Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նվազել են քաղցկեղի դեպքերը


Չնայած քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման առաջընթացին` ԱՄՆ-ում այն դեռևս մահացության երկրորդ պատճառն է: Հիվանդությունը` իր բոլոր դրսևորումներով, առնչվել է 1.5 միլիոն ամերիկացու` դառնալով 560 հազարի մահվան պատճառ: Քաղցկեղի ոլորտի զարգացումներին է նվիրված Ամերիկյան բժշկական ընկերակցության հանդեսի վերջին թողարկումն ամբողջությամբ:

Քաղցկեղի ամերիկյան ընկերակցության համաճարակաբանության փոխնախագահ Սյուզըն Գեփսթըրի խոսքերով` քաղցկեղի դեմ պայքարում բավական առաջընթաց կա:

"1991թ. մահացության դեպքերն ամենաբարձրն էին: Դրա համեմատ տղամարդկանց շրջանում այն նվազել է 21, իսկ կանանց շրջանում` 12 տոկոսով",- ասում է Սյուզըն Գեփսթըրը:

Տղամարդկանց դեպքում այդ անկման 40 տոկոսը կապված է թոքերի քաղցկեղից մահվան նվազմամբ, ըստ Գեփսթըրի`շնորհիվ ծխելու վնասակարության մասին իրազեկման բարձրացման, ծխախոտի դեմ օրենքների և հարկերի: Մահացության անկմանը նպաստել է նաև կրծքի, հաստ աղիքի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերումը:

Քաղցկեղի դեպքերի 75 տոկոսը հայտնաբերվում է 55-անց մարդկանց շրջանում:

"Հնարավոր է, որ բնակչության և դրանում տարեցների թվի աճի պատճառով ավելանան նաև քաղցկեղի դեպքերը, եթե կանխարգելման ոլորտում առաջընթաց չունենանք",- շարունակում է Գեփսթըրը:

Այդպիսի ժողովրդագրությամբ` յուրաքանչյուր երկրորդ տղամարդը և յուրաքանչյուր երրորդ կինը քաղցկեղի ռիսկային խմբում է:

Ըստ հանդեսի` վիրահատությունից հետո երկրորդային հետևանքների պատճառով տարեցների քիմբուժում անցնելը քիչ հավանական է, չնայած նրանք ավելի հեշտությամբ են տանում այդ բուժումը: Մեկ այլ հոդվածի համաձայն` ուսումնասիրված գրեթե բոլոր հիվանդների համար նպատակային ճառագայթման նոր միջոցն արդյունավետ բուժում է չվիրահատության ոչ ենթական թոքի քաղցկեղի դեպքում:

Ըստ հանդեսի խմբագիր Դեանջըլիսի` ներկայումս 11 միլիոն ամերիկացի հաղթահարել է քաղցկեղը կամ բուժման ընթացքում է: Սակայն քաղցկեղի դեմ պատերազմը դեռ ավարտված չէ, մասամբ` հիվանդության տարբեր դրսևորումների բարդության պատճառով:

"Քաղցկեղը` որպես հիվանդություն, ունի ընդհանրություններ: Հիվանդացած օրգանով է պայմանավորված դրա դրսևորման, զարգացման և բուժման եղանակի տարբերությունը: Կարծում եմ` ձախողումների պատճառներից մեկը դա է",- ասում է նա:

Ըստ Դեանջըլիսի` հիմնվելով ուսումնասիրությունների, բացահայտումների և բուժման հաջողություններին հնարավոր է այս պայքարում ունենալ մասնակի հաղթանակներ:

XS
SM
MD
LG