Մատչելի հղումներ

Ռուսաստանի ազդեցության շրջանակը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վերջերս հայտարարել է, որ Ռուսաստանը ազդեցության բարենպաստ շրջանակ ունի աշխարհում: Միևնույն ժամանակ նա մերժել է միաբևեռ աշխարհի գաղափարը, որի համաձայն միայն մեկ գերտիրություն` Ամերիկայի Միացյալ Նահանգները, գերիշխում է աշխարհի իրադարձությունները: Վաշինգտոնում Մամուլի միջազգային ակումբում ռուս, ուկրաինացի, վրացի և ադրբեջանցի լրագրողները քննարկել են Ռուսաստանի հայտարարությունն առ այն, որ վերջինս գերակա ազդեցություն ունի նախկին Խորհրդային Հանրապետությունների վրա:

Ռուս լրագրող Մաշա Լիպմանի կարծիքով, Ռուսաստանի տեսանկյունից Կովկասի վերջին հակամարտության պատճառ է հանդիսացել Վրաստանի կողմից Հարավային Օսիա ներխուժումը, ինչը, Լիպմանն ասում է, շատ լավ առիթ հանդիսացավ, որպեսզի Ռուսաստանը վրեժխնդիր լինի: “Սա Ռուսաստանի կողմից վրիժառության առաքելություն էր, որը Արևմուտքի տեսանկյունից չափազանցված էր: Բացի այդ, մենք ականատես եղանք Վրաստանի երկու տարածքների Ռուսաստանի կողմից միակողմանի ճանաչմանը և Վրաստանի տարածքային ամբողջականության չճանաչմանը: Հստակ կարելի է ասել, որ Ռուսաստանը որոշակի լծակներ ունի նախկին ԽՍՍՀ-ի հանրապետություններում, և որ Ռուսաստանը չի պատրաստվում զիջել Արևմուտքին կամ ընկրկել Արևմուտքի սպառնալիքների առջև”:

Մաշա Լիպմանը նաև նշել է, որ Ռուսաստանի պատասխանը ապացուցեց այն, ինչ տարիներ շարունակ պնդում էր Ռուսաստանի նախկին նախագահ և այժմ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այն է` Ռուսաստանը չի թույլ տա, որ Վրաստանը կամ Ուկրաինան դառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Սակայն, նրա կարծիքով, Արևմուտքը արհամարհել է այդ դիրքորոշումը` ակնկալելով, որ վաղ թե ուշ Ռուսաստանը կմոռանա այդ մասին: “Ռուսաստանն այժմ շատ ավելի հզոր է և շատ չնչին կախվածություն ունի Արևմուտքի ֆինանսական հաստատություններից: Սա թույլ է տալիս, որպեսզի Ռուսաստանը անկախ գործի` առանց հաշվի առնելու Արևմուտքի հնարավոր պատասխանը,” ասել է Լիպմանը:

Ըստ Լիպմանի` Վրաստանի դեպքերը ցույց են տալիս ԱՄՆ-ի հզորության սահմանափակ լինելը: Ընդ որում, երբ պաշտոնական Վաշինգտոնը չէր կարող հսկողության տակ առնել իր դաշնակից` Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, ոչինչ չէր արվում նաև նրան հետևանքներից փրկելու ուղղությամբ:

Մաշա Լիպմանն ասում է, որ Ուկրաինան նույնպես խոցելի վիճակում է: Ոչ միայն Ղրիմի բնակչության հիմնական մասը էթնիկ ռուսներ են, նրանք նաև ռուսախոսներ են: Ի ցույց դնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը անցյալ ամիս Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կայացրած որոշման կապակցությամբ, որը սահմանափակում է Ռուսաստանի սևծովյան նավատորմի շարժը Սևաստոպոլի բազայից:

Ուկրաինացի լրագրող Եվհեն Խլիբովիցկիի կարծիքով, մարդիկ թերահավատորեն են մոտենում այն հանգամանքին, որ Ռուսաստանի հիմնական մտահոգությունը Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը դեմ լինելն է: “Իրական պատճառն այն է, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին Խորհրդային հանրապետություններում: Եթե օրակարգում չլիներ ՆԱՏՕ-ի խնդիրը, կլիներ մեկ այլ խնդիր: Մենք բազմաթիվ զուգահեռներ ենք տեսնում 90-ականներին Ռուսաստանի նսեմացված զգալու և 20-ականներին Գերմանիայի նսեմացված զգալու միջև: 1938թ. նացիստական Գերմանիայի կողմից Չեխիայի բռնակցումը շատ նման է ներկայում Հարավային Օսիայի իրադարձություններին: Խնդիրը ՆԱՏՕ-ն չէ: Խնդիրը ժամանակակից անձնագրային պատերազմներն են: Ասում են, որ Ռուսաստանը ռուսական անձնագրեր և ռուսական քաղաքացիություն է շնորհում Ղրիմի ուկրաինացիներին, Մոլդովայում Մերձդնեստրի բնակչությանը, ինչպես դա արվել է Աբխազիայում և Հարավային Օսիայում: Դա պարզապես նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է այսպես կոչված պաշտպանության հիմքեր ստեղծել արտասահմանում ապրող իր քաղաքացիների համար”:

Սակայն Ուկրաինայում, ի տարբերություն Վրաստանի, ՆԱՏՕ-ի անդամակցության գաղափարը մեծ աջակցության չի արժանանում` չնայած, որ նախագահ Յուշչենկոն այդ գաղափարի ջատագովներից է:

Ռուստավի 2 անկախ ռադիո և հեռուստատեսային ալիքի ներկայացուցիչ Դավիթ Նիկուրաձեի կարծիքով, Վրաստանի բնակչությունը միասնաբար դեմ է արտահայտվում տարածաշրջանում Ռուսաստանի գերակայությանը: “Այսօր ոչ մեկ չի ուզում մեկ այլ Խորհրդային Միություն տեսնել: Վրաստանն անկախ պետություն է, և վրացի ժողովուրդը կորոշի` արդյոք բարեկամական հարաբերություններ հաստատի Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Եվրոպական Միության կամ ՆԱՏՕ-ի հետ: Կարծում եմ, որ հիմնական սկզբունքն այն է, որ պաշտոնական Մոսկվան պետք է ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Իհարկե, մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ ևս հաստատել այնպիսի կապեր, ինչպես եվրոպական բազմաթիվ պետությունների հետ,” նշել է Նիկուրաձեն:

Վրաստանի հարևան Ադրբեջանն այլ տեսանկյուն ունի Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ` ըստ Բաքվում գործող անկախ լրագրող Շահին Աբբասովի: Նա ասել է, որ նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դեմ կամ կողմ որևէ դիրքորոշում հրապարակավ չի արտահայտել` պատճառաբանելով, որ իշխանությունները գերադասում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռված դիրքորոշում որդեգրել: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին Բաքու էր ժամանել` համոզելու, որ Ադրբեջանը սատարի Վաշինգտոնի դիրքորոշումը անդրկովկասյան գազատարի առաջարկի հարցում, ըստ որի գազատարը ձգվելու է Թուրքմենստանից մինչև Թուրքիա Ադրբեջանի և Վրաստանի միջով` շրջանցելով Ռուսաստանը: Սակայն, Աբբասովի խոսքերով, Ադրբեջանի նախագահը հանձն չի առել սատարելու այդ առաջարկը. “Կարծում եմ, իշխանությունները փորձում են ժամանակ շահել և որոշում կայացնել` կախված Վրաստանում զարգացումներից:

Մյուս կողմից, Շահին Աբբասովը նշել է, որ Հարավային Օսիայի անկախացման հարցում ադրբեջանցիները սատարում է Վրաստանին: Նրա կարծիքով, նման դիրքորոշման մասնակի պատճառն է Ադրբեջանի սեփական խնդիրը ինչնահռչակ Լեռնային Ղարաբաղի հարցում: Սակայն, Աբբասովի խոսքերով, ամենավճռականն այն է, որ Ադրբեջանը չափազանց խոցելի է Ռուսաստանի կողմից ճնշումների առումով”:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դանիել Ֆրիդն ասել է, որ չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը նոր սահմաններ գծի Եվրոպայում: Իսկ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կարլ Լևինն ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պետք է հավասարակշռված կերպով Ռուսաստանին ազդանշան ուղարկի, որ հարևան պետությունների ինքնիշխանությունը չհարգելով ազդեցության շրջանակի ընդլայնումը անընդունելի է` միևնույն ժամանակ համագործակցելով Ռուսաստանի հետ այն հարցերում, որոնք առնչվում են երկու պետությունների ռազմավարական շահերին:

XS
SM
MD
LG