Մատչելի հղումներ

Գոլդմըն բնապահպանության 150 հազար դոլար մրցանակը` շրջակա միջավայրի վեց պաշտպաններին


Գոլդմըն բնապահպանության 150 հազար դոլար մրցանակը` շրջակա միջավայրի վեց պաշտպաններին
Գոլդմըն բնապահպանության 150 հազար դոլար մրցանակը` շրջակա միջավայրի վեց պաշտպաններին
<!-- IMAGE -->

Յուրաքանչյուր ապրիլ ամսին Երկրի օրվան նվիրված միջոցառումների շարքում աշխարհի վեց մայրցամաքներից շրջակա միջավայրի պաշտպանության ջատագովներին է տրամադրվում բնապահպանության Գոլդմըն մրցանակը: Այս մրցանակը երախտիքի արտահայտումն է այն անձանց նկատմամբ, ովքեր նախաձեռնողաբար և արիությամբ արձագանքել են շրջակա միջավայրի խնդիրներին:

"Ես կուբացի եմ, երաժշտությունն իմ արյան մեջ է: Երգերիս ներշնչանքի աղբյուրը բերքի, ինչպես նաև` գաղափարների բազմազանությունը խթանելուն ուղղված իմ ջանքերն են",-բացատրում է կուբացի մրցանակակիր Ումբերտո Ռիոս Լաբրադան:

20-րդ դարի երկրորդ կեսին գյուղատնտեսության մեքենայանացման և պեստիցիդների լայն կիրառման արդյունքում կենսաբազմազանության և բերքի նվազման դեմ պայքարելու համար կուբացի գյուղատնտես Ումբերտո Ռիոս Լաբրադան հիմնեց ուսուցման կենտրոններ և սերմերի տնտեսություն: Արդյունքում արտադրությունը կտրուկ աճեց: Ներկայումս ծրագրում ընդգրկված է ամբողջ երկրից 50 հազար ֆերմեր: Մեքսիկայում Ռիոսը նախաձեռնել է ծրագրեր, որոնց հիմքը գյուղատնտեսությունն է:

"Ես երազում եմ, որ բոլոր գիտահետազոտական հաստատությունները մատչելի դարձնեն սերմերի բազմազանությունը և ընդունեն գյուղացի ֆերմերների գիտելիքը: Այդ դեպքում Կուբան կդառնա իրական օրգանական գյուղատնտեսական կղզի",-ասում է նա:

Գոլդմընի մյուս մրցանակակիրը Աֆրիկայից փաստաբան Տուլի Մակաման է: Նա Սվզիլենդում պաշտպանում է այն մարդկանց շահերը, ովքեր դարեր շարունակում բնակվում էին ներկայիս մասնավոր արգելոցների կամ դրանց հարակից տարածքներում:

1997թ. ընդունված օրենքը թույլ էր տալիս զենք կիրառել կասկածելի որսագողերի նկատմամբ, որի արդյունքում, ըստ Մակամայի` հարյուր մարդ սպանվեց:

"Երբ առավոտյան արթնանում են դատարկ գրպանով, նրանք դիմում են բնությանը, հուսալով, որ գոնե այն ապահովի օրվա սնունդը: Որսագողության կասկածանքով սպանվում էին այն աղքատ մարդիկ, ովքեր բնակվում էին արգելոցների մոտ և այգի էին մտել սնունդ հայհայթելու համար: Դա խնդրի լուծում չէր: Մշտական լուծումը պետք է հավասարակշռեր տեղի համայնքների և արգելոցների շահերը",- պատմում է Մակաման:

2009թ. Մակամայի հաղթանակի շնորհիվ ոչ պետական կազմակերպություններն ամրագրեցին իրենց տեղերը Սվազիլենդում որոշում կայացնող բարձրագույն մարմնի` Բնապահպանության վերահսկման խորհրդում:

Բնության և մարդու պահանջմունքները հավասարակշռելու խնդիրն առկա է նաև Լեհաստանի Ռոսպուդա դաշտավայրում, որտեղ կուսական անտառ է և տորֆաճահիճներ: Այն Եվրոպայի չշահագործված վայրերից մեկն է: Գոլդմընի մրցանակակիր Մալգորզատա Գորսկայի պայքարի շնորհիվ դադարեցվել է անտառի միջով մայրուղու կառուցումը:

Շահութ չհետապնդող կազմակերպության անդամ և բնապահպան Գորսկան դիմել էր Եվրահանձնաժողովին: Նա հուսով էր, որ Լեհաստանին կմեղադրեն պահպանվող տարածքների վերաբերյալ Եվրամիության կարգավորումները խախտելու մեջ:

"Հաղթանակի մասին լուրը ոգևորիչ էր: Դա նշանակում էր, որ բնությանը վերաբերող օրենքները նույնքան կարևոր են, որքան մնացածը: Դա բոլորի հաղթանակն էր, սովորական քաղաքացու կամ բնության սիրահարի, և ոչ թե անձի կամ բնապահպանական կազմակերպության",-ասում է Գորսկան:

Գոլդմընի այլ մրցանակակիրներ պարգևատրվել էին Կամբոջիայում ասիական փղերի պաշտպանության, ԱՄՆ-ում թռնչաֆերմաների կողմից աղտոտման բացահայտման և շնաձկան լողակների միջազգային առևտուրն արգելող քարոզարշավի համար: 1989թ. Գոլդմըն բնապահպանության մրցանակի հիմնադրման օրվանից 79 երկրներից 139 մարդ է պարգևատրվել:

XS
SM
MD
LG