Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի սենատորները քննարկում են Իրանի հետ հարաբերությունների հետագա ընթացքը


Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ուսումնասիրում է Իրանի հետ բանակցություններ սկսելու դրական և բացասական կողմերը: Բանակցությունները, որի առաջարկով հանդես են եկել աշխարհի վեց խոշորագույն պետությունները` ներառյալ ԱՄՆ-ը, մասնավորապես կծավալվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Մինչդեռ ԱՄՆ-ը և այլ պետություններ կասկածում են, որ Թեհրանը միջուկային զենք է մշակում:

Նախկինում ԱՄՆ փաստաբան Ռոբըրթ Մորգենթաուն հետևյալ նախազգուշացմամբ է հանդես եկել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև:

"Մենք բավականին ուշացել ենք և շատ ժամանակ չունենք` կանխելու մեծ շառավղով հրթիռներ և միջուկային զենքեր մշակելու Իրանի փորձերը”, նշել է նա:

Ի տարբերություն նախկին վարչակազմի որդեգրած քաղաքականությանը` նախագահ Օբաման Իրանի հետ հարաբերություններում նոր սկիզբ դնելու ցանկություն է հայտնել և բանակցություններ սկսելու առաջարկ է արել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Ջոն Քերին համամիտ է այդ առաջարկին: "Մենք նախընտրում ենք հարաբերություններ հաստատել և զերծ մնալ առճակատումներից”, ասել է նա:

Սակայն հարաբերությունների հաստատման փորձի ձախողման դեպքում` նախկինում պետքարտուղարի տեղակալ Նիքըլաս Բըրնսը խորհուրդ է տալիս լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել և նույնիսկ ռազմական միջամտության դիմել:

"Այս հարցում մեր գործընկերները, հատկապես Ռուսաստանը և Չինաստանը, որոնք բավականին ազդեցիկ են, պետք է նախապես համաձայնության գան մեզ հետ, որ, բանակցությունների ձախողման դեպում, նրանք մեզ հետ միասին շատ խիստ պատժամիջոցներ կկիրառեն` այդ թվում նաև հաշվի առնելով ուժ կիրառելու սպառնալիքը”, ասել է նա:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն հայտարարել է, որ պատրաստ չէ առանց նախապայմանների բանակցություններ սկսել ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ:

Սակայն Նիքըլաս Բըրնսը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է համբերատար լինի: "Մեր հարաբերությունները շուրջ 30 տարի սառեցված են եղել: Կարտերի վարչակազմից ընդհուպ մինչև Օբամայի վարչակազմը մենք որևէ իմաստալից քննարկումներ չենք ունեցել Իրանի մի շարք կառավարությունների հետ: Փոխըմբռնման հիմքերը շատ թույլ են, և միմյանց ընդունում ենք որպես հակառակորդներ: Այս իրավիճակը բավականին վտանգավոր կարող է լինել երկու պետությունների համար էլ: Իմ կարծիքով` իրանցիները հիրավի վտանգ են սպառնում մեր երկրին: Ես ոչ մի կասկած չունեմ, որ նրանք փորձում են միջուկային զենք մշակել”, մասնավորապես ասել է նա:

Չնայած սենատոր Քերին պնդում է, որ ԱՄՆ-ը վարչակարգի փոփոխության նպատակ չի հետապնդում, փորձագետները կարծում են, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ ամսվա ընտրությունների արդյունքում:

Ռոբըրթ Մորգենթաուի խոսքերով`"Ահմադինեջադն այլևս մեծ ժողովրդայնություն չի վայելում: Նրա տնտեսական քաղաքականությունը հաջողությամբ չի պսակվել: Իրանի հասարակ քաղաքացիները դժավրությունների առջև են կանգնած: Սակայն դժվար է ասել` արդյոք այդ դգժոհությունն իր արտացոլումը կգտնի ընտրությունների ժամանակ, թե` ոչ”:

Այս շաբաթ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կհրապարակի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույց:

XS
SM
MD
LG