Մատչելի հղումներ

Ամերիկացի ուսանողները` կայուն զարգացման ջատագովներ


Շահութ չհետապնդող շրջակա միջավայրի ջատագով կազմակերպության խոսքերով` ԱՄՆ-ում ուսանողները մեծապես ներգրավված են “կանաչ շարժման” մեջ` լինի դա օրգանական գյուղատնտեսություն, թե մաքուր էներգիա: Սակայն ըստ Բնական միջավայրի ազգային դաշինքի ուսումնասիրության` քոլեջները և համալսարաններն ուսանողների հետաքրքրությունները բավականաչափ չեն բավարարում:

Սոֆիա Մարավելն արձակուրդը հաճույքով տրամադրում է Ադամսթաունի իրենց օրգանական ֆերմայի աշխատանքներին: Այնտեղ իր հոր` Նիքի հետ նրանք բուծում են հավեր և անասուններ և այս տարի աճեցրել են եգիպտացորեն ու սոյայի հատիկներ: Սոֆիան օրգանիկ շարժման ակտիվ մասնակից է:

“Վերադարձ դեպի օրգանական գյուղատնտեսություն երիտասարդական շարժում կա շատ դպրոցներում և համալսարաններում, նաև`Քոլորադոյի քոլեջում, ուր սովորում եմ: Կարծում եմ` մենք ավելի առաջադեմ ենք, քան հասարակության տարեց շատ անդամներ. սա համաշխարհային շարժում է”,-ասում է նա:

Սոֆիայի խոսքերով` այդ շարժումը կարևոր է մարդկությունը և շրջակա միջավայրը պահպանելու համար: Քոլեջին կից նրա օրգանական այգու բանջարեղենը գնում է քոլեջի ճաշարանը:

Սոֆիան եղել է Եվրոպայի և Հնդկաստանի շատ օրգանական ֆերմաներում: Նա բողոքում է, որ համալսարանում ուսանողներին նման դասընթացներ չեն առաջարկում:

“Միայն գրքեր կարդալը բավարար չէր: Մենք ցանկանում էինք ավելի գործնական գիտելիքներ ստանալ և զբաղվել դրանով”,-բացատրում է նա:

Շատերն են համաձայն Սոֆիայի հետ: Բնական միջավայրի ազգային դաշինքի ուսումնասիրությամբ` չնայած ուսանողները գնալով ավելի են հետաքրքվում կայուն զարգացմամբ, համալսարանների արձագանքը համարժեք չէ:

“Էկոլոգիայի, կայուն զարգացման տնտեսագիտության և սոցիալական հավասարության սերունդ” ուսումնասիրությունը կատարվել է 160 համալսարաններում, որտեղ ուսանողներն ակտիվ են:

“Մեր արդյունքները վկայում են, որ ուսանողների շրջանում գնալով աճում է կանաչ քաղաքականության նկատմամբ հետաքրքությունը, սակայն լսարաններում կայուն զարգացման թեման բավականաչափ չի շոշափվում”,- կարծում է Բնական միջավայրի ազգային դաշինքի անդամ Ջուլիան Քանայրին: “Ուսանողների հետ աշխատելուց քսան տարի անց մենք նկատում ենք ներգրավվածության և ստեղծագործական մտքի աննախադեպ առկայություն: Սա 60-ականների քաղաքացիական շարժման և 70-ականների խաղաղության շարժման արձագանքն է”:

Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Վաշինգտոնում ուսանողները ցուցադրում են մաքուր էներգիայի իրենց ծրագրերը: Դրանցից էր արևային էներգիայով պատրաստված տների` Արևային տասնամարտ մրցույթը:

Քենայրիի խոսքերով` ուսանողներն աչքի են ընկնում իրենց աննախադեպ նախաձեռնություններով: Որևէ խոչընդոտի համար կգտնվի ուսանողների խումբ, որը կկարողանա ցանկացած միջավայրում կիրառելի լուծում տալ: Ուսանողները կազմակերպում են “կանաչ հավաքներ”` ուղղված տեղական քաղաքականության փոփոխությանը և իրենց համալսարանում օրգանապես աճեցված սննդի օգտագործմանը: Ըստ նրա` երիտասարդներն ակտիվանում են նաև քաղաքականության մեջ` նախընտրելով քվեարկել այն թեկնածուների համար, ովքեր զբաղվել են շրջակա միջավայրի պահպանության գործերով:

XS
SM
MD
LG