Ամեն տարի ԱՄՆ-ի արևելյան ափում Չեզըփիք ծոցի ափամերձ տարածքից գրեթե երկու մետր քայքայվում է կամ ծածկվում ծովի մակարդակի բարձացման հետևանքով: Այդ կորուստը կանխելու փորձերը տարիներ շարունակ տարբեր արդյունքներ են տվել: Գիտնականներին այժմ հուսադրում է վերականգնման «բնակելի ափեր» կոչվող մոտեցումը:
Առաջին հայացքից այս ծովափը գրավիչ է և առողջ: Սակայն մեկ ամիս առաջ այդպես չէր: Այստեղ ցանկացած կենդանի երեւույթ աճեցված կամ բնակեցված էր մարդու կողմից, ներառյալ` ծովախեցգետինը:
«Ափամերձ տարածքում բնական միջավայրի վերականգնումից հետո ծովախեցգետինները զգալիորեն շատացան այստեղ: Բացի այդ դրանք ծոցերում բնակվող ձկների նախընտրած սնունդն են»,- բացատրում է բնակելի ափերի ծրագրի աշխատակից Ջենա Դեյվիսը:
Ջենա Դեյվիսը գլխավորում է Չեզըփիք Բեյ Թրասթ մասնավոր շահույթ չհետապնդող մասնավոր կազմակերպությունը, որը ֆինանսավորում է վերականգման և կրթական ծրագրերը: Վերականգնման ծրագրում ներագրավված են ավելի քան տասնյակ կազմակերպություններ:
«Ափամերձ շրջանների պահպանման այս ծրագիրը համատեղում է բնական միջավայրի հատկությունները և պահպանման ավանդական միջոցները»,-ասում է Դեյվիսը:
Իսթըրն Նեք կղզու այս հատվածը ազգային արգելոցի կարևոր հատված է, քանի որ Հեյլ Քրիքը պահպանող նեղուցը բարենպաստ բնական միջավայր է ջրային թռչուների, ոստրեների, ձկների և տարբեր կենդանինեերի համար:
Հյուսիսի ծանր ձմեռներից խուսափելու համար հարյուրավոր թռչուններ են չվում այստեղ: Այս առատ ջրերում նրանց համար բավարար սնունդ կա, և միջավայրն էլ բարենպաստ է: Սակայն այս տարածքի համար լուրջ սառնալիք է էրոզիան:
Ափի բնակեցման ծրագրերի աշխատակից Սաթերլենդը բացատրում է, որ քայքայումը բնական գործընթաց է, սակայն կլիմայական փոփոխությունները և մարդկային գործոնը բարդացրել են խնդիրը, և Չեզըփիքի ծոցի վերականգնմանն ուղղված աշխատանքները դարձել են հրատապ:
“Տարիներ շարունակ ծովի մակարդակը բարձրացել է հաստատուն տեմպով, սակայն գլոբալ տաքացման պայմաններում այդ տեմպն արագացել է, և այժմ այդ ահագնացող խնդրին լուծում տալը մեր գերխնդիրն է”,-բացատրում է նա:
Ըստ Սաթըրլենդի` շատ ձկների և ծովախեցգետնու համար սակավաջուր այս տարածքն ամենաբարենպաստ միջավայրն է: Ծրագրով նախատեսված է նաև ոստրեների վերաբնակեցում:
Մինչև վերջերս պահպանման ծրագրերը կիրառում էին հին միջոցներ, օրինակ` երեսապատում, քարերի շարում ափի երկայնքով, հենապատերի կանգնեցում, Դրանք չնայած պահպանում են ափը, սակայն չեն ստեղծում բնակելի միջավայր:
Ըստ Դեյվիսի` դեռ վաղ է խոսել թե որքան ժամանակ “բնակելի ափերի” փորձը արդյունավետ կլինի, սակայն վերականգնված տարածքները բավական հուսադրող են: