Մատչելի հղումներ

Անկախ տնտեսական դժվարություններից` Ռուսաստանը մեծապես կարևորում է երկրի վերազինման առաջնահերթությունը


Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրապարակել է երկրի մարտական վերազինման լայնամասշտաբ ծրագիրը, որի իրականացման համար մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ:

Խորհրդային Միության 1991թ. փլուզումից հետո առաջին անգամ` անցյալ տարվա մայիսին, Մոսկվայի Կարմիր հրապարակում տանկերի և հրթիռների շքերթ տեղի ունեցավ: Սակայն, ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն է ասել, Ռուսաստանի սպառազինությունների 90 տոկոսը, այդ թվում և` շքերթի ժամանակ ցուցադրված տեխնիկան, հնացած է:

Մարտի 17-ին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրապարակեց Ռուսաստանի բանակի սպառազինությունների արդիականացման լայնամասշտաբ մի ծրագիր: "Հիմնական առաջադրանքը մարտական զինամիավորների պատրաստվածության բարձրացնում է: Խոսքը վերաբերում է պատրաստվածության որակական բարձրացմանը` ամենից առաջ ռազմավարական ատոմային ուժերի միջոցով”, ասել է նա:

Նախագահ Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի անվտանգությանն սպառնում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը, տեղական ճգնաժամերը և միջազգային ահաբեկչությունը: Բացի այդ, նա ասել է, որ օգոստոս ամսին Վրաստանի հետ հակամարտության արդյունքում պարզ է դարձել, որ Ռուսաստանի սովորական զինված ուժերը նույնպես թերություններ ունեն:

Ըստ Ռուսաստանի ռազմական ուժերի գծով անկախ վերլուծաբան Վիկտոր Լիտովկինի` Ռուսաստանն ավելի շատ մարտական օժանդակ համակարգի կարիք ունենք, քան` հրազենային միավորների: “Այդ համակարգը ներառում է ռադիոկառավարվող հետախուզական տեխնիկա, նավիգացիոն, կապի և հսկողության համակարգեր և այլն: Այս բնագավառում մենք հետ ենք մնում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհից”, պարզաբանել է նա:

Նախագահ Մեդվեդևի խոսքերով` Ռուսաստանը բավականաչափ ռեսուրսներ կտրամադրի` նոր զենքերի մշակման և ձեռքբերման նպատակով, անկախ այն հանգամանքից, որ Ռուսաստանից արտահանվող նավթի ցածր գնի արդյունքում պետական բյուջեն զգալիորեն կրճատվել է:

Սակայն անկախ ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերի կարծիքով` լայնամասշտաբ վերազինման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի Ռուսաստանում կարող է արդյունաբերական ներուժի սղություն լինել:

"Ամենայն հավանականությամբ, նրանք ստիպված կլինեն սպառազինություններ, տեխնիկա և նույնիսկ ամբողջական մարտական համակարգեր գնել Արևմուտքից: Սակայն դա անհնարին կլինի, եթե շարունակեն հակամարտության մեջ լինել Արևմուտքի հետ”, ասել է Ֆելգենհաուերը:

Ռազմական վերլուծաբանների կարծիքով` Կրեմլի վերազինման ծրագիրը նաև ուղղված է Ռուսաստանի զինուժի կրճատման ծրագրի շուրջ ստեղծված դժգոհության փարատմանը: Այդ ծրագիրը նախատեսում է մինչև 200 հազար զինվորների կրճատում:

Նրանք ասում են, որ Կրեմլը չի կարող արհամարհել այն ընտրազանվածը, որը ներկայացնում են զինված ուժերը և նրանց սատարողները: Սակայն Պավել Ֆելգենհաուերի կարծիքով` Ռուսաստանը միևնույն ժամանակ չի կարող արհամարհել լայնամասշտաբ վերազինման անհրաժեշտությունը, և որ ռուսական իշխանություններին դեռևս չի հաջողվել լուծել այս հակասությունը:

"Հասարակության և իշխող էլիտայի շրջանակներում միանշանական համաձայնություն չկա, թե իրոք ինչ են ցանկանում անել: Ընդհանուր առմամբ, բոլորն էլ համաձայն են, որ վերազինումն անհրաժեշտ է, սակայն պարզ չէ, թե ինչպես և ինչը, Արևմուտքի հետ, թե Արևմուտքի դեմ, արդյոք պետք է Արևմուտքից գնել, քանի որ մեր արդյունաբերությունը չի կարող դրանք ապահովել, թե պետք է փորձենք մեր ուժերով դա անել”, մանրամասնել է Ֆելգենհաուերը:

Նրա խոսքերով` նման հարցերի շուրջ որոշումները Ռուսաստանում արվում են փակ դռների հետևում և ոչ միշտ են խորը ուսումնասիրված, ինչը, նրա կարծիքով, հատուկ է ավտորիտար վարչակարգերին:

Նախագահ Մեդվեդևն իր խոսքում նաև նշել է, որ որոշ ռազմական միավորներ արդեն իսկ ժամանակից են դարձվել` հավելելով, որ ակնկալում է, որ բանակի և նավատորմի լայնամասշտաբ վերազինումը կսկսվի 2011թ.:

XS
SM
MD
LG