Մատչելի հղումներ

Ալ-Քաիդայի սպառնալիքի ներքո ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան փակել են Եմենում իրենց դեսպանությունները


Կիրակի օրն ահաբեկիչների սպառնալիքի ներքո ԱՄՆ և Մեծ Բրիտանիան փակել են Եմենում իրենց դեսպանությունները: Երկու երկրները համաձայնել են հակաահաբեկչական աջակցություն ցուցաբերել Եմենի կառավարությանը:

ԱՄՆ դեսպանության կայքում նշվում է, որ սպառնալիքներ են ստացվել Արաբական թերակղզում գտնվող ալ-Քաիդայից, որի անունը կապված է ԱՄՆ-ում Սուրբ Ծննդի օրն ինքնաթիռի պայթեցման փորձի հետ:

Նիգերիացի կասկածյալն ԱՄՆ պաշտոնյաներին հայտնել է, որ նրան պատրաստել էին Եմենում գտնվող ալ-Քաիդայի միավորումները:

Դեսպանությունները փակվել են ԱՄՆ գեներալ Դեվիդ Փետրուսի և նախագահ Ալի Աբդուլա Սալեի հանդիպումից հետո, որտեղ քննարկվել է անվտանգության խնդիրները: Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մասնակից գեներալ Փեթրուսը հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է կրկնապատկել աղքատ երկրներին տրամադրվող անվտանգության օգնությունը:

Մեծ Բրիտանիան հայտարարել է ԱՄՆ-ին միանալու մտադրության մասին: Այն միջոցներ կտրամադրի Եմենում հակաահաբեկչական քաղաքականությանը և կմասնակցի նաև Եմենում նախատեսվող անվտանգության համաժողովին:

Եմեն Փոսթի խմբագիր Հաքիմ Ալմասմարի կարծիքով` համաժողովը կարող է օգտակար լինել, եթե արդյունքում մշակվեն Եմենի գյուղական համայնքների զարգացման ծրագրեր: Սակայն օտարերկյա զինված հարձակումների հետ կապված մտավախություններ ունի:

"Ներկայումս Ալ Քաիդան այնքան էլ ուժեղ չէ,-կարծում է Ալմասմարին: -Դրա հետևորդների թիվը չի գերազանցում 400-ը: Սակայն եթե ԱՄՆ գրոհի Եմենի վրա, ապա շատերը կմիանան ալ Քաիդան ոչ այն պատճառով, որ դա նրանց հոգեհարազատ է: Գրոհների հետևանքով մահացածների հարազատները կցանկանան վրեժխնդիր լինել ԱՄՆ և Եմենի կառավարությունից":

Սոմալիայի մահմեդական ծայրահեղականները ուրբաթ օրը հայտարարել են, որ մարտիկներ կուղարկեն Եմեն:

Եմենն արտահայտել է օտարերկյա ծայրահեղականներին երկրից դուրս մղելու իր վճռականությունը:

XS
SM
MD
LG