Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ռազմական և քաղաքացիական ավագ ներկայացուցիչներ պարգևատրվել են Իրաքում ծառայության համար


ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդիլիզա Ռայսը գովասանքի խոսքեր է հղել ԱՄՆ-ի քաղաքացիական և ռազմական առաջնորդների` Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Ռայըն Քրոուքերի և գեներալ Դեյվիդ Փըթրեուսի հասցեին Իրաքում բռնությունները նվազեցնելու և երկրի բնականոն կյանքը վերականգնելու համար: Գեներալ Փըթրեուսը վերջերս ստանձնել է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարի պաշտոնը: Սակայն ԱՄՆ-ի հաջորդ նախագահի ընտրությունից կախված նրա ապագա դերը նույնպես կարող է փոխվել:

Երկուշաբթի օրը պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Պատվավոր ծառայության համար պարգևատրել է Իրաքում ԱՄՆ-ի ուժերի նախկին հրամանատար գեներալ Դեյվիթ Փըթրեուսին և Բաղդադում ԱՄՆ-ի դեսպան Ռայըն Քրոուքերին:

Կոնդոլիզա Ռայսը նրանց գովաբանել է Իրաքում դրական փոփոխություններ բերելու կապակցությամբ. “Իրաքում նվազել են միջխմբային բռնությունների դրսևորումները, առավել սակավ են դարձել ահաբեկչական գործողությունները, իսկ տեղահանված իրաքցիներն իրենց տներն են սկսել վերադառնալ: Իրաքում Ալ Քայդան մասնատված է և ճնշված, Իրաքի տնտեսությունը վերելք է ապրում, Բաղդադի ընտրված վարչակարգն առավել արդյունավետ է և հետզհետե ընդլայնում է ինքնիշխանության շրջանակը”:

Պետքարտուղար Ռայսի կարծիքով Իրաքում կամաց-կամաց վերականգնվում է բնականոն կյանքը: Նա ասում է, որ Իրաքում խաղաղության և ազատության հաղթանակը հույսի ապավեն է Մերձավոր Արևելքի համար. “Իրաքում վերջնական հաջողության չենք հասել, սակայն այժմ կարող ենք տեսնել, թե ինչպիսին կլինի հաջողությունը: Հաջողություն, որը կենթադրի խաղաղության մեջ ապրող և տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ ունեցող Իրաք, որն իր ժողովրդավարական կառավարման համակարգով ի վիճակի կլինի ինքնապաշտպանվել և, ի վերջո, գոյատևել առանց միջազգային աջակցության”:

Գեներալ Փըթրեուսն այժմ ղեկավարում է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը, որը վերահսկում է ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում և` Աֆղանստանում:

Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Ջոն Մքքեյնի կարծիքով, գեներալ Փեթրեուսի շնորհիվ է, որ 2007թ. ԱՄՆ ռազմամիավորների ավելացման պայմաններում Իրաքի պատերազմը հաջողության է հասել: Ջոն Մքքեյնը հայտարարել է, որ նախագահ դառնալու դեպքում թույլ կտա, որպեսզի գեներալ Փըթրեուսը որոշի Իրաքում ԱՄՆ զորքերի ներգրավվածության աստիճանը:

Սակայն Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման հայտարարել է, որ ընտրվելուց հետո 16 ամսվա ընթացքում Իրաքից դուրս կբերի ռազմամիավորումները:

XS
SM
MD
LG