Միավորված ազգերի կազմակերպության Աֆղանստանի գրասենյակի ղեկավարը կոչ է արել Թալիբանին չխոչընդոտել սովի մատնված աֆղանցիներին սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը: Համաշխարհային այս կազմակերպության ներկայացուցիչը երկուշաբթի օրը հերքել է այն հոռետեսական կանխատեսումները, որ շուրջ յոթ տարի շարունակվող միջազգային ռազմական և մարդասիրական ներկայությունը Աֆղանստանում ենթակա է ձախողման:
Ըստ կանխատեսումների` միլիոնավոր աֆղանցիներ կարող են սովի մատնվել գալիք ձմռանը: Այդ իսկ պատճառով Քաբուլում ՄԱԿ-ի գլխավոր ներկայացուցիչը կոչ է արել, որպեսզի Թալիբանը չխոչընդոտի միջազգային հանրության կողմից տրամդրվելիք սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը:
Աֆղանստանում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեյ Էյդի կարծիքով, երկրում ներկա ապստամբ ուժերը պետք է անկախ եղած տարաձայնություններից գիտակցեն, որ սննդամթերքի տրամադրումը բացառապես մարդասիրական նպատակ է հետապնդում և ամենևին էլ քաղաքական քայլ չէ ժողովրդին սիրաշահելու նպատակով:
Երաշտի և վատ բերքի պայմաններում որոշ միջազգային փորձագետներ կարծում են, որ մարդասիրական աղետի վտանգ է սպառնում: Նրանց հաշվարկներով շուրջ ինը միլիոն մարդ` Աֆղանստանի բնակչության մեկ քառորդը, կարող է սովի մատնվել գալիս ամիսների ընթացքում:
Երկուշաբթի օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն զգուշացրել է, որ հյուսային Աֆղանստանում շուրջ երկու հարյուր հազար մարդ կանգնած է երաշտի, անվտանգության և սննդամթերի գների աճման պատճառով իրենց տները լքելու վտանգի առջև:
Աֆղանստանում Թալիբանի ուժեղացման հետ մեկտեղ առավել խորացել են անվտանգության հետ կապված խնդիրները: Նաև խնդրահարույց է կառավարական շրջանակներում կոռուպցիան, ինչը մեծապես խոչընդոտում է պատերազմի արհավիրքներն ապրած երկրի վերակառուցման աշխատանքները: Վերջին յոթ տարիների ընթացքում ռազմական և մարդասիրական նպատակներով տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել Աֆղանստանի վերակառուցման համար:
Վերջին շաբաթների ընթացքում մի շարք դիվանագետներ, գեներալներ և միջազգային հանրության այլ խոշոր ներկայացուցիչներ հոռետեսական կանխատեսումներ են արել առ այն, որ երկրում հնարավոր չի լինի պարտության մատնել Թալիբանին: Նրանք նաև անհանգստանում են, որ Աֆղանստանում ժողովրդավարությունը ձախողման շեմին է:
ՄԱԿ-ի գլխավոր ներկայացուցիչը սակայն լրագրողներին հայտնել է, որ նման մեկնաբանությունները ամենևին էլ տեղին չեն և խոչընդոտում են հնարավոր առաջընթացը: Միևնույն ժամանակ նա այն կարծիքն է արտահայտել, որ հնարավոր չէ Թալիբանին միայն ուժով հաղթել` նշելով, որ ներգրավված կողմերի հետ պետք է քաղաքական երկխոսություն սկսել: