Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չի հավատում Իրանին


ԱՄՆ -ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը թերահավատորեն է մոտենում միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության հետ համագործակցելու Իրանի համաձայնությանը:

Միջազգային անվտանգության համաժողովի ժամանակ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի առաջադրած նախագիծը և ուղարկել ուրանն արտասահման` միջուկային վառելիքի փոխարկելու համար:

Գեյթսը լրագրողներին հայտնել է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների` Իրանը չի պատրաստվում ընդունել գործարքը:

Մինչև այժմ Իրանը հրաժարվել է այդ գործարքից, մինչդեռ դա կարող էր թուլացնել միջազգային մտավախությունը, թե ուրան հարստացնելու Իրանի նպատակը միջուկային զենք արտադրելն է: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գծով խորհրդականն Իրանին զգուշացրել էր, որ վերջինս պետք է սկսի համագործակցել միջազգային հանրության հետ, այլապես կընդլայնվեն պատժամիջոցները, և կխորանա Իրանի մեկուսացումը:

ԱՄՆ-ը և այլ տերություններ կոչ են անում ուրանի հարստացման աշխատանքները չդադարեցնելու համար Իրանի դեմ կիրառել պատժամիջոցների նոր փաթեթ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը փորձել է դիվանագիտորեն խոսել Իրանի հետ, սակայն այժմ պատժամիջոցների միջոցով ճնշումներ գործադրելու ժամանակն է:

Չինաստանն անտարբեր է նոր պատժամիջոցներ կիրառելու նկատմամբ: Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ Չինաստանի արտգործնախարար Յանգ Ջիեչին հորդորել է Իրանի նկատմամբ լինել համբերատար և խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Ռուսաստանը մշտապես դեմ է եղել Իրանի դեմ ճնշումներ գործադրելուն, սակայն վերջերս ավելի հակված է նոր պատժամիջոցներ կիրառելու այլ երկրների դիրքորոշմանը:

XS
SM
MD
LG