Մատչելի հղումներ

Ռուսաստանի նախագահը մեղադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին համաշխարհային ֆինանսական խնդիրների համար


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեղադրել է Ամերիկայի Միացյալ Նահագներին համաշխարհային տնտեսական ճգնաժամի համար և ասել է, որ Ռուսաստանի աճող տնտեսությունը կարող է լուծում առաջարկել:

Սանկտ Պետերսբուրգում տեղի ունեցող Միջազգային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ նախագահ Մեդվեդևը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը համաշխարհային տնտեսության բնագավառում ստանձնել է մի դեր, որն ամբողջովին չի համապատասխանում երկրի իրական հնարավորություններին: Նա ասել է, որ աշխարհի ամենախոշոր տնտեսության ագրեսիվ քաղաքականության արդյունքում մոլորակի բազմաթիվ մարդիկ աղքատացել են:

Մյուս կողմից, նա ասել է, որ Ռուսաստանի աճող տնտեսական ներուժը և մեծածավալ էներգառեսուրսները կարող են աջակցել համաշխարհային հանրությանը: Նա առաջարկել է Ռուսաստանում միջազգային համաժողով անցկացնել, որին կմասնակցեն խոշորագույն ֆինանսական ընկերություններ և առաջատար վերլուծաբաններ` համաշխարհային խնդիրների լուծումները քննարկելու նպատակով:

ԱՄՆ-ի առևտրի նախարար Կառլոս Գուտիերեսը համաձայն չէ նախարար Մեդվեդևի քննադատությանը: Նա ասել է, որ “աճի նվազում” է արձանագրվել, այլ ոչ` համաշխարհային ճգնաժամ:

Շաբաթ օրը Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը նույնպես ելույթ է ունեցել Սանկտ Պետերսբուրգի ֆորումում: Նա կոչ է արել համաշխարհային ֆինանսական հաստատություններին առավել լավ համակարգել իրենց գործողությունները` նշելով, որ նրանց չի հաջողվել պատշաճ լուծումներ առաջարկել անցյալ ճգնաժամերի ժամանակ:

Նա նաև ասել է, որ այնպիսի հաստատություններ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, պետք է պատմության գիրկն անցնեն:
XS
SM
MD
LG