Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը աջակցում է Ինդոնեզիայում վտանգված կենդանիների պահպանմանը


ԱՄՆ-ը պայմանագիր է ստորագրել ներելու Ինդոնեզիային տրամադրած շուրջ 30 միլիոն դոլար պարտքը, որին ի պատասխան Ինդոնեզիան պարտավորվել է պահպանել Սումատրա կղզում անտառները: Սա ԱՄՆ-ի կառավարության ամենամեծ այսպես կոչված “բնությունը պարտքի փոխարեն” գործարքն է ԱՄՆ-ի Տրոպիկական անտառների պահպանման օրենքի շրջանակներում և առաջինը Ինդոնեզիայի հետ, որտեղ չափազանց արագ անապատեցման միտում է նկատվում:

Ինդոնեզիայի անտառներում ծառեր են հատվում: Սա մի երկիր է, որտեղ տարեկան Շվեյցարիայի տարածքին համարժեք անտառներ են հատվում: Այս պայմաններում ածխածնի երկօքսիդի արտանետման մակարդակով Ինդոնեզիան զիջում է միայն ԱՄՆ-ին և Չինաստանին:

Այս միտումը շատ բացասաբար է ազդում երկրի կենդանական աշխարհի վրա, քանի որ հատվող անտառներում են բնակվում աշխարհի ամենավտանգված կենդանիների տեսակներ` վագրեր, փղեր, ռնգեղջյուրներ և օրանգուտաններ:

Նոր պայմանագրի միջոցով ԱՄՆ-ը համաձայնել է ներել Ինդոնեզիայի 30 միլիոն դոլար պարտքը` բնական պայմանների պահպանման դիմաց:

Համաձայնությունը ձեռք է բերվել Միջազգային պահպանում կազմակերպության շնորհիվ: Ջենիֆեր Մորիսը կազմակերպության էկոհամակարգերի ֆինանսավորման բաժնի փոխնախագահն է:

Նա պարզաբանում է, որ այսպիսով երկիրը հանձն է առել անտառների պահպանմանն ուղղել այն գումարը, որ ԱՄՆ-ի կառավարությանը պետք է վերադարձվեր: “Սա պատմական իրադարձություն է, և Ինդոնեզիայի դեպքը մինչ օրս ամենամեծ պարտքի փոխանակումն է, որն իրականացրել է ԱՄՆ կառավարությունը”, ասում է նա:

ԱՄՆ-ի Գանձապետարանի կողմից ստորագրված գործարքն Ինդոնեզիային թույլ է տալիս գումարը ներդնել Սումատրա կղզու տասներեք անտառների պահպանման օգտին:

Հերիթիջ հիմնադրամից Ուոլթեր Լոհմանին մտահոգում է այն հանգամանքը, որ գումարը կարող է իր նպատակին չծառայել: Սակայն նա նաև դրական կողմեր է տեսնում:

“Սա աջակցության մեկ այլ տեսակ է: Նույն տրամաբանությամբ ամեն տարի մենք աշխարհին 20 միլիարդ դոլարին համարժեք աջակցություն ենք ցուցաբերում: Դա հարաբերություններ հաստատելու ձև է, և Ինդոնեզիան բացառություն չի կազմում”, ասում է նա:

Միջազգային պահպանում կազմակերպության համաձայն` սա նորարարական մոտեցում է, որը կաջակցի ինչպես Ինդոնեզիայի բնակչությանը, այնպես էլ` բնությանը:

Նման, բայց ավելի փոքր մասշտաբի պայմանագրեր են ստորագրվել նաև Փիլիպինների, Գվատեմալայի և Պերուի հետ:

Ջենիֆեր Մորիսի խոսքերով` սա զարգացման աջակցության ամենալավ մեխանիզմների օրինակներից է, երբ զարգացած երկրի տրամադրած գումարը ոչ թե հետ է վերադարձվում կամ պարզապես ներվում է, այլ նման կարևոր համաձայնություն է ձեռքբերվում: Ինդոնեզիայի կառավարությունը հանձն է առել գումարը ներդնել տեղացիների և վտանգված կենդանիների պահպանման համար:

Հուլիսին վերընտրված նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյի առաջնային նպատակներից է անօրինական անտառահատության դեմ պայքարը:

XS
SM
MD
LG