Մատչելի հղումներ

Խաղաղության շուրջ բանակցությունները կվերսկսվեն


Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի պատվիրակ Ջորջ Միթչելը մոտ է հաջողության, որ Իսրայելի և պաղեստինցիների հետ բազմաթիվ զրույցներից հետո սկսվեն խաղաղության շուրջ բանակցություններ: Բանակցությունները կշարունակվեն չորս ամիս:

Խաղաղության բանակցություններն անցյալ տարի էին մտել փակուղի, երբ պաղեստինցիները հրաժարվեցին իրենց մասնակցությունից՝ պահանջելով, որ Իսրայելը դադարեցնի Հորդանան գետի արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում հրեա վերաբնակիչների համար տների շինարարությունը: Պաղեստինցիները մերժել էին մասնակի դադարեցման Իսրայելի առաջարկը:

“Մեր նպատակը խաղաղությունն է, դրան տանող գործընթացը: Եվ մենք պատրաստ ենք անցնել այդ ցավոտ փոխզիջումների դժվարին ուղով”,-ասել է Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոն:

“Տարածք խաղաղության դիմաց” ձևաչափով բանակցությունները սկսվել են 1991թ.: Ըստ պաղեստինցիների վարչապետ Սալամ Ֆայադի` գործընթացը չափազանց ձգձգվել է:

Իսրայելի և պաղեստինցիների պաշտոնյաների հավաստմամբ` միջնորդավորված բանակցությունները լինելու են անվտանգության և Պաղեստին պետության սահմանների շուրջ: Եթե գործընթացում առաջընթաց նկատվի, ապա հնարավորություն կստեղծվի նաև հակամարտության առավել խոցելի խնդիրների` Երուսաղեմի կարգավիճակի և պաղեստինցի փախստականների ճակատագրի շուրջ ուղղակի բանակցություններ սկսելու համար:

XS
SM
MD
LG