Մատչելի հղումներ

Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ


Թուրքիան հայտարարել է, որ հարևան Հայաստանի հետ լարված հարաբերությունների բարելավմանն ուղղված որոշակի քայլերի շուրջ համաձայնություն է ձեռք բերել: Այս հայտարարությունը հույս է ներշնչում, որ մոտ հարյուր տարի շարունակվող երկկողմանի լարվածությունը և թշնամությունը կարող է ավարտվել:

Հայաստանի մայրաքաղաք Երևանից ժամանած տասնիննամյա Աննան Ստամբուլում թուրք ընտանիքում դայակ է աշխատում: Նա պատկանում է այն հազարավոր երիտասարդների թվին, ովքեր լքել են իրենց բնակավայրը և այժմ անօրինական աշխատում են հարևան Թուրքիայում:

Աննան ասում է, որ “այստեղ կարող ես աշխատել, գնումներ կատարել և անել այն, ինչ ուզում ես: Հայաստանում չես կարող այսպես ապրել, քանի որ աշխատանք չկա, և, աշխատաքն լինելու դեպքում էլ, աշխատավարձը շատ ցածր է”: Հայաստանի տնտեսության վատ վիճակի մասին խոսելով` նա նշել է. “Այստեղ ընտանիքիս հետ շատ ավելի բարեկեցիկ կյանքով ենք ապրում”:

Արդեն 16 տարի է, ինչ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության պատրվակով Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանները: Թուրքիայի դաշնակցի դեմ ուղղված հակամարտության արդյունքում էլ ավելի սրվեց Թուրքիայի և Հայաստանի միջև պատմությունից ի վեր եկող լարվածությունը:

Պաշտոնական Երևանը Թուրքիային մեղադրում է 1915թ. հայերի ցեղասպանության մեջ, մինչդեռ պաշտոնական Անկարան չի ընդունում այդ մեղադրանքը: Թուրքիան ասում է, որ Օսմանյան կայսրության օրոք հայերի սպանությունները տեղի են ունեցել քաղաքացիական պատերազմի արդյունքում, որի ժամանակ նաև բազմաթիվ թուրքեր են զոհվել:

Չնայած տասնամյակներ շարունակվող լարվածությանը` վերջին մի քանի ամիսներին սառը հարաբերությունների որոշակի ջերմացում է նկատվել:

Անցյալ տարի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` երկու պետությունների ֆուտբոլի թիմերի միջև ֆուտբոլի խաղի կապացությամբ Հայաստան այցելելու հրավերը: Ֆուտբոլի այդ խաղը դարձավ հարաբերությունների վերականգնման անհավանական դրդիչ ուժը: Մի քանի ամիսների ընթացում մի կողմ դրվեց տասնամյակներ շարունակվող վստահության բացակայությունը: Բավականին հաճախակի դարձած բանակցությունների ուշադրության կենտրոնում էր սահմանների բացումը:

Թուրքիայի` Եվրամիության ընդլայնման գծով նախարար Էրգեմեն Բագիսը լավատեսորեն է տրամադրված հարաբերությունների բարելավման տեսանկյունից: "Այժմ Թուրքիայում շուրջ 70,000 հայ կա, որոնց մեծ մասը անօրինական աշխատանք են կատարում. մասնավորապես, որպես վարձու դայակներ, խնամում են նորածինների կամ տարեցների: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի բնակչության մոտ 15 տոկոսը կախում ունի Թուրքիայում աշխատող բարեկամների ուղարկած գումարներից: Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ թուրքերն իրենց ամենամոտ հարազատներին` երեխաներին և ծերերին, վստահում են Հայաստանից ժամանած դայակներին: Թունելի վերջում ես լույս եմ տեսնում. կարծում եմ` հնարավոր կլինի խաղաղություն հաստատել”, նշել է նա:

Հայ ժողովրդին ընդառաջ քայլ կատարելով` Թուրքիայի պետական հեռարձակող ընկերությունը ապրիլի սկզբին մեկնարկեց հայերեն լեզվով ռադիոկայան, որի հաղորդումները, ցավոք սրտի, չեն հեռարձակվում այն բարբառով, որով խոսում են հայերի մեծ մասը: Չնայած այս թյուրիմացությանը` այդ քայլը մեծապես ողջունեցին, որպես հարաբերությունների վերականգնման մի մասնիկ: Այն հատուկ ուշադրության արժանացավ Եվրոպական Միության, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից:

Դեռևս նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախագահ Օբաման հանձն էր առել հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող օրենք ստորագրել: Այդուհանդերձ, այս ամսվա սկզբին Թուրքիա կատարած իր այցի ժամանակ նա ակնարկեց, որ առավել շահագրգռված է, որպեսզի երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավվեն:

"Ես կուզենայի կոչ անել նախագահ Գյուլին շարունակել մինչև այժմ բավականին արդյունավետ բանակցությունները, և չէի ցանկանա, որ ԱՄՆ-ը որևէ կերպ ազդեր այս բանակցությունների ընթացքի վրա, քանի դեռ շարունակվում են օգտակար քննարկումները”, նշել է նա:

Վերլուծաբաններն ասում են, որ այս խոսքերից հետո խորը շունչ քաշեցին Անկարայում: Թուրքական դիվանագիտական աղբյուրները զգուշացնում են, որ ցեղասպանության ճանաչումը բացասաբար կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա և կվտանգի Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման ներկայիս գործընթացը:

Թուրքիայում ապրող ծագումով հայ Սարոպն ասում է, որ հարաբերությունների բարելավումն առավել կարևոր է, քան ցեղասպանության ճանաչումը:

"Կարծում եմ` թուրքերը չեն ուզում ասել “ցեղասպանություն” բառը, և ես էլ չեմ ուզում այդ բառն արտաբերել: Կարծում եմ` թուրք ժողովուրդը պետք է զգա 1915թ. մահացած հայերի ցավը: Ւնձ համար շատ կարևոր է, որ նրանք դա զգան: Հայերը ցանկանում են, որ թուրք ժողովուրդը կիսի նրանց ապրած ցավը: Եվ ես կարծում եմ, որ սահմանները կբացվեն, և հարաբերությունները կբարելավվեն”, ասել է նա:

Սակայն, հնարավոր է, որ այդ հույսերն այդպես էլ չիրականանան:

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների բացումը բազմաթիվ թուրքական հեռուստաալիքների քննարկման թեման է դարձել: Այս խնդիրը գտնվում է Թուրքիայի լրատվամիջոցների մեծ մասի ուշադրության կենտրոնում, և նրանցից շատերը քննադատում են պետությանը միջազգային ճնշումներին զոհ գնալու և դաշնակից Ադրբեջանին դավաճանելու համար:

Քաղաքագետ Նուրեյ Մերթն ասում է. “Սա շատ մեծ խնդիր է, քանի որ միջազգային հանրությունն ստիպում է Թուրքիային կարգավորել հարաբերությունները, սակայն միևնույն ժամանակ գոյություն ունի դրա դեմ ուղղված ներքին ճնշում, որը հեշտությամբ կարող օգտագործվել ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից: Բացի այդ, նրանք օգտագործում են Ադրբեջանի` մեր եղբայր պետության խաղաքարտը, ասելով, որ մենք դավաճանել ենք մեր եղբայրներին, քանի որ, ինչպես գիտեք, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասությունները դեռևս չեն հարթվել: Այսպիսով` Թուրքիայի լրատվամիջոցները և ընդդիմնությունն Ադրբեջանի հարցը օգտագործում են պետության դեմ, ինչը կառավարությանը դժվար կացության մեջ է դնում”:

Հետևանքներն արդեն իսկ ի հայտ են գալիս:

Ադրբեջանի նախագահը այս ամիս համաձայնեց երկրի բնական գազի լայնածավալ ռեսուրսները վաճառել Ռուսաստանին` Թուրքիայի փոխարեն: Մինչդեռ փորձագետների գնահատմամբ` գազի մատակարարումը վճռորոշ դեր կարող է խաղալ Թուրքիայից դեպի Եվրոպա ձգվող կառուցվելիք գազատարի համար:

Չնայած որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի պայմանավորվածությունը պարտադիր ուժ չունի, այն նախազգուշացում էր պաշտոնական Անկարային առ այն, որ վերջինս չբացի Հայաստանի հետ սահմաններն այնքան ժամանակ, մինչև Հայաստանը դուրս չբերի իր զորքերն Ադրբեջանի տարածքից: Ըստ փորձագետների` իրադարձությունների նման զարգացում մոտակա ժամանակներում չի սպասվում, սակայն պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ Թուրքիան հնարավորինս շուտ բացի սահմանները, ինչը Թուրքիային բավականին դժվարին կացության մեջ է դնում:

XS
SM
MD
LG