Մատչելի հղումներ

«Հույսի նշույլներ» ԱՄՆ-ի տնտեսության մեջ


Նախագահ Օբաման ուրբաթ օրը`տնտեսական գծով ավագ խորհրդականների հետ հանդիպումից հետո, լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունում «հույսի նշույլներ» են նշմարվում` չնայած շարունակվող խնդիրներին:

Սա նախագահի` Եվրոպա և Մերձավոր Արևելք կատարած այցից հետո առաջին հանդիպումն էր, որի ուշադրության կենտրոնում տնտեսական դրությունն էր: Հանդիպմանը մասնավորապես մասնակցում էին կենտրոնական բանկի նախագահ Բեն Բըրնանկին, բանկերի կարգավորման գծով պատասխանատու Շեյլա Բլերը և նախագահի տնտեսական թիմը, որը գլխավորում են Ֆինանսների նախարար Թիմ Գայթները և Ազգային տնտեսական խորհրդի նախագահ Լերի Սամըրսը:

Որպես դրական զարգացում` նախագահ Օբաման մասնավորապես նշել է տների վերավարկավորման համար դիմող մարդկանց թվի աճը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ դեռևս շատ անելիք կա: «Տնտեսությունը դեռևս մեծ հարվածի տակ է, և Սուրբ Զատկի տոնակատարություններին մենք պետք է մտապահենք, որ մեր քայլերն ուղղված լինեն տնտեսական աճին և ամերիկացիների աշխատատեղերի և եկամուտների ավելացմանը», ասել է նա:

Հետզհետե ավելանում է այն տնտեսագետների թիվը, ովքեր լավատեսությամբ են արտահայտվում ԱՄՆ-ի տնտեսության վերաբերյալ: Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ը աստճանաբար հաղթահարում է տնտեսության` Երկրորդ աշխարհամարտից հետո ամենախորը անկումը: Ներկա տնտեսական անկման սկիզբը կարելի է համար 2007թ. դեկտեմբերը: Այս տարի բացասական տնտեսական աճ է ակնկալվում, իսկ գործազրկության տոկոսը, որն այժմ ութ ու կես տոկոս է, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ կգերազանցի տաս տոկոսը:

Չնայած շարունակվող խնդիրներին` նախագահ Օբաման նշել է, որ սկսել է առաջընթացի նշույլներ նկատել, և որ համոզված է, որ տնտեսությունը շուտով կվերադառնա իր բնականոն ընթացքին:

XS
SM
MD
LG