Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մտահոգությունները հնդ-իրանական գազատարի կառուցման առնչությամբ


Աճող տնտեսության համար վառելիքի պաշարներ ապահովելու համար Հնդկաստանը սկսել է համագործակցել Իրանի հետ: Այսպիսով, ծրագրված է 2,600 կմ-անոց գազատարի կառուցումը, որով բնական գազ կմատակարարվի Իրանից Հնդկաստան` վերջինիս էներգիայի աճող պահանջները բավարարելու նպատակով: Գազատարը, որի կառուցման համար 7.5 միլիարդ դոլար է նախատեսված, կանցնի Պակիստանի տարածքով: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի Դելի և Իսլամաբադ կատարած իր այցերի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆը հետ գազատարի կառուցման բոլոր խոչընդոտներից ազատվել շուրջ: Սակայն, ԱՄՆ-ը շարունակում է դեմ արտահայտվել այդ գազատարի կառուցմանը, քանի որ այն կամրապնդի Իրանի դիրքերը:

2005թ. Վիենայում տեղի ունեցած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հանդիպման ժամանակ Հնդկաստանը կողմ է քվեարկել Իրանի խնդիրը, հաշվի առնելով միջուկային ծրագիրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությանը հանձնելուն: Պաշտոնական Թեհրանն իր հիասթափությունն է արտահայտել այդ առնչությամբ` միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ գազատարի ծրագիրն ուժի մեջ է:

Վաշինգտոնի Մոտավոր Արևելի քաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Փեթրիք Քլոուսընն այս առնչությամբ նշել է, որ ԱՄՆ-ը գնահատում է Հնդկաստանի դիրքորոշումն Իրանի միջուկային ծրագրի խնդրի շուրջ: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ԱՄՆ-ը մեծապես կողջունի Հնդկաստանի քաղաքականությունը, եթե Իրան-Հնդկաստան գազատարն ամենևին էլ չկառուցվի: “Մտահոգության կենտրոնում այն հանգամանքն է, որ Իրանի նավթային և գազի արդյունաբերությունում միջազգային ներդրումները վստահություն են ներշնչում Իրանի կառավարությանը, ինչի արդյունքում Իրանը շարունակում է հանդիմանալ երկրի միջուկային ծրագրի շուրջ Անվտանգության խորհրդի կոչերին:” ԱՄՆ-ի համաձայն` գազատարի կառուցման պարագայում Իրանը խոշոր եկամուտներ կստանա գազի վաճառքից: Պաշտոնական Վաշինգտոնը մտավախություն է արտահայտում, որ գազատարը կնվազեցնի Իրանի նկատմամբ Արևմուտքի որդեգրած տնտեսական լծակները, որոնք անհրաժեշտ են Իրանին իր միջուկային ծրագրից հրաժարվելու շուրջ համոզելու համար:

Այնուամենայնիվ, ակնհայտ են Հնդկաստանի շահերը: Հնդկաստանն աշխարհում էներգիայի սպառման մակարդակով վեցերորդ խոշորագույն երկիրն է, մինչդեռ Իրանը աշխարհում նավթի և գազի խոշորագույն արտադրողներից է: Հնդկաստանն այժմ արտադրում է երկրին անհրաժեշտ բնական գազի միայն կեսը և ներմուծում է նավթի 70 տոկոսը:

Լոնդոնաբնակ լրագրող Վիջայ Ռանան կարծում է, որ Հնդկաստանի առաջնային խնդիրը էներգիայի իր կարիքները բավարարելն է և որ գազատարն էական դեր է խաղում, քանի որ երկրի արագ աճող տնտեսությունը մեծապես կախված վառելիքի ներմուծումից. “Դա մի երկիր է, որտեղ էներգիայի ծարավ գոյություն ունի, տնտեսական աճը շատ արագ է, և անհրաժեշտ են էներգիայի ռեսուրսներ: Այսպիսով, գազատարի կառուցումը մեծապես ցանկալի է:”

