Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի զբոսաշրջության ընկերությունները պատրաստվում են Կուբա ճանապարհորդություններ կազմակերպելուն


Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի կարծիքով` Օբամայի վարչակազմի որոշումը չսահմանափակել ընտանիքի անդամների ճանապարհորդությունները և դրամական փոխանցումների հոսքը Կուբա «դրական, բայց նվազագույն» առաջընթաց է: Մինչդեռ ԱՄՆ-ի չարտերային ըկերությունները պատրաստվում են Կուբա մեկնողների թվի կտրուկ աճին:

Մայամիի Քամագեյ զբոսաշրջության գործակալության հեռախոսները չեն լռում: Ընկերության սեփականատեր Ամանդա Ռոքի կարծիքով` կուբայական ծագում ունեցող ամերիկացիներն արդեն երկար ժամանակ է, ինչ սպասում են ընտանիքի անդամներին այցելելու սահմանափակման վերացմանը: Նա Կուբա մեկնողների աննախադեպ կտրուկ աճ է ակնկալում:

Սակայն, Ամանդա Ռոքը նշել է, որ Սպիտակ տան երկուշաբթի օրն արված հայտարարությունից հետո քչերն են շտապել անմիջապես տոմս գնել: Պատճառներից մեկն այն է, որ տնտեսական ճգնաժամը նաև անդրադարձել է կուբայական ծագում ունեցող ամերիկացիների վրա:

Կուբայական ծագում ունեցող բազմաթիվ ամերիկացիներ, ովքեր բարեկամներ ունեն կղզում, նշում են, որ մեծապես տուժել են նախկին նախագահ Ջորջ Բուշի 2004թ. ընդունած հրամանի արդյունքում, որը նախատեսում էր ընտանիքի անդամներին այցելելու նպատակով ճանապարհորդությունների սահմանափակում` մասնավորապես թույլ տալով մեկ ճանապարհորդություն յուրաքանչյուր երեք տարին մեկ:

Սպիտակ տան խոսնակ Ռոբըրթ Գիբսի խոսքերով` նախագահ Օբաման դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանձն էր առել փոխել այդ քաղաքականությունը: «Կարծում եմ` այս զարգացումների ամենալավ ձևակերպումը տվել է նախագահը դեռևս անցյալ տարի. այն է`ազատության ամենալավ դեսպանները կուբայական ծագում ունեցող ամերիկացիները կլինեն», մասնավորապես ասել է նա:

Մայամիում գործող Կուբայական ծագում ունեցող ամերիկացիների ազգային հիմնադրամը ողջունել է նախագահի որոշումը: Հիմնադրամի ղեկավար Պեպե Հերնանդեսի կարծիքով` նախկին քաղաքականությունը սխալ էր: «Ժողովրդավարություն խթանող պետությունը չպետք է խոչընդոտի ընտանեկան հարաբերությունները», նշել է նա:

Կուբայի կառավարության քննադատներն ասում են, որ Հավանան ծանր հարկեր և տարադրամի փոխանակման հավելավճարներ է նախատեսում ԱՄՆ-ից ժամանածների համար: Նրանք նշում են, որ ԱՄՆ-ից ժամանողների թվի աճը կարող է հանգեցնել պետական գանձարանի միջոցների ավելացմանը:

Կուբան պաշտոնապես չի արձագանքել ԱՄՆ-ի նոր քաղաքականությանը: Սակայն Կուբայից վերադարձող կուբայական ծագում ունեցող ամերիկացիների վկայությամբ` այդ լուրը դրական արձագանք է ստացել կղզում:

Հավանայում ապրող իր բարեկամներին այցելությունից վերադարձած Ֆիդել Պերիերայի խոսքերով` «Ում հետ որ խոսել եմ, և՛ այստեղ և՛ Կուբայում, բոլորն էլ կողմ են այս որոշմանը: Մենք Կուբա ենք գնում մեր ընտանիքներին օգնելու համար: Եթե մենք չկարողանանք դա անել, ո՞վ պետք է դա անի»:

Ապահովագրական գործակալ Սելյա Դելգադոն հույս ունի, որ հաջորդ ամիս կմեկնի Հավանա և կտեսնի իր թոռնուհուն, ում արդեն մի քանի տարի է, ինչ չի տեսել: Նոր քաղաքականությունը տիկին Դելգադոյին հնարավորություն կտա առավել հաճախ տեսնել նրան: «Երբեմն մարդիկ շաբաթ և կիրակի օրերին մեկնում են Դոմինիկյան հանրապետություն կամ Պուերտո Ռիկո: Ես մեծ հաճույքով կմեկնեի Կուբա և կտեսնեի իմ ընտանիքին` նույնիսկ ընդամենը մի քանի օրով», նշել է նա:

Որոշ կոնգրեսականներ կողմ են այն քաղաքականությանը, որը թույլ կտա բոլոր ամերիկացիներին այցելել Կուբա: Աջակիցներն ասում են, որ նման զարգացումը կխթանի Կուբայում ժողովրդավարական փոփոխությունները: Մինչդեռ քննադատներն ասում են, որ կանադացիների և եվրոպացիների տասնամյակներ շարունակ կատարվող այցերը որևէ ազդեցություն չեն ունեցել:

Այս շաբաթվա վերջին Լատինական Ամերիկայի ղեկավարների գագաթաժողովին սպասվում է, որ նախագահ Օբամային կոչ կարվի Կուբայի հանդեպ առավել բաց քաղաքականություն որդեգրել:

XS
SM
MD
LG