Մատչելի հղումներ

Մտավորականները հորդորում են նախագահ Օբամային ժողովրդավարություն խթանել Մերձավոր Արևելքում


140-ից ավել ամերիկյան և միջազգային գիտաշխատողներ նախագահ Օբամային ուղղված բաց նամակում նրան հորդորել են որդեգրել հետևողական և վստահելի քաղաքականություն` արաբական և մահմեդական աշխարհում ժողովրդավարություն խթանելու նպատակով:

Մտավորականները պնդում են, որ Մերձավոր Արևելքի ժողովուրդները ձգտում և պայքարում են առավել մեծ ազատություն ձեռք բերելու համար:

Նրանք կոչ են արել նախագահ Օբամային հրաժարվել նախագահ Բուշի` Իրաքում վարչակարգի փոփոխության հասնելու քաղաքականությունից և ընդունել ժողովրդավարական գործընթացները, նույնիսկ երբ դրանք հանգեցնում են իսլամիստների հաղթանակի` ինչպես, օրինակ, Համասի հաղթանակը Գազայի հատվածում:

Նախագահին բաց նամակ գրելու գաղափարը նախաձեռնել է Ռադվան Մասմուդիի գլխավորած Իսլամագիտության և ժողովրդավարության կենտրոնը: Մասմուդիի կարծիքով` ԱՄՆ-ի առաջին սխալը Իրաք ներխուժելն էր: "Հաջորդ սխալը ժողովրդավարությունից հեռանալն ու Եգիպտոսի, Պաղեստինի, Լիբանանի և Մարոկոյի ընտրություններում իսլամիստական կուսակցությունների հաղթանակների պարագայում ժողովրդավարության մասին լռելն էր: Դա նրանց վախեցրեց, ինչը, կարծում եմ, սխալ էր: Ժողովրդավարությունը գործընթաց է, և մենք պետք է համբերությամբ զինվենք մինչ այն իր հունով սկսի ընթանալ”, մասնավորապես ասել է նա:

Մասմուդին կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ-ի քաղաքականությունը այն չափավոր իսլամիստական խմբերի նկատմամբ, որոնք հրաժարվել են բռնությունից և գործում են ժողովրդավարական սկզբունքներին համահունչ:

Բերափոխումների ջատագով պրոֆեսոր Սաադ Էդին Իբրահիմը մի քանի տարի ազատազրկված է եղել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակին քննադատելու համար: "Մենք պնդում ենք, որ ԱՄՆ-ի շահերից է բխում մահմեդական և արաբական աշխարհի ժողովուրդների, այլ ոչ` ղեկավարների հետ համագործակցությունը, քանի որ ղեկավարների հետ համագործակցությունը կարող է շատ փխրուն լինել և բացասական հետևանքներ ունենալ ապագայի համար”, ասել է նա:

Եգիպտոսի կառավարությունը ճնշող պայքար է տանում Մահմեդական եղբայրության դեմ` ձերբակալելով խմբի հարյուրավոր անդամների, չնայած այն հանգամանքին, որ տարիներ առաջ խումբը հրաժարվել է բռնություններից և այժմ խորհրդրարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է: ԱՄՆ-ը չի քննադատել խոշորարգույն դաշնակից հանդիսացող Եգիպտոսի կառավարության այս քայլերը:

Իբրահիմը նշել է, որ շատ երկրներում` այդ թվում և Թուրքիայում, Ինդոնեզիայում և Մարոկոյում, ընտրություններին մասնակցելու իրավունքը հանգեցրել է իսլամիստական կուսակցությունների առավել չափավոր դառնալուն և նրանց կողմից ժողովրդավարական սկսբունքներ որդեգրելուն:

Մտավորականների խումբը ողջունել է նախագահ Օբամայի պաշտոնամուտի ելույթը, որում նա մահմեդական աշխարհի հետ փոխադարձ հարգանքի կոչ է արել:

Սթենֆորդ համալսարանին կից Ժողովրդավարության և իրավունքի գերակայության կենտրոնը գլխավորող Լերի Դայմոնդը նշել է, որ նախագահ Օբաման պետք է կյանքի կոչի իր իսկ խոսքերը: "Ի վերջո արաբական ժողովուրդների համար կարևոր են մեր գործողությունները և ոչ այնքան պետդեպարտամենտի կամ պետքարտուղարի կամ նույնիսկ նախագահի խոսքերը”, մասնավորապես ասել է նա:

Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Դյունի կարծիքով` ԱՄՆ-ը ժողովրդավարություն խթանելու լծակներ ունի: "Մասնավոր դիվանագիտության, աջակցության ծրագրերի և հանրային հայտարարությունների և այլ միջոցներով ԱՄՆ-ը կարող է հասնել որոշակի բարեփոխումների այս երկրներում”, ասել է նա:

Պետդեպարտամենտն այժմ վերանայում է Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունը, մինչդեռ խոսնակ Ռոբերթ Վուդը վերջերս հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս շահագրգռված է տարածաշրջանում ժողովրդավարություն խթանել:

Սակայն բաց նամակի հեղինակներն ասում են, որ պատմության գրքում արժանի էջ գրելու համար ԱՄՆ-ը պետք է աջակցի Մերձավոր Արևելքի ժողովուրդների մարդու, քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանությանը:

XS
SM
MD
LG