Հնդկաստանի արտգործնախարար Շիվ Շանքեր Մենոնն ասել է, որ ոչ գազատարը և ոչ էլ Հնդկաստանի և Իրանի միջև հարաբերությունները պետք է ԱՄՆ-ի կամ որևէ երրորդ երկրի մտահոգության առարկա լինեն. “Մեր բոլոր գործարքները Իրանի հետ թափանցիկ են: Մեր տեսանկյունից, որքանով ներգրավվածություն լինի, այնքանով Իրանը շահագրգռված կլինի տարածաշրջանի անվտանգության համար, ինչը ցանկալի է բոլորիս համար:”

Նախագահ Բուշն առաջարկել է Հնդկաստանին միջուկային ռեակտորներ տրամադրել ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերությանը նոր շունչ հաղորդելու շարունակական ջանքերի շրջանակում: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ Հնդկաստանը ցանկանում է վերահաստատել իր ավանդական բարեկամական հարաբերությունները Իրանի հետ` միևնույն ժամանակ փորձելով առավել սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, որոնք երկուսն ել Իրանի թշնամիներ են համարվում: Այդուհանդերձ, Վիջայ Ռանան կարծում է, որ Հնդկաստանի վրա ԱՄՆ-ի ճնշումները գազատարի ծրագրից հրաժարվելու ուղղությամբ ամենայն հավանականությամբ բացասական ազդեցություն կունենան: “Եթե Հնդկաստանի ժողովուրդը գիտակցի, որ ամերիկացիները ճնշում են գործադրում Հնդկաստանի հանդեպ այն պատճառով, որ այն փորձում է լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ, ապա կվերադառնան Սառը պատերազմի հիշողությունները:” Նա նշում է, որ Հնդկաստանում շատերը` հատկապես ձախակողմյան կուսակցությունները, կարծում են, որ նման ճնշումներն անտեղի են, և որ Հնդկաստանն ազատ է հարաբերություններ ձևավորելի Իրանի նման ցանկացած երկրի հետ:

Պակիստանն աջակցում է գազատարի կառուցումը, քանի որ այն թույլ կտա բնական գազ ստանալ Իրանից և մոտավորապես մեկ միլիարդ դոլար տարեկան եկամուտ կբերի երկրին: Նախատեսված է, որ Իրանը մոտավորապես 5 միլիոն տոննա բնական գազ կմատակարարի Հնդկաստանին գալիք 25 տարիների ընթացքում, ինչը մոտավորապես կարժենա 22 միլիարդ դոլար:

Վաշինգտոնում գործող պակիստանցի Խալիդ Հասանը կարծում է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ գազատարի գործարքը վտանգի Հնդկաստանի և Պակիստանի հետ լավ հարաբերությունները. “Այս գազատարը շահավետ է Իրանի, Պակիստանի և Հնդկաստանի համար: Այն նաև մեծապես կխթանի Հնդկաստանի և Պակիստանի միջև խաղաղության գործընթացին: Այդ պատճառով կարծում եմ, որ այդ երեք երկրների ազգային շահերը կգերակայեն ԱՄՆ-ի կողմից հնարավոր վերապահումների նկատմամբ:”

Այնուամենայնիվ, Փեթրիք Քլոսընը նշել է, որ գազատարը կարող է ընդհանրապես չկառուցվել, քանի որ Իրանը հաճախ է ստորագրում միջազգային պայմանագրեր և չի գործադրում դրանք: Իրանից, Հնդկաստանից և Պակիստանից մի շարք պաշտոնյաներ հաստատել են, որ համաձայնություն ունեն նախագիծը 2012թ. ավարտելու շուրջ, ընդ որում Իրանից Հնդկաստան և Պակիստան գազամատակարարումը կսկսի մինչև 2013թ.:

Բազմաթիվ վերլուծաբաններ ասում են, որ հաշվի առնելով, որ Հնդկաստանը գիտակցում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը, այն պաշտոնական Վաշինգտոնին տեղեկացված կպահի Իրանի հետ ցանկացած գործարքի շուրջ:

XS
SM
MD
LG