Մատչելի հղումներ

Լարված հարաբերություններ Ռուսաստանի և Վրաստանի միջև


Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները թերևս լարված են մնում Վրաստանից անջատ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների շուրջ:

Աբխազիան գտնվում է Վրաստանի հյուսիս-արևմտյան հատվածում, իսկ Հարավային Օսիան` հյուսիս-կենտրոնական հատվածում: Երկուսն էլ ընդհանուր սահմաններ ունեն Ռուսաստանի հետ:

Քըլամբիա համալսարանից Ռոբերտ Լեգվոլդն ասում է, որ երկու շրջաններում էլ խիստ արտահայտված են անջատողական շարժումները, չնայած որ դրանք Վրաստանի մաս են կազմում: “Երկու տարածքներն էլ 1990-ականների սկբզին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից հետո չցանկացած ինտեգրվել Վրաստանին: Աբխազիան անկախություն է պահանջում: Հարավային Օսիան ի սկզբանե լիարժեք անկախություն չէր պահանջում, այլ ցանկանում էր միանալ Ռուսաստանի մաս կազմող Հյուսիսային Օսիային: Սակայն վերջին շրջանում այն նույնպես սկսել է անկախություն պահանջել:”

Չիկագոյի համալսարանից Ռոնալդ Սունին այլ փորձագետների թվում ասում է, որ Կոսովոյի` Սերբիայից անկախության հռչակումը և բազմաթիվ արևմտյան պետությունների կողմից անկախության ճանաչումն ամրապնդել են անջատողական շարժումները տարբեր տարածքներում, որոնք գտնվում են Ռուսաստանի ազդեցության գոտում: “Այժմ Աբխազիան, Հարավային Օսիան, նույնիսկ Չեչնիան, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը և այլ տարածքներ, որոնք ըմբոստացել կամ փորձել են ինքնավարություն կամ անկախություն պահանջել, այժմ ցանկանում են Կոսովոյի օրինակը որպես նախադեպ օգտագործել: Այսպիսով, Աբխազիան և Հարավային Օսիան ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա` աջակցելու ինքնավարության ընդլայնման կամ անկախության խթանման հարցում:

Չնայած Ռուսաստանը հետևողականորեն ընդդիմացել է Կոսովոյի անկախությանը, փորձագետներն ասում են, որ այն փորձել է օգուտ քաղել այն մտավախությունից, որ Վրաստանի անջատողական տարածքներում նույնպես նման լուծումներ կարող են տրվել:

Ռոբերտ Լեգվոլդն ասում է, որ անցյալ ամսի ռուս պաշտոնյաները առավել սերտ համագործակցություն են նախաձեռնել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: “Ապրիլի 16-ին նրանք հայտարարեցին, որ կընդլայնեն առևտրային կապերը երկու տարածքների հետ, այնուհետև պաշտոնական ներկայացուցչություններ կհիմնեն այնտեղ: Այս առումով, Ռուսաստանը շատ ավելի մեծ ազդեցություն ունի այս տարածքներում, քան Վրաստանի կառավարությունը:”

Այդ հայտարարություններն արժանացան Վրաստանի խիստ գնահատանքին: Վրաստանը Ռուսաստանին մեղադրեց երկու պետությունների միջև հարաբերությունները սրելու մեջ:

Պաշտոնական Մոսկվայի և Թբիլիսիի միջև անհամաձայնությունների մեկ այլ աղբյուր է Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական զորքերի ներկայությունը: Ըստ էության, դրանք խաղաղապահ զորքեր են, սակայն Վրաստանը պնդում է, որ դրանց ներկայությունն էլ ավելի է ամրապնդում անջատողական ուժերը: Ռուս պաշտոնյաները սակայն ժխտում են այս մեղադրանքը:

Ապրիլ ամսվա վերջին Աբխազիայի օդային տարածքում վրացական հետախուզական օդանավի ոչնչացման արդյունքում հարաբերություններն էլ ավելի սրվեցին: Վրաստանի պաշտոնյաները պնդում են, որ հարված եղել է ռուսական ռազմական օդանավից, իսկ պաաշտոնական Մոսկվան ժխտում է այդ մեղադրանքը: Վերջին շաբաթներին տեղի են ունեցել ևս նման դեպքեր:

Փրինսթոնի համալսարանի Վուդրոու Ուիլսոնի Հանրային և միջազգային հարաբերությունների ֆակուլտետից Զեյսոն Լյալի կարծիքով, օդանավերը ոչնչացվել են Աբխազիայի` Կոդորի կիրճի օդային տարածքում: “Կոդորի կիրճն ըստ էության այն միակ հատվածն է, որը Վրաստանը կապում է Աբխազիային: Իսկ այժմ ռուսական զորքերը տեղակայված են կիրճի հյուսիսային տարածքում, իսկ վրացականը` հարավում: Վրացիները պարբերաբար փորձում են հետախուզել ռուս զինվորների գտնվելու ճշգրիտ վայրը:” Լյալն ավելացնում է, որ վերջին լարված իրավիճակի արդյունքում Ռուսաստանն ու Վրաստանը ընդլայնել են զորքերի թվաքանակը:

Ռուս և վրացի պաշտոնյաները երկուստեք մեղադրանքներ են ներկայացրել տարածաշրջանում պատերազմական սպառնալիքներ ստեղծելու առումով: Չիկագոյի համալսարանից Ռոնալդ Սունին զգուշացնում է, որ իրավիճակը վտանգավոր է: “Ակնհայտ է, որ Վրաստանը պատերազմ չի ցանկանում: Վրաստանը կարող է պարտություն կրել: Մյուս կողմից էլ` Ռուսաստանն էլ չի ցանկանում, որպեսզի տարածաշրջանում բախումներ լինեն, քանի որ մոտակայքում գտնվող Սոչիում արդեն սկսվել են 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները:”

Փրիսթոնի համալսարանից Զեյսոն Լյալն իր համաձայնությունն է արտահայտում. “Ոչ Ռուսաստանը և ոչ էլ Վրաստանը պատերազմ չեն ցանկաանում, սակայն վտանգավոր է, որ բոլոր կողմերի համար անցանկալի բախումներ սկսվեն: Այժմ բավականին լարված իրավիճակ է, և շատ արագ կարող են բախումներ բռնկվել: Խնդիրը պատերազմի ցանկությունը չէ, այլ այն, որ այդ փոքր տարածքում այժմ այնքան զորք է կուտակված, որ երկու պետությունների անցյալ թշնամանքի պայմաններում ցանկացած պահի կարող է հակամարտություն սկսվել:”

Ռոնալդ Սունին ասում է, որ լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերը բանակցություններ սկսեն: Աշխարհի ներկա զարգացումներից ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է բանակցել ոչ միայն ընդդիմադիրների, այլև թշնամիների հետ էլ:

Փորձագետների մեծ մասն ասում է, որ այս խնդիրը անլուծելի չէ, սակայն նրանց կարծիքով Ռուսաստանի նորանշանակ նախագահ Դմիտրի Մեդվեդեվը պետք է անմիջապես անդրադառնա ռուս-վրացական խնդրին, իրավիճակը հսկողությունից դուրս չգա:
XS
SM
MD
LG