Մատչելի հղումներ

Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո դեռևս տեսանելի են պատերազմի հետևանքները


Ռուսական զորքի ու Ռուսաստանի սատարած Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական ուժերի և վրացական ուժերի միջև բռնկված պատերազմական գործողություններից շուրջ երկու ամիս հետո Վրաստանի հյուսիսում կյանքը կրկին բնականոն ընթացք է ստանում: Անցյալ շաբաթ ինքնահռչակ անվտանգության գոտուց ռուսական զորամիավորների դուրսբերումից հետո վրացական ընտանիքները հետ են վերադառնում իրենց տները, որտեղ դեռևս տեսանելի են պատերազմի հետևանքները:

Էրղնեթ գյուղի բնակիչ Գոդարեձի Կասրաձեի կյանքը տակնուվրա է եղել: "Ռուսները տունս քանդեցին, իսկ օսերն այն կողոպտեցին: Նրանք մեր ողջ ունեցվածքը տարան”, ասում է նա: Նրա ինը հոգանոց ընտանիքը ստիպված է եղել լքել տունը օգոստոսի սկզբին, երբ պատերազմ բռնկվեց. "Ամբողջ ընտանիքով այստեղ էինք, երբ կրակոցներն սկսեցին: Մենք էվակուացրեցինք կանանց և երեխաներին: Սակայն հետո, ես նույնպես ստիպված էի փախչել”:

Իսկ այժմ նրանք վերադարձել են տուն և հայտնաբերել, որ բոլոր սենյակներն անխտիր վնասված են: Այն ինչ նրանք տանն էին թողել փախչելուց հետո, ամբողջովին կողոպտվել է: Նույնիսկ, մտածելով, որ արժեքավոր իրեր կարող են գտնել, առաստաղից պոկել են գազօժախի խողովակը:

Կասրաձեների տունը Հարավային Օսիան Վրաստանից բաժանող գծից ընդամենը մեկ կիլոմետր հեռաավորության վրա է գտնվում: Մինչև վերջերս այս վերջին պահակակետը Ռուսաստանի հսկողության տակ էր, սակայն այժմ վրացական ուժերն են այն արդեն հսկում: Այստեղից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալին է:Սա ամենամոտ կետն է, որին կարելի է մոտենալ:

Օգոստոս ամսի պատերազմական գործողությունները բռնկվեցին Ցխինվալիում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ վրացական ուժերը հարձակում կատարեցին` փորձելով տարածքն ազատել Ռուսաստանի սատարած անջատողական ուժերից: Արդյունքում ռուսական ուժերը հակագրոհ իրականացրեցին` ետ մղելով վրացական ուժերը: Նրանք շարունակեցին ներխուժել Վրաստանի այլ տարածքներ` ստեղծելով անվտանգության գոտիներ Հարավային Օսիայի և հյուսիս-արևմտյան մասում Աբխազիայի շուրջ:

Եվրոպական Միության կողմից միջնորդավորված զինադադարի պայմանագրի համաձայն` պաշտոնական Մոսկվան պարտավորվել էր զորքերը մինչև հոկտեմբերի 10-ը դուրս բերել անվտանգության գոտուց:

Էրղնեթիի տեղանքը բավականին հանգիստ է` հազվադեպ երթևեկությամբ: Իլդիզար Թալիբովը Ցխինվալիի շուկայում սովորաբար ապրանք է վաճառում: Մինչ պատերազմական գործողություններ բռնկվելը նա հիվանդացել էր և այդ ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: Նա ասում է, որ ստիպված էր հիվանդանոցում ապաստանելու և միայն այժմ է կարողացել դուրս գալ: Նրա կարծիքով, Ցխինվալին մեծապես ավիրված է, իսկ վրացական գյուղերում կարծես որևէ կանգուն շինություն չի մնացել:Էրղնեթիից երեսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ախալգորիի պահակակետը դեռևս ռուսական հսկողության տակ է: Հսկողներն ասում են, որ հեռանալու հրաման չեն ստացել: Իսկ մոտ չորս հարյուր մետր հեռավորության վրա վրացական պահակակետ է, որտեղ կանգ է առել Եվրոպական միության մոնիտորինգի խումբը:

Ֆրեդրիկ Նայլինը զինադադարը վերահսկող խմբի դիտորդներից է: Ռուսներն այսօր պետք է իրենց զորամիավորումները տեղափոխեին մինչպատերազմական դիրքերը, սակայն այդ դիրքերի տեղը միանշանակ չէ: "Հստակ հնարավոր չէ ասել, քանի որ մի բան է քարտեզի վրա գիծ քաշել, մեկ այլ բան է տեղանքում ներկա գնտվելով որոշել, թե որտեղ է այդ գիծը: Այդ իսկ պատճառով երկու կողմերի տարբեր մեկնաբանությունների առկայությունը հասկանալի է”, ասել է նա:

Ռուսական զորքերը դուրս են բերվել ինքնահռչակ անվտանգության գոտուց, սակայն դրանք դեռևս մնում են Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Իսկ Էրղնեթիում գտնվող Գոդերձի Կասրաձեն կարծում է, որ անվտանգությունը իրական կլինի միայն, երբ ռուսներն ընդհանրապես հեռանան. “Մենք միրգ ու ծաղիկ ունեինք: Զգացվում էր, որ այստեղ մարդիկ են ապրում: Սակայն այլևս այդպիսի տպավորություն չկա, սակայն հուսով ենք, որ շուտով ամեն ինչ կփոխվի, և սա կրկին տուն կդառնա: Մարդիկ իրենց տներն են վերադառնում` իրենց այգիներն ու ագարակները խնամելու և տները վերակառուցելու: Նրանք հուսով են վերադառնալ բնականոն կյանքի, սակայն շատերը նույնիսկ չգիտեն, թե որ ծայրից սկսեն:

XS
SM
MD
LG