատարել Մեդոֆի ընկերությունում: Այս շաբաթ նրան մահացած հայտնաբերեցին Նյու Յորքի իր գրասենյակում:

Նյու Յորք քաղաքի ոստիկանապետ Ռեյ Քելիի խոսքերով. "Նրա թևերի և դաստակների շրջանում կտրող սարքով հասցված վերքեր էին: Հայտնաբերել ենք նաև դեղահաբեր, սակայն պարզ է` արդյոք նա դրանք ընդունել է, թե` ոչ: Նա որևէ գրություն չէր թողել”:

Դոլարային արժեքը հաշվի առնելով` Մեդոֆի գործը երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բուրգային խարդախությունն է: Տուժողների թվում են մեծահարուստներ, հանրահայտ մարդիկ, ինչպես նաև Նյու Յորքում հրեական մի համալսարան:

Վաշինգտոնի Փեթերսոն հաստատությունից տնտեսագետ Գերի Հաֆբաուերն ասում է, որ Մեդոֆի ընկերությունում ներդրումներ կատարողները կարծում էին, որ բացառիկ մի ակումբի անդամներ են. "Ոչ բոլորը կարող էին ներդրումներ անել: Մեդոֆը որոշ մարդկանց նույնիսկ մերժում էր: Շատերն էին սակայն շահագրգռված ներդրումներ անել, քանի որ դա Բերնիի ակումբն էր”:

Երբ վստահելի ներդրումային կառույցի խարդախություն է բացահայտվում, վիրավորանքն ու զայրույթն անխուսափելի են:

Տաս տարի առաջ Ալբանիայում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ կազմակերպեցին նրանից հետո, երբ մեծամասշտաբ բուրգային բանսարկության արդյունքում իրենց ներդրումներն անհետացան: Բնակչության մեծ մասը գումարներ էր ներդրել մի շարք ընկերություններում, որոնք սկզբնական ժամանակաշրջանում մեծ տոկոսադրույքներ էին վճարում: Բողոքի ակցիաների արդյունքում կառավարությունը հրաժարական տվեց:

ԱՄՆ-ի կառավարության վերահսկման ոլորտի նախկին աշխատակից Ուիլիամ Սայդմանը բացատրում է, թե ինչպես է այդ համակարգը գործում. "Նոր ներդրողներից ստացված գումարներն օգտագործվում են հին ներդրողների տոկոսադրույքների վճարման համար: Քանի դեռ նոր գումարների հոսք կա, համակարգն անթերի գործում է”:

Բուրգային խարդախությունները փլուզվում են այն ժամանակ, երբ ներդրողների մեծ մասը միաժամանակ փորձում է ներդրումները հետ ստանալ:

Գերի Հաֆբաուերն ասում է, որ ԱՄՆ-ում ներդրումների վերահսկման համար պատասխանատու Արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովը Մեդոֆի դեպքում թերացել է, քանի որ բազմիցս զգուշացվել է ընկերության խարդախ գործունեության մասին: "Պատճառն այն է, որ Մեդոֆը լավ կապեր ուներ ոչ միայն Ուոլ Սթրիթի բորսայում, այլև` Արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովի աշխատակիցների հետ”, ասում է նա:

Բուրգային խարդախություններում մեծ է վստահության գործոնը: Որոշ ժամանակ դրանք կարող են հաջողությամբ գործել, սակայն երբ փլուզվում են, վստահության կորուստ է տեղի ունենում: Իսկ Մեդոֆի դեպքում մեծ հարված է հասցվել նաև ազատ շուկայական համակարգին:

XS
SM
MD
LG