Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը շարքային ամերիկացիների կյանքի վրա


ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողել ողջ տնտեսության վրա, սառեցվել են վարկային շուկաները, և բազմաթիվ բանկեր մեծ վնասներ են կրում: Չնայած Ուոլ Սթրիթի ֆինանսական շուկաները փրկելու 700 միլիարդ արժողությամբ ծրագրին` շարքային ամերիկացիները սկսել են զգալ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունն իրենց առօրեայում:

Շատերի պատկերացմամբ Ուոլ Սթրիթը Նյու Յորքի աշխատանքի շտապող բնակիչներն են, բորսայում բարձրաձայն միմյանց հետ տվյալներ փոխանակող միջնորդները: Սակայն գոյություն ունի մեկ այլ Ուոլ Սթրիթ, որը Նյու Յորք քաղաքից մոտ 400 կմ հեռավորության վրա է գտնվում: Այն Մերիլենդ նահանգի Ռոքվիլ թաղամասում է:

Եվ ահա այստեղի բնակիչներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք մյուս Ուոլ Սթրիթի փրկման ծրագիրն իրենց էլ կնպաստի:

Ուոլ Սթրիթի բնակիչ Էմիլի ՄըքԳերին ահա այսպես է արտահայտվել. “Երբեմն թվում է, որ փրկման ծրագիրը նախատեսված է միայն բանկերի կամ Ուոլ Սթրիթի մարդկանց համար, մինչդեռ աշխատավորները պարզապես շարունակում են ջանասիրաբար աշխատել, քանի որ աճող գների պայմաններում մեզ համար շատ ավելի դժվար է: Եվ ցանկալի կլիներ, որ այդ գումարի շատ ավելի մեծ մասը մեզ ուղղված լիներ”:

Էմիլի ՄըքԳերին ասում է, որ աճող գները ստիպել են նրան ամենօրյա ծախսերի համար օգտագործել իր ավանդները: Իր և միայնակ մայր հանդիսացող իր դստեր ապրուստը հոգալու համար նա ստիպված է ծայրահեղ միջոցների դիմել: Գումար տնտեսելու նպատակով նա վաճառել է մեքենան և այժմ հեծանիվ է վարում:

84-ամյա Թեդ Քոնուեյը նույնպես հեծանիվ է վարում, որպեսզի գումար տնտեսի: Նա իր մասին խոսում է` որպես 1930ականների Մեծ ճգնաժամի սերնդի ներկայացուցիչ: Նա ասում է, որ միշտ զգուշություն է ցուցաբերել, սակայն այժմ նա անհանգստացած է ապագայի շուրջ` հատկապես իր երեխաների և թոռների համար."Երանի հեռանայի այս աշխարհից, քանի որ այս պահին ես որոշակի ավանդներ ունեմ և այս տունն ունեմ: Եվ լավ կլիներ, որ երեխաներս առանց ֆինանսների համար անհանգստանալու կարողանային գնալ իրենց ցանկացած համալսարանները”:

Քոնուեյը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է: Նա հիշում է այն ժամանակները, երբ աշխարհը Ամերիկային որպես փրկարար էր ընդունում: Նրա կարծիքով, Ուոլ Սթրիթում առկա ագահությունը նույնպես նպաստում է այն հանգամանքին, որ շատերը կորցրել են իրենց հավատը ԱՄՆ-ի հանդեպ: "Ինձ անհանգստացնում է այն, թե ինչ է աշխարհը մեր մասին կարծում: Եվ այն, որ շատերը կարծում են, որ Ամերիկան է նպաստել այս իրավիճակի ստեղծմանը”, ասել է նա:

Թեդ Քոնուեյի հարևան Նիքի Գոլդսբորոուն նունյպես անհանգստացած է: Գոլդսբորոուի ամուսինը փոքր բիզնես ունի, նա շինարարությամբ է զբաղվում: Հիպոթեկային վարկերի ճգնաժամը և տների գների անկումը շատ վատ ազդեցություն է ունեցել նրա բիզնեսի վրա:

Սակայն միայն Ուոլ Սթրիթի բնակիչները չեն անհանգստացած: Ամերիկայի հոգեբանների ընկերակցության վերջերս անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն` ամերիկացիները մոտ 80 տոկոսն անհանգստացած է տնտեսության և ֆինանսների պակասի առնչությամբ:

Ֆինանսական ճգնաժամի լուծմանն ուղղված 700 միլիարդ արժողությամբ ծրագրի նպատակն է վերականգնել ֆինանսական շուկաների հանդեպ վստահությունը: Սակայն ակնհայտ է, որ դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ:

XS
SM
MD
LG