Մատչելի հղումներ

Բնակլիմայական փոփոխությունների առաջացրած մարտահրավերները


Բնակլիմայական փոփոխությունների առաջացրած մարտահրավերները
Բնակլիմայական փոփոխությունների առաջացրած մարտահրավերները

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Ժողովրդավարության և համաշխարհային գործերի պատասխանատու փոխքարտուղար Փոլա Դոբրիանսկին նշել է, որ ԱՄՆ-ը գիտակցում է, որ բլիմակլիմայական փոփոխությունների առաջ բերած մարտահրավերներն այս դարի բարդագույն խնդիրներից են: Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է մնում առաջնորդի դեր ստանձնել բնակլիմայական փոփոխությունների առնչությամբ նոր համընդհանուր ռազմավարություն մշակելու և իրականացնելու հարցում: Փոխքարտուղար Դոբրիանսկին այս մասին խոսել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում` լրատվությանը և լրագրությանը նվիրված Նյուսեում կոչվող ինտերակտիվ թանգարանում, տեղի ունեցած համաժողովին, որին ներկա են եղել նաև Ֆրանսիայի, Լեհաստանի և Դանիայի դեսպանությունների ներկայացուցիչները:

Փոխքարտուղար Փոլա Դոբրիանսկին նշել է, որ այս տարին վճռական է բնակլիմայական փոփոխությունների շուրջ միջազգային բանակցություններ վարելու առումով: Այս տարվա դեկտեմբեր ամսին Լեհաստանի Պոզնան քաղաքում տեղի ունենալիք Միավորված ազգերի կազմակերպության Բնակլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովը կնշի անցյալ տարի մեկնարկած Բալիի երկամյա գործողությունների ծրագրի միջնաժամկետը: Գործողությունների պլանը կարևոր դեր կխաղա 2009թ. դեկտեմբերին Կոպենհագենում բնակլիմայական փոփոխությունների մարտահրավերների լուծման նոր համընդհանուր ռազմավարության մշակման համար:

Փոլա Դոբրիանսկին նաև նշել է, որ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ջանքեր չի խնայում նորընտիր նախագահ Օբամայի վարչակարզմին իշխանության սահուն փոխանցում ապահովելու համար: Նորընտիր նախագահն իր պաշտոնավարությունն սկսում հունվարի 20-ին:

ԱՄՆ-ը հուսով է, որ Պոզնանի համաժողովը կնպաստի, որպեսզի առավել հստակեցվեն մասնակից երկրների առաջնահերթ խնդիրները և ակնկալիքները: Փոլա Դոբրիանսկին մասնավորապես հույս է հայտնել, որ գործող աշխատանքային պլանի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի, որը հիմք կծառայի մինչև մյուս տարվա գարուն նախատեսված բանակցային փուլի համար, երբ արդեն վերանայված կլինեն Բալիի գործողությունների պլանում նշված հիմնախնդիրները:Նա նշել է, որ Բալիի գործողությունների պլանի բոլոր տարրերը`համընդհանուր տեսլական, բարելավում, համապատասխանեցում, տեխնոլոգիա և ֆինանսավորում, փոխկապված են: Մենք չենք ակնկալում, որ Պոզնանում մեծ փոփոխությունների կհասնենք մասնակի կամ ժամանակավրեպ որոշումներով: Նա նաև շատ է կարևորել այն փաստը, որ ներկա վարչակազմը պետք է զգուշություն ցուցաբերի և խուսափի հաջորդ վարչակազմի առջև եղած տարբերակների սահմանափակումից:

Պոզնանի համաժողովը կընդգծի մաքուր էներգիայի տեխնոլոգիաների հետազոտման և մշակման կարևորությունը: Քննարկվելու են նաև կլիմայական փոփոխություններին հակազդելու համար անհրաժեշտ կոլեկտիվ ջանքերը: ԱՄՆ-ը հետևողականորեն կկատարի իր պարտականությունները, սակայն մյուս պետություններն էլ պետք է իրենց պարտավորությունները կատարեն:

Այպիսով, Պոզնանում ԱՄՆ-ի ամենաառաջնային խնդիրը կլինի 2009թ. արդյունավետ արդյունք ստանալու համար բարենպաստ հող նախապատրաստելը:

XS
SM
MD
LG