Ըստ Կայզեր Ֆեմըլի հիմնադրամի`անցյալ տարի ԱՄՆ-ում 46 միլիոնից ավել մարդ չի ունեցել բժշկական ապահովագրություն: Մինչ պետությունը փորձում է բարեփոխել առողջապահության համակարգը, Սան Ֆրանցիսկոյում չապահովագրվածների համար սկսել են բուժսպասարկումը մատչելի և հասանելի դարձնելուն ուղղված ծրագիր:
Մինչև վերջերս Սան Ֆրանցիսկոյի գրեթե 800 հազար բնակչության 60 հազարից ավելիչափահասներ ապահովագրություն չունեին:
Անցած երկու տարիների ընթացքում նրանց երեք քառորդը ներառված էր «Առողջ Սան Ֆրանցիսկո» ծրագրում:
Ծրագրում ներառված են միայն քաղաքի սահմաններում գործող եւ շահույթ չհետապնդող հիվանդանոցները:
«Առողջ Սան Ֆրանցիսկո»-ն առաջադրեց քաղաքապետ Գավին Նյուսոմը 2006թ.:
«Մենք հանրային ծրագիր ենք իրականացնում, խոսքը հանրության ընտրության մասին է: Քաղաքապետարանի շենքին ամերիկյան դրոշ տեսաք, այնպես չէ: Մենք չենք փոխել այն կանադականով, երկինքը չի փլվել մեզ վրա, և աշխարհը չի կործանվել»,- ասում է նա:
Սան Ֆրանցիսկոյի ծրագիրը ապահովագրական ծրագիր չէ. հիվանդը 30 մասնավոր և հանրային բժշկական կենտրոններից ընտրելով «հիվանդատուն»`բուժսպասարկում ստանում է անվճար կամ շատ ցածր գնով:
«Առողջ Սան Ֆրանցիսկո» ծրագիրը համագործակցում է մասնագետների և շտապօգնության կենտրոնների հետ»:
«Մենք ազատվեցինք միջնորդներից: Այստեղ չկան նաև վճարողները` ապահովագրական կազմակերպությունները և հավելավճարները: Մենք ենք միակ վճարողը. հանրային ընտրություն`հանրային ծրագիր»,- բացատրում է քաղաքապետը:
Ամսական 300 դոլար է ծախսվում ծրագրում ներառված յուրաքանչյուր հիվանդի համար: Հիվանդը, ելնելով իր եկամտից, կամ չի վճարում, կամ վճարում է ամսական 20-200 դոլար`գումարած համավճարները: Սակայն ամբողջ ծախսը չի փոխհատուցվում:
Քաղաքի գործարարները քաղաքի դեմ հայտ են ներկայացրել: Սան Ֆրանցիսկոյում պահանջում է ամեն աշխատողի համար հատկացնել ամսական մեկ դոլարից ավել` բժշկական ծախսերը փոխհատուցելու, ապահովագրություն գնելու կամ «Առողջ Սան Ֆրանցիսկո»-ին ուղղելու համար:
Կալիֆորնիայում հիվանդի բուժումը օրենքով է նախատեսված: Սան Ֆրանցիսկոյի պաշտոնյաները պնդում են, որ նոր ծրագիրն ավելի լավ համակարգ է առաջարկում չապահովագրվածներին: Ծրագրին ամեն շաբաթ միանում է 600-ից 700 նոր հիվանդ: