Մատչելի հղումներ

Վազքի ակումբ անօթևանների համար


Ամերիկյան մեծ քաղաքները, այդ թվում նաև Ֆիլադելֆիան, հսկայական գումարներ և ժամանակ են տրամադրում քաղաքի անօթևաններին օգնելու ծրագրերի համար: Ֆիլադելֆիայի 27-ամյա բնակիչ Էնի Մալումը, հրաժարվելով իր բարձր վարձրատրվող աշխատանքից, անօթևանների համար հիմնել է «Նորից ոտքի» վազքի ակումբը:

«Սովորականի նման` արթնանում էի ամեն առավոտ ժամը 5-ին և վազում: Ես բնակվում եմ Ֆիլադելֆիայի եռանդուն թաղամասերից մեկում»,- պատմում է Էնին: “Առավոտյան վազելիս նկատում է մարդկանց խմբեր, որոնք ոչնչով զբաղված չէին: Ես Հյուսիսային Դակոտայից եմ և, ըստ սովորության, ժպտում էի նրանց և ձեռքով ողջունում: Սկզբում նրանց թվում էր, թե խելագար եմ, սակայն մի քանի օր հետո նրանք հարմարվեցին իմ ներկայությանը”:

Էնին պատմում է, որ վազել սկսել է 16 տարեկանում, երբ իր հայրը, թմրանյութերից կախվածության արդյունքում, հեռացավ ընտանիքից: Այն ժամանակից ի վեր Էնիի համար վազքը դարձավ հոգևոր աջակցության միջոց:

«Վազքը փրկություն էր ինձ համար, ես ինձ զգում էի այնպիսին, ինչպիսին ցանկանում եմ լինել: Վազքն ինձ կարգապահություն և հարգանք սովորեցրեց: Այդ մշտական շարժի մեջ մի ուժ կա, որ ստիպում է ինձ զգալ կենսունակ և հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի: Այդ մարդիկ ինձ հիշեցրին իմ հորը, և ես ցանկացա օգնել նրանց»,- ասում է նա:

Մի քանի շաբաթ անց Էնին թողեց իր բարձր վարձատրվող աշխատանքը: Նա հիմնեց «Նորից ոտքի» շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որի նպատակը կազմակերպված վազքի միջոցով կարգապահություն և հարգանք ձևավորելն է, ինչպես նաև անօթևաններին աշխատանքի և կրթության հարցում օգնելը: Վազքի ակումբին սկզբում միացան ինը հոգի:

Ջեյմս Թորպը ղեկավարում է մարաթոնյան վազքի խումբը:

«Բոլորն են ցանկանում լինել սիրված և համայնքի անդամ և դա ստեղծում է վազքի համայնք: Ամենքիս է հայտնի, որ յուրաքանչյուրը վազորդ է այն պահից, երբ ներկայանում է վազքին»,- ասում է նա:

Ակումբի անդամները չեն կարող օգտագործել ալկոհոլ կամ թմրանյութեր և պարտավոր են մասնակցել զբաղվածության խորհրդատվությանը:

«35 տարի թմրանյութ եմ օգտագործել և անցել սոսկալի փորձությունների միջով: Երբ սկեցի վազել, չէի կարծում, թե կարող եմ հաղթահարել նույնիսկ մեկ մղոն: Հաճախ եմ ցանկացել հանձնվել, սակայն մտածում էի, որ այստեղ գալս ունի իր նպատակը. կյանքումս մի բան պետք է ավարտին հասնցեմ»,-պատմում է անդամներից մեկը` Մորիսը:

Սա Մորիսի առաջին մարաթոնյան վազքն է: Նրա որդին ծառայում է բանակում, եկել է աջակցելու նրան:

«Ես հպարտանում եմ իմ հորով և նրա նվաճումներով: Նա նվիրված է վազքին, սկսել է գործը և ավարտելու է դա: Նա հորդորեց մեզ գալ և աջակցել նրա: Ես նրա հետ վազելու եմ տաս մղոն»,-ասում է նրա որդին:

Երբ Էնին հիմնադրում էր իր ակումբ, շատերը կասկածամտորեն էին մոտենում այն գաղափարին, թե վազքը կարող է լուծում տալ այդ բարդ սոցիալական խնդրին: Սակայն Էնին համոզված էր, որ ամենակարևորը ինքնագնահատման զգացումի ձևավորումն է:

«Դուք տեսնում եք նրանց դեմքի ժպիտը, որ իրենք հպարտ են իրենցով, դա հրաշալի է: Նրանք իրենց զգում են թիմի անդամ և պատրաստ են միմյանց օգնել: Սա է կյանքի իմաստը»,- համոզված է Էնին:

2007թ. հիմնադրվելուց հետո «Նորից ոտքի» կազմակերպությունը շարունակ ընդլայնվում է: Այժմ այն ունի հարյուրավոր անդամներ և իր գրասենյակները Բալթիմորում և մայրաքաղաք Վաշինգտոնում:

«Վազքը կյանքի փոխաբերություն է. միշտ գոյություն ունի ևս մեկ մղոն: Պարզապես այն պետք է անցնել քայլ առ քայլ»,- բացատրեց Էնին:

XS
SM
MD
LG