Թոմաս Ջեֆերսոնի անվան դպրոցի աշակերտ Սեթ Քոլքերը և նրա համադասարանցիներն ավարտական առաքելություն են ստանձնել. նրանք ցանկանում են արևային մարտկոցներ տեղադրել դպրոցի տանիքին:
Ամանդա Հուրովիցը պատանիների ուսուցչուհին է: Նա ասում է, որ երբ նման նվիրված և խելացի 30-40 աշակերտների խմբի հետ ես աշխատում, ամեն ինչ հնարավոր է թվում:
Թոմաս Ջեֆերսոնի անվան դպրոցն էլեկտրականություն է ստանում ածխի վառելիքով աշխատող էլեկտրակայանից, ինչն առաջացրել է շրջակա միջավայրի պաշտպանությամբ հետաքրքրվող աշակերտների և ուսուցիչների մտահոգությունը:
“Ածուխը մաքուր ածխածին է: Այսպես, այն վառելով, մթնոլորտ ածխածնի երկօքսիդ ես արտանետում, ինչը նպատաստում է համաշխարհային ջերմացմանը”, պարզաբանում է Սեթ Քոլքերը:
Գիտնականների մեծ մասը և շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվողները` ինչպես օրինակ նախագահի թեկնածու դեմոկրատ Ալ Գորը, ասում են, որ ածխածնի վրա հիմնված վառելիքի` ածխի կամ գազի այրումը նպաստում է երկրի մթնոլորտի միջին ջերմաստիճանի բարձրացմանը:
Ի պատասխան` ԱՄՆ-ի որոշ կրթօջախներ դիմել են արևային մարտկոցների օգնությանը: Սակայն մայրաքաղաքի շրջակայքի դպրոցները մինչև վերջերս խուսափում էին դրանից` հաշվի առնելով սկզբնական շրջանում պահանջվող մեծ ներդրումները:
Սակայն Թոմաս Ջեֆերսոնի անվան դպրոցի աշակերտները համառություն են ցուցաբերել և ֆինանսավորման աղբյուր են գտել:
“Ես նամակներ էի ուղարկում տարբեր կորպորացիաներ` հանգանակումներ էի խնդրում արևային մարկոցների տեղադրման համար”, պատմում է աշակերտներից մեկը:
Սեթ Քոլքերն ասում է, որ սկզբում 15,000 հավաքվեց, հետո քսան, քառասում, և ի վերջո 56 հազար դոլար հավաքվեց:
Դպրոցի տանիքին տեղադրված քսաներկու արևային մարտկոցներն ապահովում են դպրոցի համար պահանջվող էլեկտրականության մոտ երեք տոկոսը: Այս թվացյալ փոքր փոփոխությունը մեծ հետևանքներ կունենա ժամանակի ընթացքում: Սեթ Քոլքերի խոսքերով` մոտ մեկ տարվա ընթացքում այս մարտկոցների շնորհիվ մոտ հինգ տոննա պակաս ածխածին կարտանետվի մթնոլորտ:
Արևային մարտկոցը բաղկացած է մի շարք արևային բջիջներից, որոնք արևի էներգիան փոխակերպում են էլեկտրականության: Յուրաքանչյուր բջիջ տեղակայված է շարժիչով հատուկ սարքի վրա: Արևային բջիջները հետևում են արևի շարժմանը երկնքում:
Արևային մարտկոցներն արդեն տեղադրված են և գործում են, սակայն աշակերտների առաքելությունն ավարտված չէ: Դպրոցի ավտոկայանատեղում նոր տուն է կառուցվում` արևային մարտկոցներով տանիքով:
Առաջիկայում նոր արևային մարտկոցների ավելացման և քամու տուրբինների կառուցման ծրագրեր կան: