Մատչելի հղումներ

Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ վատթարանում են


Երկար տարիներ ՆԱՏՕ-ի դեմ արտահայտվելով` բազմաթիվ ռազմական, քաղաքական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում Ռուսաստանն այնուամենայնիվ համագործակցել է արևմտյան պաշտպանության դաշնակցության հետ: Սակայն ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումը և Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը վտանգի զգացում է առաջացրել Ռուսաստանի մոտ: Վերջին շրջանում Վրաստանում բռնկված բռնությունների արդյունքում, որպես բողոքի նշան Վրաստանի հանդեպ Արևմուտքի աջակցության, Ռուսաստանը որոշ բնագավառներում սառեցրել է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ իր պետությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության պատրանքի կարիք չունի` հավելելով, որ միանգամայն բնական է, որ Ռուսաստանին դուր չի գալիս դաշնակցության դեպի արևելք ընդլայնումը: Նա նշել է, որ համագործակցությունն առաջին հերթին ՆԱՏՕ-ի այլ ոչ Ռուսաստանի շահերից է բխում: Նա նաև ասել է, որ համագործակցության ընդհատումը Ռուսաստանին վնաս չի բերի` միևնույն ժամանակ ասելով, որ պատրաստ է ամբողջովին կասեցնել հարաբերությունները:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստան է մեկնել խորհրդակցություններ ունենալու ռուս պաշտոնյաների` այդ թվում նախագահ Մեդվեդևի հետ: Երեքշաբթի օրը Մոսկվայում Ինտերֆաքս լրատվական գործակալությունում մամլո ասուլիսի ժամանակ Ռոգոզինն ասել է, որ թվում է` ՆԱՏՕ-ն դեռևս Սառը պատերազմի քարե դարաշրջանում է ապրում: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, ինչպես ինքն է որակել, Ռուսաստնի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների "մոդեռնիզացիայի" մասին, որը ենթադրում է ռազմական գործերին վերաբերող համագործակցության դադարեցում կամ կասեցում:

Ռոգոզինը մասնավորապես նշել է, որ կկասեցվեն ՆԱՏՕ-ի ավագ ռազմական պաշտոնյաների այցերը Մոսկվա, ՆԱՏՕ-ի ռազմանավերին չի թույլատրվի ռուսական նավահանգիստներ մտնել, ինչպես նաև կընդհատվեն համատեղ զորավարժությունները:

Ռոգոզինը նաև նշել է, որ ժամանակավորապես կկասեցվեն ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետների և զորավարժություններ անցկացնողների այցերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և փոխադարձ գործառնական կարողականության համար իրավական հիմքի մշակման գործընթացները: Ըստ Ռոգոզինի`համագործակցության կասեցումը կտևի առնվազն մինչև այս տարվա վերջը:

Միևնույն ժամանակ Ռոգոզինն ասել է, որ Մոսկվան չի դադարեցնի ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը և կշարունակի համագործակցությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են թմրանյութերի դեմ պայքարը, օդանավակայաններում պայթուցիկ նյութերի հայտնաբերումը, ահաբեկչության դեմ պայքարը, բնական աղետների ժամանակ օգնության ցուցաբերումը և այլ հումանիտար նպատակներով այլ գործողությունները:

Ռազմական գծով ռուս անկախ փորձագետ Պավել Ֆելգենհաուերի կարծիքով, ՆԱՏՕ-ի դեմ Մոսկվայի այս քայլը կարող է շեղել դաշնակցության ուշադրությունը, ինչը բխում է Ռուսաստանի շահերից: "Հնարավոր է ՆԱՏՕ-ի գործունեության հիմնական ուղղությունը Ռուսաստանի դեմ դիրքերն ամրապնդելը և ԱՊՀ երկներում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելը դառնա":

Ռուսաստանը մտահոգություն է արտահայտել առ այն, որ ՆԱՏՕ-ի նավերի թիվը Սև Ծովում ավելանում է: Դմիտրի Ռոգոզինի կարծիքով, այդ նավերը, հնարավոր է, զինամթերք են առաքում: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ դրանք, հնարավոր է, Վրաստանի համար հումանիտար օգնություն են բերում, այդ թվում, Ռոգոզինի անբռնազբոսիկ արտահայտությամբ, "զուգարանի թուղթ Սահակաշվիլիի համար":


ԱՄՆ-ի Դալլաս և ՄաքՖոուլ նավերը երեքշաբթի օրը խարիսխ են նետել Վրաստանի Բաթումիի նավահանգստում: Նախատեսված էր, որ նավերը գնային Փոթիի նավահանգիստ, որտեղ այժմ Ռուսաստանի զորամիավորներն են տեղակայված: ԱՄՆ-ի պաշտոնյաների տեղեկությունների համաձայն` նավերը վերմակներ, սանիտարահիգիենիկ պարագաներ, երեխայի կերակուր և երեխայի խնամքի այլ պարագաներ են բերել բռնությունների արդյունքում տեղահանված բնակչության համար:

Գեներալ Անատոլի Նոգովիցինը նշել է, որ Սև Ծովում փոքր-ինչ կուտակումներ են նկատվում: Նա ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ավելացնել նավերի թիվը Սև Ծովում` չնայած, որ նման ռեսուրսներ գոյություն ունեն:

Վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերի կարծիքով, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար ռազմական տեսանկյունից սպառնալիք չէ, սակայն Ռուսաստանի իշխանությունները սեփական շահերից ելնելով նման մտավախություն են արտահայտում: "Պատասխանատու կառավարման, արդար ընտրությունների և իրավունքի գերիշխանության, ինչպես նաև այլ արևմտյան սկզբունքների ներմուծումը Ռուսաստանի իշխող էլիտայի համար ամենաանընդունելի տարբերակն է, քանի որ նման զարգացումը կթուլացնի ներկայիս կոռումպացված էլիտայի դիրքերը: Դա նրանց համար ցանկալի չէ: Նրանց բավականաչափ անհագստացրել են այսպես կոչված գունավոր հեղափոխությունները` Վրաստանի և Ուկրաինայի ժողովրդավարական հեղափոխությունները":

Պավել Ֆելգենհաուերի կարծիքով, Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը` հույսը դնելով Եվրոպայի երկրների կողմից տարաձայնությունների, Չինաստանի և Ասիայում զարգացող այլ պետությունների վրա ստեղծելու բազմաբևեռ աշխարհ, ինչն առավել ձեռնտու է Կրեմլի համար: Նրա կարծիքով, դա ռազմավարական պարտություն կլինի ԱՄՆ-ի համար, ինչն իր հերթին կնշանակի, որ Վրաստանը և Ուկրաինան կկորցնեն ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հույսը:

XS
SM
MD
LG