Մատչելի հղումներ

Ռուսաստանի ռազմական նախաձեռնությունները Եվրասիայում


Վերջին երկու օրերի ընթացքում Կրեմլը երեք նախաձեռնության մասին է հայտարարել: Դրանցից մեկը վերաբերում է Կենտրոնական Ասիայում տեղակայված մի կարևոր օդային բազայի, որն օգտագործվում էր Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին աջակցելու համար: Այս զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը Եվրասիայում:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու մասին:

Կազմակերպության անդամ պետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները մասնակցել են Կրեմլում կազմակերպված գագաթաժողովին, որի ընթքացքում, նախագահ Մեդվեդևի խոսքերով, նրանք քննարկումներ են ծավալել մի շարք մարտահրավերների և սպառնալիքների դեմ դիմակայելու մեխանիզմների շուրջ:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ բոլոր նախագահներն էլ համամիտ են հավաքական ուժ ստեղծելու անհրաժեշտության հարցում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու որոշումը կամրապնդի կազմակերպության ռազմական բաղադրիչը` չնայած այն հանգամանքին, որ նոր կառույցի նպատակը, ըստ հայտարարության, ահաբեկչության և միջազգային հանցագործությունների, այդ թվում` թմրանյութերի թրաֆիկինգի դեմ պայքարն է:

Երեքշաբթի օրը նախագահ Մեդվեդևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնություն են ձեռք բերել օդային պաշտպանության նոր համատեղ համակարգ ստեղծելու շուրջ, որը կներառի հինգ ռազմական օդանավ և 10 հրթիռ: Սակայն, ինչպես հաղորդում է ռուսական Կոմերսանտ թերթը, նախագահ Լուկաշենկոն համաձայնագիրն ստորագրել է այն պայմանով, որ Ռուսաստանը Բելառուսին ռազմամթերքի ձեռքբերման համար սուբսիդիաներ տրամադրի և Բելառուսի պաշտպանության արդյունաբերության արտադրանքի պատվերներ տա:

Մեկ այլ հանդպման շրջանակներում Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը նշել է, որ իր երկիրը կփակի Բիշկեկի մերձակայքում գտնվող ԱՄՆ-ի օդային բազան, որն ամերիկյան ուժերն օգտագործում են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո Աֆղանստանում ծավալած ռազմական գործողությունների համար զինամթերք մատակարարելու համար: Իսկ Ռուսաստանը հայտարարել է, որ Ղրղզստանին երկու միլիարդ դոլար վարկ և 150 միլիոն դոլար աջակցություն կտրամադրի:

Ռազմական հարցերով անկախ վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերն ասել է, որ արդեն երկար ժամանակ Ռուսաստանը դեմ է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ներկայությանը և Ղրզստանին բավականին մեծ գումար է վճարել ամերիկացիներին դուրս քշելու համար:Ֆելգենհաուերի խոսքերով, Մոսկվան գործի է դրել իր հեռահար քաղաքականությունը, որի նպատակն է հետխորհրդային շրջանում ամրապնդել ռուսական դիրքերը: Նա նշել է, որ Ռուսաստանը փորձում է ՀԱՊԿ-ը հիրավի ռազմական միություն դարձնել և ամերիկացիներին ճնշելով դուրս մղել տարածքից: Նա նշել է, որ Ռուսաստանի վերջին բոլոր նախաձեռնությունները ռազմավարական առումով փոխկապված են:

Սակայն Մոսկվայի նոր գործընկերների վստահելիությունը կասկածահարույց է: Վերլուծաբաններն ասում են, որ Բելառուսի և Ղրզստանի աջակցությունմ ստանալու համար Ռուսաստանն ստիպված էր նյութական խթաններ առաջարկել: Բացի այդ, նրանք կասկածահարույց են համարում այն հանգամանքը, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը վերջին րոպեին է որոշել Ռուսաստան մեկնել: Մինչ այդ նա ակնրակել էր, որ չէր պատրաստվում ներգրավվել այս նախաձեռնության մեջ` չնայած, որ դա լավ հնարավորություն էր Ռուսաստանից իր աղքատ պետության համար լրացուցիչ աջակցություն ստանալու համար:

Ինտերֆաքս լրատվական գործակալության համաձայն` Ուզբեկստանը որոշակի վերապահումներով է ստորագրել արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, ընդ որում վերապահումների բովանդակությունը հայտնի չէ: Տաշկենտը լարված հարաբերություններ ունի ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունների հետ:

XS
SM
MD
LG