Ռուսաստանի և Եվրոպական Միության պաշտոնյաներն ստորագրել են մի պայմանագիր, որը սահմանում է Ուկրաինայի տարածքով տարանցվող ռուսական գազի վերահսկման միջազգային մոնիտորինգային խմբի աշխատանքի շրջանակը:
Վարչապետ Վլադիմիր Պուտինի Մոսկվայի մերձակայքում գտնվող նստավայրում ստորգարված պայմանագիրը, ռուսական կողմի կարծիքով, առանցքային կարևորություն ունի դեպի Եվրոպա գազի դադարեցված առաքումը վերականգնելու համար:
Ռուսաստանը հավանություն է տվել փաստաթղթի պայմաններին վարչապետ Պուտինի և Եվրոպական Միության նախագահությունն ստանձնած Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո:
Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի ստորագրությունը, սակայն վերջինը հրաժարվել է փաստաթուղթն ստորագրելուց` պատճառաբանելով, որ այն Ռուսաստանին ընձեռում է չափազանց մեծ հսկողություն Ուկրաինայի` գազի մատակարարման համակարգերի վրա: Ուկրաինան հայտարարել է, որ այս ճգնաժամից տուժած երկու երկրների` Բուլղարիային և Մոլդովային, բնական գազ կմատակարարի իր սեփական պաշարներից:
Ուկրաինայի իշխանությունները կտրականապես հերքել են Ռուսաստանի մեղադրանքներն առ այն, որ Ուկրաինան “գողանում է” ռուսական գազը: Նրանք տեղեկացրել են, որ այժմ Ուկրաինան ապահովում է գազի մատակարարումը Եվրոպային` օգտագործելով իր սեփական պաշարները:
Եվրոպական Միության պաշտոնյաներն զգուշացրել են, որ, նույնիսկ Մոսկվայի կողմից գազի առաքման վերականգնման դեպքում, առնվազն երեք օր կպահանջվի, որպեսզի գազը հասնի Եվրամիության բոլոր անդամ երկրներին:Մինչդեռ միլիոնավոր եվրոպացիներ ստիպված են առանց ջեռուցման դիմակայել ցրտաշունչ ձմռան սառնամանիքներին: Ներկայում Ռուսաստանը մատակարարում է ԵՄ երկրների սպառած գազի մեկ քառորդը:
Համաձայնության չգալով գազի գնի շուրջ` Ռուսաստանը հունվարի 1-ին դադարեցրեց գազի առաքումն Ուկրաինային: Չորեքշաբթի օրը Մոսկվան նաև դադարեցրեց Ուկրաինայի տարածքով Եվրոպա տարանցվող գազի մատակարարումը` Ուկրաինայի իշխանություններին մեղադրելով գազը գողանալու մեջ:Մոսկվան պահանջում է, որպեսզի Ուկրաինան վճարի գազի շուկայական գինը` դադարեցնելով 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո հատկացված զեղչը: Սակայն Ուկրաինան ասում է, որ ի վիճակի չէ վճարել Ռուսաստանի պահանջած կրկնակի գինը: