ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Բեթլեհեմ քաղաքի պողպատի գործարանների շնորհիվ են անցյալ դարի ընթացքում կառուցվել Ոսկե դարբաս կամուրջը և Մանհեթընի երկնաքերները: Սակայն 1990-ականներին պողպատի արդյունաբերությունն արտասահմանյան մրցակցությանը չդիմանալով` Բեթլեհեմի գործարանները ամայության մատնվեցին: Սակայն, նորաբաց խաղատունը կարող է նոր շունչ հաղորդել քաղաքին:
Բեթլեհեմի պողպատի ձուլարանները վկայում են քաղաքի անցյալի մասին: Արդեն տաս տարի է, ինչ ԱՄՆ-ի երբեմնի արդյունաբերական հզորության խորհրդանիշ հանդիսացող այս գործարանն ամայության է մատնվել:
Սթիվեն Դոնչեսը շուրջ երեսուն տարի աշխատել է Բեթլեհեմի պողպատի գործարանում: Նա շատ լավ է հիշում իր առաջին աշխատանքային օրը: “Այնտեղ հայտնվելը և արտադրության մաս դառնալը պարզեպես անասելի զգացմունք էր”, պատմում է նա:
Քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ Դոնչեսը դարձել էր ընկերության խոսնակը: Այժմ որպես Արդյունաբերության ազգային թանգարանի նախագահ և տնօրեն` նա պատասխանատու է գործարանի մնացորդների պահպանման համար: Գործարանը թանգարանի մասն է կազմելու:
Քաղաքի արդյունաբերական պատմության պահպանմանը զուգահեռ` Սենդզ Քըսինոու Ռիզորթ ընկերությունը խթանում է քաղաքի ապագա զարգացումը:
Լաս Վեգասի Սենդս Քըսինոու ընկերությունը 2007թ. գործարանի տարածքը գնելուց հետո այս տարվա մայիսին խաղատուն բացեց անմիջապես գործարանի տարածքում:
Հաշվի առնելով Բեթլեհեմի արդյունաբերական անցյալը` խաղատանը պահպանվել է պողպատի արդյունաբերության շունչն ու ոգին:
Այստեղ հաճախ են հիշում այն զավեշտական պատմությունը, որ, համաշխարհային բարձր պահանջարկի պատճառով, Սենդս ընկերությունը կառույցի համար դժվարությամբ է պողպատ ձեռք բերել:
Խաղատան համար շուրջ 750 միլիոն դոլար ներդրում է պահանջվել: Խաղատան նախագահ Ռոբըրթ ԴեՍալվիոն մեծ եռանդով է վերաբերվում իր աշխատանքին` չնայած, որ խաղատունը բացվեց ճգնաժամի ժամանակ:
“Համալիրն արդեն իսկ բավականին մեծ է: Ժամանակի ընթացքում կավելացվեն 300 սենյականոց հյուրանոց, ժամանցի և առևտրի կենտրոններ: Հավանաբար, ևս 100 միլիոն դոլար ներդրում կպահանջվի”, ասում է նա:
Սակայն, այս ծրագրերն արդեն իսկ հետաձգվել են: Հյուրանոցի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել է տնտեսական ճգնաժամի պատճառով: Բացի այդ, որոշ մտավախություն կա, որ քաղաքի բնակիչները, հնարավոր է, դեմ լինեն այս զարգացումներին: Սակայն Սթիվըն Դոնչեսն ասում է, որ ընտրությունը մեծ չէ:
Նրա խոսքերով` գործարանի փակումը ոչ ոքի և հատկապես գործարանի աշխատողներին դուր չեկավ: “Եթե ընտրություն լիներ, կցանկանայի, որ պողպատը եկամուտ բերի, սակայն իրականությունն այլ բան է թելադրում: Հարց է ծագում` թե ո՞րն է ամենաբարենպաստ լուծումը համայնքի և տեղական տնտեսության համար”, ասում է նա:
Սակայն Դոնչեսի անմիջական աշխատանքն է գործարանի ներկայիս վիճակը պահպանումը, ինչն էլ նա մեծ հաճույքով անում է: Գազի շարժիչի սենյակը պետք է ամբողջովին վերականգնվի, որի շուրջը ապակե պատ կկառուցվի, որպեսզի այն տեսանելի լինի այցելուներին:
Վերականգնողական աշխատանքներն իրականացվելու են հիմնականում հին նախագծերի հիման վրա: Կվերականգնվեն նաև այն գործիքները, որոնց շնորհիվ երկու համաշխարհային պատերազմների համար զենքեր և նավեր են պատրաստվել:
Շուրջ հարյուր տարի Բեթլեհեմը ապրել է պողպատի արդյունաբերության շնորհիվ, այժմ, սակայն, Սենդս խաղատունը փորձում է պողպատը ոսկու վերածել: