Շուրջ մեկուկես տարի առաջ Թուրքիայում ծխելն արգելվեց գրասենյակներում, հանրային տրանսպորտում և առևտրի կենտրոններում: Այժմ արգելքը, որին շատերն են կողմ, կգործի նաև ծխելու հիմնական վայրերում` ռեստորաններում, ակումբներում և սրճարաններում:
Ոմանք ասում են, որ դա շատ լավ է այն մարդկանց համար, ովքեր տուժում էին այն վայրերում, ուր կարելի էր ծխել”: Սակայն շատերն էլ բողոքում են, որ ծխելու համար վայր չի մնացել, իսկ սրճարանի տերերն էլ մտահոգված են, որ շուտով կզրկվեն հաճախորդներից:
“Երբ հաճախորդներին ասում ենք “այստեղ չեք կարող ծխախոտ կամ նարգիլե ծխել”, նրանք պարզապես հեռանում են և այլևս չեն վերադառնում, կամ էլ պետք է օրենքը խախտենք և նրանց թույլ տանք ծխել: Ծուղակի մեջ ենք և, հնարավոր է, շուտով փակենք սրճարանը”, ասում է Շելահաթին Նար սրճարանի տերը:
Ամերիկացի Ռոն Ֆիլիպսին այս որոշումը շատ է զարմացրել: Նա ասում է, որ Թուրքիայում ծխելն արգելելը համարժեք է Ռուսաստանում օղին արգելելուն:
Թուրքական թութունը հայտնի է իր բարձր որակով, իսկ Թուրքիան էլ` ծխողների թվով: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով` տղամարդկանց 50, և կանանց 20 տոկոսը ծխողներ են:
Քառասուն տարի առաջ ԱՄՆ-ում մեծահասակների 42 տոկոսը ծխող էր: Այդ ժամանակից ի վեր ծխողների թիվը հետզհետե իջել է, և այժմ 20 տոկոսից քիչն են ծխողներ:
1950-ականներին և 60-ականների սկզբին ծխելը շատ տարածված էր, և հեռուստատեսությամբ և ռադիոյով ծխախոտի գովազդը չափազանց հաճախակի էր:
60-ականների կեսերից սկսած` ԱՄՆ-ի կառավարությունն արգելեց ծխախոտի գովազդը և ստիպեց ծխախոտի գործարաններին տուփերի վրա զգուշացնել ծխելու վտանգավոր հետևանքների մասին: Այնուհետև նման քայլեր ձեռնարկեցին նաև առանձին նահանգներ:
Քալիֆորնիայի Սան Լուիս Օբիսպո քաղաքն առաջինն էր աշխարհում, որտեղ 1990թ. բոլոր փակ հասարակական վայրերում ծխելն արգելվեց: Այսօր ԱՄՆ-ի 50 նահանգներից 27-ում նման օրենք է գործում:
Վաշինգտոնի “Առանց ծխախոտի երեխաներ” քարոզարշավի ղեկավար Մեթյու Մայերսն ասում է, որ ԱՄՆ-ում օրենսդրական փոփոխությունները, այդ թվում և` չծխողների ներկայությամբ ծխելու սահմանափակումները, մեծ ազդեցություն են ունեցել պատանի ծխողների թվի կրճատման վրա: Վերջին տաս տարիներին նրանց տոկոսը 36-ից 20 է իջել:
ԱՄՆ-ում ռեստորանների և ակումբների տերերը նույնպես մտահոգություն ունեին, որ կզրկվեն հաճախորդներից, սակայն շատ դեպքերում հաճախորդների թիվը նույնիսկ աճել է:
Փոուլ Մահերը Վաշինգտոնում Hawk 'n' Dove ռեստորանի մենեջերն է: Նա ասում է, որ 2007թ., երբ Վաշինգտոնում ուժի մեջ մտավ ծխելու արգելքը, կարծես, բոլորը պատրաստ լինեին: Նա հիշում է, որ փոքր թվով մարդկանց դա իհարկե դուր չէր գալիս, քանի որ նրանք ստիպված էին դրսում ծխել, սակայն այդ հանգամանքը շուտով սովորական դարձավ բոլորի համար:
Վաշինգտոնում կան նաև բացառություններ: Դրանցից են այսպես կոչված ավանդական սիգար-բարերը: Դրանցից մեկի տիրոջ` Թոնի Ռուբբոյի խոսքերով` հաճախորդների թիվը զգալի աճել է: “Մինչև արգելքն էլ գործը վատ չէր, սակայն երբ մարդիկ հասկացան, որ ռեստորաններում և բարերում չեն կարող ծխել, նրանք հեղեղեցին Շելիի հետնասենյակը”, ասում է նա:
Նյու Յորքից Թոմ Ֆոնտանան գիտակցում է, որ ծխելը վնասակար է իր առողջության համար, սակայն ուրախ է, որ ծխել թույլատրող վայր է գտել Վաշինգտոնում: Նա հուսով է, որ Թուրքիայում էլ կլինեն այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ, ովքեր պատրաստ են առողջությունը վնասելով ծխել, համապատասխան տեղ կգտնեն:
Մի երկրում, որտեղից ծնունդ է առել “ծխել թուրքի նման” արտահայտությունը, ծխելու արգելքի իրականացումը, նույնիսկ տույժերի կիրառմամբ, շատ խրթին կլինի:
Սակայն ժամանակին ԱՄՆ-ում նույնպես անիրականանալի էր թվում, որ մարդիկ կդադարեն ծխել հանրային վայրերում, սակայն այժմ դա սովորական երևույթ է: